13/12/2025

Փաստորեն՝ Ալիևը կարողանում է մերժել նաև Թրամփին

Դոհայի խորհրդաժողովի «կողասրահներում» Ադրբեջանի «բարձրաստիճան պաշտոնյան» իսրայելական Times of Israel պարբերականին ասել է, որ Գազայում «Միջազգային կայունացնող ուժերին» ադրբեջանական մասնակցությանը հարցը «դեռևս որոշված չէ, և այդ մասին բոլոր ենթադրությունները վաղաժամ են»:

Ինչպես հայտնի է, Գազայում Ադրբեջանի «խաղաղապահ առաքելության» մասին հայտարարություն արվել է Վաշինգտոնից: Ամերիկյան կողմը նշել է, որ նման «պատրաստակամություն հայտնել են նաև Ինդոնեզիան և Պակիստանը»:

Դոհայի խորհրդաժողովին մասնակցել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը, և նա էլ, ամենայն հավանականությամբ, իսրայելական լրատվամիջոցի աղբյուրն է: Բանն այն է, սակայն, որ Գազայում «Միջազգային կայունացնող ուժերին» Ադրբեջանի մասնակցությունը նպատակահարմար է տեսել նաև Իսրայելը՝ ի հակակշիռ Թուրքիայի ներկայության:

Ադրբեջանցի պաշտոնյան ասել է, որ այդ հարցում Ադրբեջանի դիրքորոշումը «գրեթե նույնական է, ինչ ունեն արաբական երկրները»: Բաքուն ակնհայտորեն ասում է, որ լինելով Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ, չի կարող մասնակցել ՀԱՄԱՍ-ի ուժով զինաթափմանը, ինչպես նախատեսված է «Միջազգային կայունացնող ուժերի» ստեղծման համաձայնությամբ:

Ավելի վաղ Ադրբեջանը Գազայում ռազմական ներկայության համար նախապայման է առաջարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը: Այն ընդունված է, բայց Բաքուն, ինչպես պարզվում է, Գազայում ՀԱՄԱՍ-ի դեմ ուժային գործողություններին մասնակցության պատրաստ չէ:

Իսլամական համերաշխության գործոնն, իհարկե, կարևոր է, բայց Ադրբեջանը, հավանաբար, այլ շարժառիթներ ևս ունի, որպեսզի ձեռնպահ մնա Գազայում «պատժիչ գործողություններին» մասնակցելուց: «Միջազգային կայունացնող ուժերի» ձևավորման շուրջ իրավիճակը լիովին համապատասխանում է Իսրայելի շահերին:

Ըստ համաձայնության, իսրայելական զինված ուժերը Գազայից կարող են դուրս բերվել «խաղաղապահների» տեղաբաշխումից հետո: Եվ եթե դա տեղի չի ունենում, ապա Իսրայելը շարունակում է վերահսկել Գազայի գրեթե ամբողջ տարածքը:

Գազայում կարգավորման քաղաքական փուլը կարող է սկսվել «խաղաղապահների» տեղաբաշխումից և ՀԱՄԱՍ-ի զինաթափումից հետո, երբ կստեղծվի կառավարման «Խաղաղության խորհուրդ» կոչվող մարմինը, որ պետք է գործի Դոնալդ Թրամփի նախագահությամբ:

Ըստ երևույթին, Ալիևը թեկուզ կողմնակի, բայց լուրջ աջակցություն է ցուցաբերում Իսրայելի վարչապետ Նաթանյահուին, որ ոչ մի կերպ մտադիր չէ պաղեստինյան կարգավորման ուղղությամբ քաղաքական քայլ կատարել:

Արդյունքում ստացվում է, որ Ադրբեջանը հակադրվում է Թուրքիային, որ շահագրգռված է Պաղեստինի անկախ պետություն ստեղծելու և նրա միջոցով տարածաշրջանում իր ներկայությունն ամրապնդելու հեռանկարով:

Փորձագիտական կայուն տեսակետ կա, որ Գազայի շուրջ կարգավորման ծրագիրը «Պաղեստին պետություն ստեղծելու վերջին հնարավորությունն է»: Այս իմաստով, թերևս, Ալիևի «մերժման» գլխավոր շահառուն Իսրայելն է: