18/04/2026

EU – Armenia

2025-ը զբոսաշրջության համար եղել է կայունացման, առաջընթացի, մի շարք ամիսներին՝ պատմական արդյունքներով տարի

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 15-ին մասնակցել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի տարեկան ամփոփիչ միջոցառմանը, որտեղ ներկայացվել են Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման միտումները, հիմնական ցուցանիշները և օրենսդրական բարեփոխումները։

«Ընթացիկ տարին զբոսաշրջության համար եղել է կարգավորումների, կայունացման և առաջընթացի տարի և նշանավորվել է զբոսաշրջային այցելությունների բարձր ցուցանիշներով, իսկ մի շարք ամիսների ընթացքում՝ նույնիսկ պատմական արդյունքներով»,-նշել է Գևորգ Պապոյանը։

Նախարարն ընդգծել է, որ ոլորտում գրանցված հաջողությունները Կառավարության կողմից իրականացվող նպատակային քաղաքականության արդյունք են՝ ուղղված շուկաների դիվերսիֆիկացմանը և Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը։

Միջոցառման ընթացքում Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը ներկայացրել է Կոմիտեի ընթացիկ տարվա ձեռքբերումները, կազմակերպված խոշոր համաժողովներն ու փառատոնները, միջազգային հարթակներում գրանցված հաջողությունները։

2025 թվականը զբոսաշրջության ոլորտի համար միանշանակ ձեռքբերումների տարի է, քանի որ արվել է այն ամենը, ինչ նախապես եղել է պլանավորված։ Զբոսաշրջության կոմիտեն հընթացս իր առջև դրել է նոր խնդիրներ՝ դրանք նույնպես հաջողությամբ լուծելով։ Այս կարծիքը հայտնեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը՝ ներկայացնելով 2025 թվականի ընթացքում իրականացված և գալիք տարում նախատեսվող աշխատանքները։

«Կարևորագույն հանգամանքը զբոսաշրջության ռազմավարության ներկայացումն էր ՀՀ կառավարություն, որը, հուսով ենք, կհաստատվի գործադիր մարմնի առաջիկա նիստում։ Դա լինելու է գալիք հինգ տարիների ուղենիշային փաստաթուղթը։ Ունեցել ենք վեց ենթաօրենսդրական ակտեր, որոնք ընդունվել են կառավարության կողմից։ Տարվա ընթացքում եղան նաև հաճելի անակնկալներ։ Շահեցինք երեք մրցանակ։ Բեռլինում՝ որպես արկածային լավագույն ուղղություն 2025, Wonderlast ամսագիրը մեզ ճանաչեց 10 լավագույն զբոսաշրջային ուղղություններից մեկը, իսկ World Travel Aword-ը, որն ամենահեղինակավոր զբոսաշրջային մրցանակաբաշխությունն է, մեզ ճանաչեց լավագույն պատմամշակութային ժառանգություն ունեցող երկիր»,- տեղեկացրեց Գևորգյանը։

Նա հավելեց, որ նշված ձեռքբերումները տակավին նորություն են և Զբոսաշրջության կոմիտեն նախկինում նման արդյունքների չէր հասել։

«Այս տարի համաշխարհային բանկի հետ ստորագրվեց նոր վարկային պայմանագիր, որի համաձայն՝ գալիք հինգ տարիների ընթացքում յոթ զբոսաշրջային կլաստերներում կներդրվի 120 միլիոն եվրո։ 100 միլիոնը վարկային միջոցներ են համաշխարհային բանկի հետ, իսկ 20 միլիոնը կներդնի մեր կառավարությունը։ Դա լուրջ ձեռքբերում է զբոսաշրջության ենթակառուցվածքների լավարկման համար, քանի որ այդ միջոցներով կբարեկարգվեն ճանապարհներ, թանգարաններ, կկառուցենք քայլուղիներ, կզարգացնենք նաև համայնքային ենթակառուցվածքները։ Այդ գումարներով հնարավոր է նաև խոշոր ներդրողների համար կառուցել հարմարավետ ենթակառուցվածքներ, որպեսզի նրանք նույնպես ներդրումներ կատարեն»,- նշեց Զբոսաշրջության կոմիտեի նախագահը։

Գևորգյանի տեղեկացմամբ՝ զբոսաշրջային այցելություններն այս տարվա յոթ ամիսների (մայիս-նոյեմբեր) համար աննախադեպ էին։ Ըստ նրա՝ գրանցվել է պատմական ռեկորդ, և նման բան չի եղել անկախությունից ի վեր։

«Նախորդ տարի ունեցել ենք 2,2 միլիոն զբոսաշրջիկ, իսկ ընթացիկ տարվա նոյեմբերի վերջի դրությամբ արդեն իսկ ունենք 2 միլիոն 100 հազար զբոսաշրջիկ։ Սպասում ենք տարեվերջին, և վստահաբար կարող ենք ասել, որ գումարելով նաև դեկտեմբեր ամսվա ցուցանիշները՝ կգերազանցենք նախորդ տարվա ցուցանիշը։ Զբոսաշրջիկ են համարվում նրանք, ովքեր առնվազն մեկ գիշերակաց ապահովում են մեր երկրում, իսկ ընդհանուր այցելուների թվաքանակը հասել է 5 միլիոնի»,- նշեց Գևորգյանը։

Նա վստահեցրեց, որ զբոսաշրջության ռազմավարությունը քայլ առ քայլ կատարվող և ներդրումներ պահանջող փաստաթուղթ է, որի իրականացման գործում կոմիտեն լինելու է հետևողական՝ անելով քայլեր մարքետինգի, Հայաստանի ճանաչելիության բարձրացման, ինչպես նաև ենթակառուցվածքների հետագա զարգացման ուղղությամբ։ Իրականացվելու են օրենսդրական բարեփոխումներ, որոնք կլինեն շարունակական՝ բխելով «Զբոսաշրջության մասին» օրենքի դրույթներից։

«Ցանկանում ենք ներգրավել նաև համաշխարհային աստղերին, որովհետև իրադարձային տուրիզմը լավագույն տարբերակն է շատ զբոսաշրջիկներ ներգրավելու, ուստի այդ ուղղությամբ սերտորեն կհամագործակցենք ԿԳՄՍ նախարարության հետ։ Մեր ուշադրության կենտրոնում կլինի նաև բիզնես-զբոսաշրջությունը, երբ մարդիկ գալիս են՝ մասնակցելու համաժողովների, մարզական միջոցառումների։ Այս տարի մեկնարկեց նաև առողջապահական զբոսաշրջությունը։ Ունեցանք անդրանիկ համաժողովը։ Հաջորդ տարի այն կդառնա միջազգային, և Հայաստանը կդիրքավորենք որպես մատչելի ու որակյալ բժշկական ծառայություններ մատուցող երկիր»,- վստահեցրեց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով ներգնա տուրիզմի աշխուժացմանը՝ Գևորգյանն ընդգծեց, որ ընթացիկ տարում 10 մարզերում կազմակերպվել են դասընթացներ, որպեսզի հյուրատների և հյուրանոցների ծառայությունների որակը լավանա, որպեսզի մարզային ծառայությունները դառնան ավելի հասանելի ու մատչելի։

«Ներքին զբոսաշրջությունը խթանելու համար նախևառաջ անցկացվում են փառատոններ։ 12 փառատոններից միայն մեկն է անցկացվել Երևանում։ Կան տարբեր զբոսաշրջային ծրագրեր, որոնք իրականացվում են համայնքների հետ»,- եզրափակեց Զբոսաշրջության կոմիտեի նախագահը։

«Ազգային ժողովի հետ զուգահեռաբար աշխատում ենք վարկային ծրագրի վրա, որը թույլ է տալու 120,5 միլիոն եվրո ծախսել՝ ոլորտում փոփոխություններ ու ենթակառուցվածքային ներդրումներ կատարելու համար։ Պետությունը դրանով իսկ հավակնում է ոլորտում թիվ մեկ ներդրողը լինել։ Շատ մեծ շեշտադրում ենք կատարել նաև առկա շուկաներում ամրապնդվելու և նոր շուկաներ ձեռք բերելու վրա, բայց դա միայնակ անել չենք կարող։ Պետությունը կարող է մասնակցել ցուցահանդեսների, բայց դրանց պետք է հաճախեն շահագրգիռ բոլոր կողմերը՝ ներկայացնելով Հայաստանը, վաճառելով տուր-փաթեթները, ընդունելով մարդկանց, սպասարկելով այնպես, որ նրանք պատմեն Հայաստանի մասին և նորից հետ վերադառնան մեր երկիր։ Սա մի ճանապարհ է, որ պետությունն ու բիզնեսը պետք է միասին անցնեն»,- ասաց էկոնոմիկայի նախարարը։

Պապոյանի կարծիքով՝ զբոսաշրջության ռազմավարությունը թույլ կտա ավելի մեծ միջոցներ հատկացնել արտաքին շուկաներում ոչ միայն ներդրումներ կատարելու, այլև այդ շուկաներում Հայաստանի գրավչությունը շարունակաբար մեծացնելու առումով։

«2025 թվականի ընթացքում էկոնոմիկայի նախարարությունը զբոսաշրջության ոլորտին վերաբերող մոտ մեկ տասնյակ ենթաօրենսդրական ակտեր է ընդունել, որոնք միտված են ոլորտը կարգավորելուն։ Մի քանիսն էլ կան, որ կընդունվեն մինչև գալիք տարվա փետրվար-մարտ ամիսները։ Այդ ժամանակ ամբողջ փաթեթը կարող ենք ավարտված համարել և զբոսաշրջության ոլորտում կգործենք կանոնակարգված ու բազմաթիվ հարցերի շուրջ կոնսենսուսային որոշումներ ընդունած։ Զբոսաշրջության կոմիտեն նույնպես եղել է բաց, միշտ պատրաստ՝ զրուցելու բիզնեսի, կառավարության և Ազգային ժողովի գործընկերների հետ»,- նշեց նախարարը։

Նա տեղեկացրեց, որ վերջին տարվա ընթացքում բավականին մեծ ուշադրություն է դարձվել նաև բժշկական զբոսաշրջությանը, քանզի ոլորտում կատարվել է մեծածավալ աշխատանք։ Փորձ է արվում այդտեղ ներդնել թվայնացման գործիքակազմ՝ սերտորեն համագործակցելով առողջապահության նախարարության հետ։ Նախարարի պնդմամբ՝ այդ ուղղությամբ նույնպես կլինեն ենթաօրենսդրական լուծումներ։

Պապոյանը շեշտեց, որ օգոստոսի 8-ից հետո, երբ Վաշինգտոնում ստորագրվեցին հայտնի համաձայնագրերը, մեր տարածաշրջանում առկա է առանձնահատուկ իրավիճակ, որին պետք է հավուր պատշաճի արձագանքեն ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական հաստատություններն ու միջազգային կազմակերպությունները։

«Մեզ մոտ հաստատվել է խաղաղություն, միջազգային հանրությունը նույնպես ընդունում է այդ իրողությունը, իսկ դա նշանակում է, որ հաստատված խաղաղությանը համահունչ՝ ՀՀ-ն ստանում է նոր ազդակներ, և ապագայում տեսանելի կլինեն ավելի խոշոր ազդակներ։ Հայաստանն ունի զբոսաշրջային բավականին մեծ կարողություններ, ուստի պետք է յուրովի գնահատենք ու մեծ ուշադրություն դարձնենք զբոսաշրջային ակտիվների հանրահռչակմանը։ Մենք շարունակելու ենք աշխատել ոլորտի համար կանխատեսելի, աջակցող և գործընկերային միջավայր ստեղծելու ուղղությամբ՝ շահագրգիռ կողմերի հետ սերտ համագործակցությամբ»,- եզրափակեց էկոնոմիկայի նախարարը։

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, Հայաստանում ՄԱԿ֊ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը, օտարերկրյա դեսպաններ, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ։