Մինչ Իրանում շարունակվում են անցյալ դեկտեմբերի 28-ից սկսված հակակառավարական զանգվածային ցույցերը, որոնք ուղեկցվում են հարյուրավոր զոհերով, հազարավոր տուժածներով, ձերբակալությունների աննախադեպ ալիքով, ՀՀ-ում Իրանի նորանշանակ դեսպան արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին բավականին աղմկահարույց հայտարարություններ է արել, այդ թվում՝ կոշտ ձևակերպումներ ու մեղադրանքներ հնչեցնելով ՀՀ իշխանությունների հասցեին Երևանում այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Իրանցի դիվանագետի՝ գրեթե սպառնալից տոնով արտահայտությունները մի կողմից աննախադեպ են հայ-իրանական դիվանագիտական երկարամյա պատմության մեջ, մյուս կողմից՝ տարակուսելի են ու ինչ-որ իմաստով՝ անհեթեթ։ Լրագրողների հետ զրույցում Շիրղոլամին դիվանագիտական մի քանի «կրակոց» է արձակում հայկական կողմի ուղղությամբ՝ հայտարարելով, որ «Թեհրանում այնպիսի պատկերացում է ձևավորվում, թե Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության կենտրոնը»։ «Մի խումբ մարդիկ հնարավորություն ունեն, և նրանց կանաչ լույս է վառվում, որպեսզի գան Հայաստանում Իրանի դեսպանատան շենքի մոտ և հանդես գան անհարգալից ու վիրավորական հայտարարություններով։ Արդեն վեց օր շարունակ՝ ժամը 18:00-ից մինչև 21:00-ն, Իրանի դեսպանատան շենքի առջև հանդես են գալիս անհարգալից ու վիրավորական հայտարարություններով և հակառակ նրան, որ մենք հայտնում ենք մեր բողոքը, այդ գործընթացը շարունակվում է։ Մենք բազմաթիվ անգամներ փոխանցել ենք մեր բողոքը Հայաստանի համապատասխան մարմիններին։ Մենք ամենածանր պահերին կանգնած ենք եղել Հայաստանի կառավարության կողքին, օրինակները շատ են։ Մենք այսօր գտնվում ենք ծանր իրավիճակում և այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում Իրանի դեսպանատան շենքի մոտ, կմնա իրանցի ժողովրդի պատմական հիշողության մեջ։ Կարծում եմ՝ ես ամեն ինչ հստակ ասացի»,- նշել է դեսպանը։
Փաստորեն, պաշտոնական Թեհրանը ՀՀ-ում իր դիվանագիտական ներկայացուցչի շուրթերով լուրջ առարկություններ ու պահանջներ ունի Հայաստանից։ «Կանաչ լույս» վառելու և դեսպանատան դեմ անցկացվող հավաքները չթույլատրելու ակնարկը տարակուսելի է, եթե չասենք՝ անհիմն, հաշվի առնելով, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է, որտեղ մարդկանց ազատ կամարտահայտության ու հավաքների ազատության իրավունքները, ճիշտ է ոչ լիակատար կերպո , այդուհանդերձ և բարեբախտաբար, գործում են։ Եվ որևէ այլ երկիր, այդ թվում՝ բարեկամ Իրանը ոչ մի բարոյական իրավունք չունի պահանջել, որ իշխանությունները բռնանան այդ իրավունքներն իրացնողների վրա, եթե ակցիաները խաղաղ բնույթ ունեն և ոչ մի արտառոց միջադեպ ու անվտանգային ռիկս առկա չէ։ Մնում էր՝ Հայաստանի գործող ռեժիմին անվերապահորեն ծառայող իրավապահ համակարգը սեփական ժողովրդից բացի հիմա էլ օտարերկրացիների դեմ բռնաճնշումներ իրականացրեր՝ վերջնականապես դառնալով հանրային պարսավանքի ու միջազգային իրավապաշտպանների դատապարտման առարկա։ Դեսպան Շիրղոլամիի այս ակնարկը ուղիղ իմաստով սադրանք է և ամենևին չի տեղավորվում մեր երկու ժողովուրդների բազմամյա բարեկամության ոգու ու տրամաբանության մեջ։ Դեսպանը պնդել է նաև․ «շատերը սպասում են, որ Իրանում անկայունություն կլինի և կակտիվանան անջատողական ուժերը՝ նպատակ ունենալով մասնատել երկիրը։ Հենց դա էլ ի սկզբանե ծրագրված է եղել Իսրայելի կողմից։ Նրանց դա չի հաջողվի, բայց եթե նրանք կարողանան հաջողության հասնել այդ գործում, ապա Հայաստանը կհայտնվի պարտվողների թվում։ Կարծում եմ՝ այս միտքը լրացուցիչ պարզաբանումների կարիք չունի»։ Իսկ այդ միտքն իրականում մեծ պարզաբանման կարիք ունի, այն էլ՝ Իրանի առավել բարձր ռանգի պաշտոնյանի մակարդակով։ Պետք է Թեհրանը կոնկրետ պատասխան տա Հայաստանին «թշնամական ուժերի կենտրոն» և հավանական «պարտվողների մեջ» համարող դեսպանի ամբարտավան ու սադրիչ հայտարարությունների համար։ Նույն ասուլիսում իրանցի դիվանագետը նաև հայտարարել է, թե Իրանում մտահոգություններ ունեն «Թրամփի ուղու» հետ կապված՝ նշելով, թե Վաշինգտոնը դա կարող է օգտագործել այլ նպատակներով։
Անկեղծ ասած, Թեհրանի մտավախությունն այս հարցում կարելի է հասկանալ, հաշվի առնելով ԱՄՆ-ի հետ վերջին օրերին գերլարված հարաբերությունները, Թրամփի՝ Իրանին հարվածելու սպառնալիքները և այլն, բայց որ TRIPP-ը կարող է ամերիկյան հարվածների «զորադաշտ» հանդիսանալ՝ դավադրությունների տեսության ժանրից է, իսկ Իրանի պես իմաստուն ու հեռատես ժողովուրդը դժվար տուրք տա դրան։
Տեսականորեն, ինչ խոսք, ոչինչ պետք չէ բացառել արագ փոփոխվող աշխարհում, բայց ակնհայտ է, որ ՀՀ-ում Իրանի դեսպանի հնչեցրած ձևակերպումներն ավելի շուտ խուճապային ու դյուրագրգիռ վարքագծի հետևանք են, քանի մի ամբողջ ժողովրդի ու Թեհրանի պաշտոնական կարծիք։ Հակառակ դեպքում, լուրջ հարցեր են առաջանում և անվտանգային նոր մարտահրավերներ ի հայտ գալիս։ Աստված մի արասցե․․․

Բաց մի թողեք
Ռուսաստանը հարձակվելու է ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա
Ռուսաստանը թունավորել է Նավալնիին՝ հինգ եվրոպական երկրների գիտական եզրակացությունները
Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ