11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Նոր ընտրափուլը Թուրքիայում անցնելու է ազգայնականության շատ բարձր «նոտայի վրա»

«Թուրքիան՝ առանց ահաբեկչության» ծրագրի դեմ կարող են սադրանքներ լինել ինչպես Թուրքիայում, այնպես էլ՝ Սիրիայում: Բայց մենք հետևողական կլինենք, քանի դեռ Անատոլիայում խաղաղությունը չի վերահաստատվի, Օջալանը հույսի հնարավորություն չի ստանա, Ահմետը չի վերադառնա պաշտոնին, իսկ Դեմիրթաշը՝ տուն:

Ինչպես փոխանցել է իշխանամետ Turkiye պարբերականի կայքը, այդ մասին փետրվարի 3-ին խորհրդարանական խմբակցության հետ հանդիպմանը հայտարարել է «Ազգայնական կուսակցության» առաջնորդ Դևլեթ Բահչելին:

Խոսքը քուրդ երեք գործիչների մասին է: Օջալանը «Քրդական բանվորական կուսակցության» առաջնորդն է, դատապարտված է ցմահ ազատազրկումն և պատիժը կրում է Իմրալի կղզու ուժեղացված ռեժիմի բանտում:

Երկրորդը Մերդինի նախկին քաղաքապետ Ահմետ Թուրքն է, որ «ահաբեկչական խմբավորումներին աջակցելու» պատճառով պաշտոնանկ է արվել: Երրորդը «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» ղեկավար Սալահաթին Դեմիրթաշն է, որ դատապարտված է ազատազրկման:

Իր առաջարկությունը Բահչելին հիմնավորել է նրանով, որ «Քրդական բանվորական կուսակցության» առաջնորդ Օջալանը կատարել է անցյալ տարվա մարտ ամսին տված խոստումը:

Նա կոչ է արել, որպեսզի ՔԲԿ զինված կազմավորումները զենքը վայր դնեն և կազմացրվեն: Մոտ երկու ամիս առաջ Օջալանը դիմել է նաև Սիրիայի քրդերին և հորդորել, որ նրանք դադաեցնեն զինված պայքարը, ճանաչեն Դամասկոսի նոր իշխանություններին:

Երկու օր առաջ Սիրիայի անցումային կառավարության ղեկավար Ահմադ ալ-Շարաան և «Սիրիայի դեմոկրատական ուժերի» ղեկավար Մազլում Աբդին համաձայնագիր են ստորագրել, որով կողմերի միջեւ հաստատվել է հրադադար:

Քրդերն ընդունել են Դամասկոսի գերիշխանությունը: Ըստ համաձայնագրի, քրդական զինված կազմավորումները պետք է միավորվեն մեկ զորախմբում, որի հրամանատարությունը «կգործի Հալեպի նահանգապետի հսկողության ներքո»:

Առայժմ դժվար է ասել, թե Սիրիայում քրդական հարցը լուծում է ստացել, բայց ավելի էական է, որ Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» պահանջում է «քրդերի քաղաքական ինքնության ճանաչում»:

Օջալանին «հույսի հնարավորություն տալու», իսկ Դեմիրթաշին «տուն վերադարձնելու» մասին թուրք ազգայնական կուսակցապետի հայտարարությունը, երևի, պետք է գնահատվի իշխանության և ԺԴԿ-ի տարաձայնությունները խաղաղ ճանապարհով հօգուտ Թուրքիայի ամբողջականության պահպանման կարգավորելու մտադրվածությամբ:

Երկու տարի հետո Թուրքիայում պետք է տեղի ունենան նախագահի և խորհրդարանի ընտրություններ: Ամենահամեստ հաշվարկներով՝ քուրդ ընտրողները մոտ տասը միլիոն են: Իշխանությունը պահելու կամ իրավահաջորդին փոխանցելու հարցում Ռեեջփ Թայիփ Էրդողանը քրդերի քվեների սուր կարիք ունի:

Բահչելին սուր քննադատության է ենթարկել ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Օզելին և նրան մեղադրել «Սիրիայի ամբողջականության համար չմտահոգվելու» մեջ:

Պետք է հասկանալ, որ խոսքն առաջին հերթին Թուրքիայի ամբողջականության մասին է: Ամենայն հավանականությամբ, նոր ընտրափուլը Թուրքիայում անցնելու է ազգայնականության շատ բարձր «նոտայի վրա»: