Վլադիմիր Պուտինը տեսակոնֆերանս է անցկացրել ՉԺՀ առաջնորդ Սի Ծինփինի հետ: ՏԱՍՍ-ը ներկայացրել է երկու առաջնորդների ներածական խոսքը: Ռուսաստանի նախագահը ձևակերպել է, որ «աշխարհում խորացող տորբուլենտության պայմաններում Մոսկվայի և Պեկինի արտաքին քաղաքական փոխկապակցվածությունը մնում է կայունացնող կարևոր գործոն»:
Պուտինը գլոբալ և տարածաշրջանային «սյուժեներում ինչպես երկկող, այնպես էլ բոլոր բազմակողմ հարթակներում՝ ՄԱԿ, ԲՐԻԿՍ, Շանհայի համագործակցության կազմակերպություն ամենասերտ կոորդինացիան շարունակելու» պատրաստակամություն է հայտնել:
Պատասխան խոսքում Սի Ծինփինը միջազգային քաղաքականությանը չի անդրադարձել: Չինաստանի առաջնորդն ընդգծել է, որ պատրաստ է «ավելի ակտիվ ընդարձակել բաց քաղաքականությունը և աշխարհի երկրների հետ, ներառյալ Ռուսաստանը, կիսվել զարգացման նոր հնարավորություններով»:
Նա կարևորել է պատմական պահի հնարավորության օգտագործումը՝ ի շահ «ռազմավարական փոխգործակցության խորացման», որպեսզի Ռուսաստանը և Չինաստանը «միասնաբար կրեն խոշոր տերության պատասխանատվությունը՝ հանուն ռուս-չինական հարաբերությունների ճիշտ ուղեգծով զարգացման»:
Այս համատեքստում «Նեզավիսիմայա գազետան», հղելով Չինաստանի պետական հեռուստատեսությանը, փոխանցել է Սի Ծինփինի կողմից Վլադիմիր Պուտինին արված սկզբունքային առաջարկությունը. «Ռուսաստանը և Չինաստանը պետք է վճռականորեն պաշտպանեն ՄԱԿ-ի հետ հիմնարար համակարգը և միջազգային իրավունքը»:
Չինաստանի առաջնորդն ընդգծել է, որ տարեսկզբից միջազգային դրությունը «ավելի անկայուն է դառնում» և ընդգծել, որ Պեկինը և Մոսկվան «հանուն ռազմավարական գլոբալ կայունության պետք է աշխատեն միասին»:
Ակնհայտ է, որ Պուտին-Սի Ծինփին տեսակոնֆերանսի օրը ոչ պատահաբար է ընտրվել: Նույն օրը Աբու-Դաբիում մեկնարկել է ռուս-ամերիկա-ուկրաինական «խորհրդատվությունների» երկրորդ փուլը:
Ռուսաստանի նախագահն Ուկրաինային, բայց հատկապես՝ Միացյալ Նահանգներին ակնհայտ ազդակ է հղել, որ «նոր աշխարհակարգի ճարտարապետության» հարցում վայելում է Չինաստանի «լիակատար աջակցությունը»: Առերևույթ դա նրան հաջողվել է:
Բայց Սի Ծինփինը Վլադիմիր Պուտինին ՄԱԿ-ի «հետ հիմնարար համակարգը և միջազգային իրավունքը միասին պաշտպանելու» առաջարկություն է արել: Նրա գնահատմամբ, «ռազմավարական գլոբալ կայունություն ապահովելու» իրավա-քաղաքական հիմքը դա է:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ռուս-ուկրաինական զինված հակամարտությունը Եվրապայում նախադեպ չունի: Ընդ որում, Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը բացահայտ անտեսում է ոչ միայն երկկողմ պայմանագրերը և Եվրոպայում անվտանգության և համագործակցության Հելսինկյան եզրափակիչ ակտը, այլև՝ ՄԱԿ-ի Կանոնադրությունը:
Չինաստանը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման միջնորդ չէ, բայց արեւմտյան փորձագիտական , ամենայն հավանականությամբ՝ նաև քաղաքական որոշակի շրջանակներում համարվում է «կողմ», քանի որ Ռուսաստանին ուղղակի կամ անուղղակի ռազմա-տեխնոլոգիական աջակցություն է ցուցաբերում:
Մոսկվան, որքանով հասկացվում է միջազգային հարթակներում ռուս-չինական «տանդեմի» մասին Պուտինի դիտարկումից, ունի նաև իրավա-քաղաքական աջակցության կարիք: Սի Ծինփինը, կարծես, այդ հարցում սահմանել է «առավելագույն նշաձող»՝ վերականգնել ՄԱԿ-ի հետ «հիմնարար համակարգը»:
Կարելի է ենթադրել, որ Ուկրաինայի հարցում «ճշմարտության պահը հասունանում է», որևէ համաձայնություն, որպեսզի միջազգային լեգիտիմություն ունենա, պետք է հաստատվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կամ Գլխավոր ասամբլեայի կողմից:
Անցյալ շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Գուտերեշը մերժել է Ղրիմի և Դոնբասի բնակչության ինքնորոշման իրավունքը: Ուկրաինայի դեմ պատերազմի այլ «հիմնավորում», քան Ղրիմի, Դոնբասի և «Նովոռուսիայի» ռուս բնակչությունը Կիևի «նացիստական ռեժիմից փրկելն է», Ռուսաստանը չունի:
Սի Ծինփինը հազիվ թե իր վրա վերցնի Ուկրաինայի դեմ Պուտինի ագրեսիան ազգերի ինքնորոշման իրավունքով հիմնավորելու պատասխանատվությունը: Նա կաշկանդված է Թայվանի և ույղուրական անջատողականության խնդիրներով:

Բաց մի թողեք
Ասիան Եվրոպային կապող TRIPP նախագծն ու Թուրքիան
Ալիևը «ինքնամատուցվում» է որպես Մոսկվայից «կախվածությունը լիովին թոթափած գործընկեր»
Լավրովը ոգևորված է ընդդեմ ԵՄ-ի Թրամփի պահվածքից, ընդդեմ ՌԴ-ի՝ ոչ