Հերթական սոցիալական սկանդալն է հասունանում Դարբնիկ գյուղում եւ պայթելու է կառավարության շենքի մոտ: Մասիս խոշորացված համայնքի Դարբնիկ բնակավայրում ապրող մոտ 45 փախստական, որոնք Ադրբեջանից ներգաղթել են 80-ականների վերջերին, պատրաստվում են մոտակա հինգշաբթի գնալ կառավարության շենքի մոտ՝ հույսով, որ գոնե այնտեղ իրենց ձայնը լսելի կդառնա նիկոլական իշխանության համար:
Հրապարակ թերթը գրել է․ 38 տարին բավարար չէր Հայաստանի Հանրապետության բոլոր իշխանությունների համար, որ լուծեին առաջին արցախյան պատերազմի փախստականների հարցը: Ինչպես 38 տարի առաջ, նրանք այսօր էլ չունեն իրենց բնակարանը: Ծվարել են Անդրանիկի 4-րդ փողոցում` «Քոլեջ» կոչվող շենքում, որը ՆԳՆ Միգրացիոն ծառայության բալանսում է, ասել է թե` պետական գույք է: Ով ինչպես կարողացել է, նորոգել է բնակարանը, կահավորել, սպասել է այն երջանիկ ժամանակներին, երբ իրեն թույլ կտան սեփականաշնորհել կացարանը: Դրա փոխարեն նախկին փախստականների զավակներին այցելել են «Օթեւան» կոչվող ինչ-որ ՊՈԱԿ-ից եւ ստիպում են անհասկանալի պայմանագիր կնքել: Այս մասին «Հրապարակին» հայտնեցին «Քոլեջի» բնակիչները:
Պատմում է Աննա Եղիազարյանը, որի ծնողները փախստականներ են` Ադրբեջանից ներգաղթած. «2011 թվականից մեզ տվել են այդ բնակարանները, մենք ապրում ենք: Փետրվարի 4-ին եկել են այդ կազմակերպությունից ու մեզ ասում են, որ շենքը հանձնված է իրենց: Մեզ ինչ-որ պայմանագրեր են դեմ տալիս, ստիպում են, որ կնքենք՝ 1 տարի ժամկետով: Այդ պայմանագրում ոչինչ ի օգուտ բնակչի չկա գրված: Բոլոր բնակիչները խուճապահար են, անհանգստացած, որովհետեւ չգիտեն, թե մեկ տարի հետո ինչ կլինի իրենց հետ: Մենք՝ բոլորս, այդ բնակարանների համար ներդրում ունենք արած, վերանորոգել ենք, կահավորել ենք: Իսկ այդ պայմանագրերում գրված է, որ մենք իրավունք ունենք ապրելու, բայց բանալիները պետք է տանք իրենց, որ եթե խնդիրներ լինեն, կռիվ կամ մի բան, իրենք գան ու որոշեն, թե ով է մեղավոր, ու եթե լինեն խնդիրներ, իրենք մեզ կարող են հանել տներից: Ասում են՝ եթե անգամ չստորագրեք, օրենքի ուժով գալու ենք, ձեզ դուրս հանենք»:
2011 թվականին տրված փաստաթղթերում շեշտված է, որ փախստականներին բնակարանները հատկացվում են առանց սեփականության իրավունքի: Այժմ մարդիկ վախենում են, որ կմնան առանց կացարանի: Նրանք փորձում են զանգահարել «Օթեւան» ՊՈԱԿ տնօրենին, բայց նշված հեռախոսահամարները չեն պատասխանում: Փորձում են տնօրենին համացանցում գտնել, բայց այնտեղ, որպես «Օթեւանի» տնօրենի ԺՊ, նշված է ոմն Էդգար Փարվանյան, մինչդեռ իրենց պայմանագրերում այլ ԺՊ-ի անուն է՝ Ա. Հովհաննիսյան: «Մեզ բացարձակ արհամարհում են, եթե այսպես շարունակվի, մենք մյուս շաբաթ գալու ենք Փաշինյանի մոտ»,- ասում է նախկին փախստականների դուստր Աննա Եղիազարյանը:
«Կացարանի տրամադրման եւ սոցիալական ծառայությունների տրամադրման մասին» բնակիչներին առաջարկվող պայմանագրում նշված է. «Բնակիչը պարտավորվում է վերադարձնել կացարանը պայմանագրի գործողության ավարտին նույն վիճակում, հաշվի առնելով բնականոն մաշվածությունը»: Սա նշանակում է, որ մեկ տարուց, իսկ պայմանագրի ժամկետը մինչեւ 2027 թվականի փետրվարի 1-ն է, «Օթեւան» կազմակերպությունը կարող է պահանջել, որ մարդիկ դուրս գան տներից, եւ նրանք պարտավոր են կատարել պահանջը: Բնակչի պարտավորությունների թվում նշվում է կացարանի բանալին ՊՈԱԿ-ի տնօրինությանը հանձնելը: Այս նվաստացուցիչ պայմաններին բնակիչները, բնականաբար, չեն համաձայնում:
Աննա Եղիազարյանը հարեւանների հետ եղել է Դարբնիկի վարչական ղեկավար Դավիթ Գզիրյանի մոտ, սակայն վերջինս ասել է, որ ոչնչով չի կարող օգնել համագյուղացիներին, որ ինքն այդ շենքի հետ կապ չունի: «Հրապարակի» հետ զրույցում Դավիթ Գզիրյանն ասաց. «Այո, ես կապ չունեմ այդ խնդրի հետ: Գիտեմ, որ գալիս են, պայմանագրեր են կնքում, ես չգիտեմ՝ ինչ կարող եմ անել նրանց համար»:
Բացի արցախյան առաջին պատերազմի ժամանակների փախստականներից, այստեղ ապրում են նաեւ Սիրիայից, Իրաքից, այլ երկրներից ներգաղթածներ, ՆԳՆ լրատվության պատասխանատուները խոստացան պարզաբանել խնդիրը: Իսկ մինչ սպասում ենք նրանց պատասխանին, հիշեցնենք, որ 2025 թվականի սեպտեմբերին կառավարությունը որոշում ընդունեց, որով պետք է բարելավեր «կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց» սոցիալական ծառայությունների մատուցման որակը:
Այն ժամանակ հայտարարեցին, թե նախատեսվում է ՀՀ-ում ապաստան ստացած փախստականներին դուրս բերել ժամանակավոր տեղավորման կենտրոններից եւ ապահովել ժամանակավոր կացարաններով։ Ապա սոցապնախարարության «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ը լուծարվեց, եւ մարդկանց կացարաններով ապահովելու ծառայությունը դրվեց «Օթեւան» ՊՈԱԿ-ի վրա: Փաստորեն, այսպես է բարելավվում դժվարին իրավիճակներում հայտնվածների կյանքը, նրանցից խլում են իրենց օջախների բանալիները եւ զգուշացնում, որ մեկ տարի անց պատրաստ լինեն դուրս գալ տներից:
***
Որոշ լրատվամիջոցներ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են հրապարակել այն մասին, թե իբր՝ ԱՍՀ նախարարության «Օթևան» ՊՈԱԿ-ի Մասիս խոշորացված համայնքի Դարբնիկ բնակավայրում գտնվող սոցիալական բնակֆոնդի բնակիչներին ստիպում են ազատել իրենց բնակարանները։
Այս մասին հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը՝ մանրամասնելով․
«Տեղեկացնում ենք, որ որևէ ընտանիքի բնակարանից դուրս գալու պահանջ չի ներկայացվել:
Տվյալ ընտանիքներին առաջարկված նոր պայմանագրերի կնքումը պայմանավորված է բացառապես իրավական փոփոխություններով․ «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի լուծարումից հետո ՀՀ-ում ապաստան ստացած փախստականների կացարանով ապահովման ծառայությունների կանոնակարգումը վերապահվել է «Օթևան» ՊՈԱԿ-ին, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել ծառայությունների հետագա մատուցումը կազմակերպել նախարարության որդեգրված քաղաքականության և ՀՀ օրենսդրության պահանջներին համաձայն։
Ստեղծված իրավիճակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն և մանրամասն պարզաբանում կտրվի նաև տվյալ ընտանիքների հետ նախատեսվող հանդիպման ընթացքում»։

Բաց մի թողեք
Մոր ձեռքում Սև Սիրտ չէր, Դանկոյի վառվող սիրտն էր․․․
Ինչո՞ւ են բնապահպանները վերածվել քաղաքական գործիչների, օժանդակում են, որ սրանք ընտրվեն և հանձնեն Տիգրանաշենը
Որտե՞ղ է 2018-ից առաջ ակտիվ քաղհասարակությունը, ովքե՞ր են զբաղեցնում նրանց ազատած «սուրբ տեղը»