ԱՄՆ փոխնախագահ Վենսը փետրվարի 10-ին Երևանից մեկնել է Բաքու: Նա արդեն հասցրել է առանձնազրույց ունենալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Բանակցությունները շարունակվել են պատվիրակությունների կազմով:
Ադրբեջանական լրատվամիջոցներն առայժմ միայն փոխանցել են, որ Վաշինգտոնի և Բաքվի միջև «ստորագրվել է ռազմավարական համագործակցության մասին Խարտիա»: Ի՞նչ բովանդակության փաստաթղթի մասին է խոսքը, մանրամասնություններ չկան:
Ամենայն հավանականությամբ, Վենսի Բաքու այցի ընթացքում կողմերը որևէ այլ գրավոր պայմանավորվածության չեն հանգի: Նախօրեին Իլհամ Ալիևը ընդունել է ԱՄՆ Առեւտրային պալատի պատվիրակությանը և, դատելով իշխանամերձ մամուլի հրապարակումներից, Ադրբեջանում անկնալում են, որ Միացյալ Նահանգների նավթային ընկերությունները Կասպից ծովի ադրբեջանական հատվածում էներգակիրների արդյունահանման և տարանցման նոր նախագծերում ներդրումներ կկատարեն:
Ադրբեջանում նավթի արդյունահանման ծավալները վերջին մի քանի տարիներին շարունակաբար կրճատվել են: «Ամերիկյան միլիարդները կհոսեն Ադրբեջան»,- Ալիևի և ԱՄՆ Առևտրային պալատի պատվիրակության հետ հանդիպման արդյունքների մասին կանխատեսում է արել իշխանամերձ minval politika-ն:
Ընդդիմադիր «Ազադլըգ» պարբերականի հեղինակ Գահրամանլին, մինչդեռ, կարծիք է հայտնել, որ Իլհամ Ալիևը «Միացյալ Նահանգների նկատմամբ լոյալություն է ցուցաբերում, որպեսզի քողարկի քաղաքական բռնաճնշումները և Պուտինի ճնշումներին հակադրի Թրամփի հովանավորությունը»:
Վենսի Բաքու այցի օրը Սաբայիլի շրջանային դատարանը քննության է առել Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության միջնորդությունը և նախագահի աշխատակազմի նախկին երկարամյա ղեկավար Մեհթիևի նկատմամբ կայացրել տնային կալանքը ևս երեք ամսով երկարաձգելու վճիռ:
Մեհթիևը մեղադրվում է Կրեմլի աջակցությամբ Ադրբեջանում «սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու և իշխանությունը յուրացնելու փորձի» մեջ:
Կարելի է ենթադրել, որ այդ ակտը Վաշինգտոնին ուղղված ազդակ է առ այն, որ Ադրբեջանը «լիովին ձերբազատված է Ռուսաստանի ազդեցությունից»: Բաքուն, դատելով տեղեկատվական ընդգծումներից, Միացյալ Նահանգներին «ինքնամատուցվում» է որպես Մոսկվայից «կախվածությունը լիովին թոթափած գործընկեր»:
Մերձիշխանական քարոզչությունը «մտահոգված» է, թե որքանո՞վ Վաշինգտոնին «կհաջողվի Հայաստանին կտրել Ռուսաստանից»: Տեղեկատվական հնարքից տպավորություն է, թե Իլհամ Ալիևն ինքն է մտահոգված Վլադիմիր Պուտինի հետ «պորտալար կտրելու» հեռանկարով:

Բաց մի թողեք
Ասիան Եվրոպային կապող TRIPP նախագծն ու Թուրքիան
Լավրովը ոգևորված է ընդդեմ ԵՄ-ի Թրամփի պահվածքից, ընդդեմ ՌԴ-ի՝ ոչ
Վենսի գովեստները Արցախում ցեղասպանություն իրականացրած ու դա «մարսած» Ալիևի մասին