11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Վենսի գովեստները Արցախում ցեղասպանություն իրականացրած ու դա «մարսած» Ալիևի մասին

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն արդեն Բաքվում է: Ալիևը արդեն նրան դիմավորել է պատվո պահակախմբով, ԱՄՆ-ի ու Ադրբեջանի հիմներով… Ի դեպ, գորգի վրա, ամենայն հավանականությամբ ադրբեջանական ներկայացվող գորգի. զարմանալի չի լինի եթե պարզվի դա Շուշիի թանգարանից գողացված հայկական գորգերից մեկն է:

Հանդիպումը բաղկացած է եղել երկու մասից, նախ Վենսը և Ալիևը հանդիպում են անցկացրել մեծ կազմով, ապա նեղ կազմով։ Նեղ կազմում ընդգրկված են եղել Վենսի հետ ժամանած ամերիկացի պաշտոնյան, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

Ի տարբերություն Հայաստանի, Վենսը Բաքվում իսկապես ռազմավարական բնույթի փաստաթղթեր ստորագրելու ու պայմանավորվածություններ ձեռք բերելու համար է գնացել:

Եթե Հայաստանում դա միջուկային խաղաղ համագործակցության մասին ինչ-որ վերացական փաստաթուղթ էր, որով Հայաստանը պարտավորվում է ԱՄՆ-ից ինը միլիարդի ծառայություններ, տոխնելոգիաներ ու միգուցե վառելիք գնել, նաև 11 միլիոնի հետախուզական դրոններ, ապա Բաքու Վենսը գնացել է ռազմավարական հարաբերությունների հաստատման մասին կանոնադրություն ստորագրելու:

Կանոնադրության ստորագրումից հետո Ալիևը հայտարարել է, որ Վաշինգտոնում Թրամփի հետ պատմական հանդիպումից հետո վեց ամիս աշխատել են այս կանոնադրության վրա՝ երկկողմանի փոխհարաբերություններում նոր որակի անցնելու հնարավորություն ստեղծելու համար, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Վենսն իր հերթին հայտարարել է. «Այսօր մենք այստեղ ենք, որպեսզի շնորհակալություն հայտնենք Ադրբեջանին ընկերության համար: Շնորհիվ Դոնալդ Թրամփի ու Իլհամ Ալիևի, մեր հարաբերությունները արագորեն կզարգանան»:

Սակայն Վենսի գովեստները Արցախում ցեղասպանություն իրականացրած ու դա «մարսած» Ալիևի մասին սրանով չեն սահմանափակվում: Նա հայտարարել է.«Նախագահ Իլհամ Ալիևը Դոնալդ Թրամփից բացի միակ առաջնորդն է աշխարհում, ով հիասքանչ հարաբերություններ ունի Թուրքիայի և Իսրայելի հետ»:

Այս մասին Վենսը հայտարարել է ԱՄՆ- Ադրբեջան կանոնադրության ստորագրումից հետո՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Վենսը շեշտել է նաև, որ ադրբեջանցիների հետ ռազմավարական կարևորության համագործակցությունը վաղուց են սկսել, իսկ Աֆղանստանում ադրբեջանցիները դրսևորել են իրենց որպես ամենահզոր ու անվախ մարտիկներ:

ԱՄՆ փոխնախագահի խոսքերը սառը ցնցուղի տպավորություն կթողնեն Արցախում Ադրբեջանի-Թուրքիայի ու այլ աջակից ուժերի կողմից ցեղասպանության իրականացման, հետագայում նաև Հայաստանի սուվերեն տարածքների զավթումից հետո առանց այն էլ հոգեբանական ծանր իրավիճակում գտնվող հայ ժողովրդի վրա, սակայն սա այն «ցինիկ» և real politics-ն է, որով այսօր ղեկավարվում են ուժային կենտրոնները:

Եթե աշխարհի հեգեմոն երկրի նախագահը կարող է նույն ԱՄՆ-ի կողմից ահաբեկիչ հռչակվածին, ում համար տասը միլիոն ԱՄՆ դոլար էր խոստանում, որոշ ժամանակ անց իր մոտ պատվով ընդունել, ուսին թփթփացնել ու նվերներով հետ ուղարկել, ապա ի՞նչը պիտի խանգարի Հայաստանը որպես զոհ մատուցել ցեղասպան Ալիևին՝ սեփական ազդեցությունն ուժեղացնելու ու աշխարհաքաղաքական ծրագրեր իրականացնելու համար:

Ի վերջո, պետք է հասկանալ, որ քաղաքականության մեջ միշտ չէ, որ հնչող հայտարարությունները նշանակում են այն, ինչ ասվում են կամ այն, որ դրանք հետևողականորեն կյանքի են կոչվելու:

Մի բան հստակ է, ԱՄՆ-ն կարևորում է Ադրբեջանին Հարավային Կովկասում և Հայաստանն էլ դիտարկում է որպես գաղութ պետություն՝ Ալիևի իշխանության ներքո: Դրա վառ դրսևորումը Վենսի Ծիծեռնակաբերդ այցելությունն էր, երբ հրապարակում արեց, իսկ որոշ ժամանակ անց ջնջեց: Ստացվում է, որ Վենսը Ալիևի ու Էրդողանի հետ փոխհարաբերություններն ավելի է կարևորում, քան ամենահին քրիստոնյա երկրի ժողովրդի վերաբերմունքը:

Իսկ մեզ համար ամենակարևոր հարցի՝ ԹՐԻՓՓ-ի մասով, ԱՄՆ-ն ու Ադրբեջանը պարտավորվեցին Հայաստանի տարածքով ապահովել Ադրբեջան-Նախիջևան անխոչընդոտ կապը: Ընդ որում, սա ամրագրված է ադրբեջանա-ամերիկյան կանոնադրության մեջ: Սա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները հնարավորություն կամ լծակ չեն ունենա որևէ կերպ ազդելու այդ միջանցքի վերահսկողության վրա։

Հայ հասարակությանն անհասկացողների պես վերաբերվող Փաշինյանը փաստացի հերթական անգամ «հանձնեց» Հայաստանի կենսունակությունն ապահովող մի հատված։ Ի դեպ, արհեստական բանականությամբ կենտրոններ Ադրբեջանում էլ են հիմնվելու։ Այսինքն, քրիստոնեական արժեքներին «շատ հավատարիմ» Վենսը ստորագրեց ռազմավարական մի փաստաթուղթ, որով Ադրբեջանին ԹՐԻՓՓ-ի կամ Զանգեզուրի միջանցքի վրա վերահսկողական լիազորություններ տվեց։ իսկ ՔՊ-ական սազանդարները հայ հանրությանը փորձում են համոզել, որ Վենսի այցը հաղթանակ էր ու ռազմավարական մեծ կարևորության այց։

Հ.Գ. Մակրոնի ականջը կանչի, որ ողջունում էր Հայաստանի և Ադրբեջանի «խաղաղության» օրակարգը, սակայն Թրամփի քաղաքականությունը Եվրոպայի նկատմամբ բնութագրում որպես ագրեսիա: Տեսնես կլինի մի օր, երբ մենք կողջունե՞նք Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի միջև «խաղաղության» բանակցությունները: