Վեճը գնալով թեժանում էր. ես անխնա «գրոհում» էի, հեղինակը՝ ատամներով պաշտպանվում: Միջամտեց Ավալը՝ Վարազդատ Ավալյանը, որը գրողների բաժանմունքի ամենատարեց անդամն էր:
– Հաջորդ երեկոյին քեզ ենք լսելու, – ասաց,- տեսնենք դո՞ւ ինչպես ես գրում:
– Ես չեմ գրում, – ասացի:
– Ո՞նց թե չես գրում, ես չեմ կատակում:
– Ես էլ, – ժպտալով ասացի ես:
– Միևնույնն է, մեր ձեռքից չես պրծնի, – կես լուրջ, կես կատակ ավելացրեց գրողների բաժանմունքի նախագահ բանաստեղծ Ռազմիկ Պողոսյանը:
– Ազնիվ խոսք, չեմ գրում, – արդարանալու նման ասացի ես, – եթե չեք ուզում, քննարկմանը չեմ մասնակցի:
Հաջորդող երեկոներին (յուրաքանչյուր ամսվա 1-ին և 15-ին) ինձ հանգիստ չէին տալիս: Դե, ես էլ որոշեցի փորձել: Նստեցի և գրեցի «Պապիս վերջին հեքիաթը»՝ իմ առաջին պատմվածքը: Հիմա էլ սկսեցին հետաքրքրվել, թե այդպիսի քանի գործ ունեմ: Հաջորդ պատմվածքս «Կենաց պարտապանը»-ն էր: Հետո՝ «Ուրթի տղամարդը»: Սա էլ, որ կարդացի, բանաստեղծ Մհեր Բեժանյանն ասաց, որ ազդվել եմ Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշ»-ից, ու բոլորը միաբերան հաստատեցին։ Ես ամոթով խոստովանեցի, որ Հրանտ Մաթևոսյան չեմ կարդացել, ուստի և չէի կարող իրենից ազդված լինել։
Հաջորդ օրն իսկ ձեռք բերեցի Հրանտ Մաթևոսյանի «Ծառերը» և «Մեր վազքը» ժողովածուները. կարդում էի և ամաչում, որ մինչ այդ չէի կարդացել. այնքա՜ն հոգեհարազատ, այնքա՜ն ճշմարիտ էին. ամեն ինչ տեսնում էի, յուրաքանչյուր երանգ որսում: Մեկը մեկից սքանչելի գործեր էին, և ես զարմացա, որ իմ պատմվածքը համեմատել էին այդ մեծ գրողի գործի հետ, և երջանիկ էի, որ հենց իրենից էի «ազդվել»։ Այնուհետև բացվեցի. մեկը մեկի հետևից ծնվեցին նոր գործեր: Մի օր էլ Ռազմիկ Պողոսյանն ասաց, որ Մկրտիչ Սարգսյանն է եկել, և ներկա է գտնվելու մեր գրական ընթերցումներին, և որ ես անպայման որևէ գործ կարդամ։ Երեկոյի վերջում Մկրտիչ Սարգսյանը պնդեց, որ անպայման գիրք ներկայացնեմ «Խորհրդային գրող» հրատարակչություն։
Մեր հավաքույթներին ընկերներս մշտապես հիշեցնում էին Մկրտիչ Սարգսյանի հանձնարարականը։ Իսկ մենք հաճախ էինք հավաքվում. առիթը կարող էր լինել «Գրական թերթ»-ում Վանո Սիրադեղյանի նոր լույս տեսած պատմվածքը, Հրաչյա Սարուխանի, Սամվել Զուլոյանի՝ Զուլոյի, կամ տղաներից որևէ մեկի նոր բանաստեղծությունները, որևէ հետաքրքիր գրախոսական կամ հոդված, որ կարդում էինք բարձրաձայն, քննարկում, ոգևորվում։ Հալալ ու զուլալ, լույսի պես մաքուր ընկերություն էր, նախանձելու չափ՝ հրաշալի մթնոլորտ։ Ո՜նց էինք ուրախանում մեկս մյուսի հաջողությունով, ոգևորվում այս կամ այն գրողի լավ գործերով, գրական իրադարձություններով։ Հատկապես Վանո Սիրադեղյանի պատմվածքներին էինք սպասում. նա արդեն լուրջ հեղինակություն էր ձեռք բերել գրական շրջանակներում։ Ահա մի օր էլ հավաքվել էինք Ավալենց տանը՝ համտեսելու, ինչպես ինքն էր սիրում ասել, իր քաշած կալվադոսը՝ խնձորի օղին։ Տղերքը խմեցին, քեֆները լավացավ, ու էլի կպան գլխիս, թե ինչու գիրքս հրատարակչություն չեմ տանում։ Այդ օրվա հավաքույթին ներկա էր նաև «Խորհրդային գրող» հրատարակչությունում աշխատող կիրովականցի երևանաբնակ մի գրող, որն ընկերություն էր անում տղաների հետ և հաճախ էր լինում Կիրովականում։ Ահա նա էլ հայտարարեց, որ ինքն է ուզում խմբագրել իմ գիրքը և հրատարակչությունում հանդիպելու կոնկրետ օր ու ժամ պայմանավորվեց։ Դե, ես էլ հավաքեցի ունեցածս գործերը՝ ութ ու կես մամուլի չափ, ու գնացի․ ու՞ր ես, Երևան, գալիս եմ «գրող ձեռնադրվելու»։ Գիրքս հանձնեցի ծանոթ խմբագրին և ուրախ ու երջանիկ վերադարձա Կիրովական։ Ասել էր, որ գրախոսությունը (ռեցենզիան) պատրաստ կլինի երկու ամսից։ Գնացի պայմանավորված օրը. չէր կարդացել։ Կանչեց հաջորդ ամսվա սկզբին, հետո էլ վերջին։ Ես բացարձակ պատկերացում չունեի տպագրական պրոցեսի մասին. կարծում էի, որ հենց ներքին գրախոսությունը պատրաստ լիներ, գիրքը տպագրվելու էր։ Ու թեև դժվարությամբ էի տարել, բայց հրատարակչություն հանձնելուց հետո դարձել էի անհամբեր…մին էլ գնացի…«մին էլ եկա, դարձյալ չկա, էս անգամը դիպանք իրար»։ Մտա գլխավոր խմբագրի մոտ, պահանջեցի փոխել խմբագրիս՝ պատճառաբանելով, որ նա շատ է զբաղված, կարդալու ժամանակ չունի։ Աստիճանների վրա հանդիպեցի իրեն, նույնությամբ տեղեկացրի իմ և գլխավոր խմբագրի խոսակցությունը: Շա՜տ վրդովվեց. «Գնացել ինձնից բամբասել ես, հա՞, մեկ շաբաթից գրախոսությունը փոստով կստանաս, ոչ Երևան գալու կարիք կա, ոչ էլ խմբագիր փոխելու»,-ասաց։ Մեկ շաբաթ անց փոստային ծանրոց ստացա. գիրքս էր, գրախոսականը՝ մեջը։ Կարդացի գրախոսությունը և ապշեցի. գրված էր, որ մեռած, անկենդան լեզու է, նանիների և պապիների նվնվոց, և որ գիրքը արժանի չէ տպագրության։ Կարդում էի և արցունքներս չէի կարողանում զսպել. դառը, հուսախաբ ու լիովին ջախջախված՝ արտասվում էի։ Ամենացավալին ու վիրավորականն այն էր, որ գրախոսականի ոչ մի վերնագիր չէր համապատասխանում բովանդակությանը. գրական կերպարներս հայտնվել էին ոչ իրենց պատկան վերնագրերի տակ, կատարյալ շիլաշփոթ էր. պարզ երևում էր, որ գիրքը չէր կարդացել, թերթել էր ու ինձնից վրեժ լուծել։
Ծանր, շատ ծանր ապրումներ ունեցա, որոշեցի այլևս չգրել, իսկ եթե անգամ գրեմ, ոչ մի տեղ չեմ տանի։ Ոչ մի բանի չէի մասնակցում, շատ թանկ մարդ կորցրած սգվորի էի նմանվել։ Եվ ահա ընկերներիցս Վահան Գասպարյանը, որ պաշտում էր Հրանտ Մաթևոսյանի գրականությունը և շատ առիթներով էր ասել, որ Մաթևոսյանին հոգեհարազատ աշխարհ եմ ստեղծում, ասաց, որ նա շատ կհավանի իմ գործերը և խորհուրդ տվեց գնալ Հրանտ Մաթևոսյանի մոտ։ Նրան միացան Հրաչն ու Զուլոն։ Սկզբում համոզում էին, բացատրում, հետո Զուլոն սկսեց գոռգոռալ վրաս։
– Կտամ կսպանեմ, ի՞նչ ես սև ու սուգ կապել, Իքսն է էլի, մուռ է հանել․Վահանը ճիշտ է ասում, գնա՛ Հրանտ Մաթևոսյանի մոտ։
Ես չեմ արձագանքում։
– Նելլի՛, դու կասկածու՞մ ես իմ գրական ճաշակին,- ասաց Հրաչյա Սարուխանը,-ես վստահ եմ, որ Հրանտը կհավանի։ Եթե խոսքը գրականությանն է վերաբերում, նրա համար ծանոթ ու բարեկամ, սիրուն ու տգեղ չկա, ուրիշ գրողների նման սիրուն կին տեսնելիս ոտքերը չեն թուլանում։ Անաչառ, բյուրեղյա մարդ է. ահա Հրանտի բնակարանի համարը․զանգի՛ր, պայմանավորվի՛ր ու գնա՛։
– Կմտածեմ,-ասացի, ու համարը վերցրի։
Երկար տատանվում էի. բա որ ու հանկարծ չընդունի՞. ինձ երես էին տվել շրջապատում.միշտ գովաբանել էին, «Գրական թերթ»-ին ուղարկած առաջին պատմվածքս մրցանակի էր արժանացել, թեև ես մրցույթին մասնակցելու հայտ էլ չէի ներկայացրել:
Օրերն անցնում էին, գնալով ավելի էր խորանում վիրավորանքս․գրողն ինչպե՞ս կարող էր այդպես անողոք խաչ քաշել մի ուրիշ գրողի գրականության վրա։ Ու մի օր էլ քաջություն հավաքեցի և զանգեցի Հրանտ Մաթևոսյանին (այն ժամանակ բջջային հեռախոս չկար). լսափողը վերցրին.
– Բարև՛ Ձեզ, ընկեր Մաթևոսյանին եմ խնդրում, – մի շնչով վրա տվի ես։
– Ինքը լսում է Ձեզ, – կարծես կատակով արձագանքեց լսափողը վերցրած տղամարդը։
– Խնդրում եմ, մի քանի րոպեով ընդունեք ինձ. միայն թե՝ չասեք՝ չէ։ Ես գիտեմ, որ շատ զբաղված կլինեք. հեռուստատեսություն, մամուլ, հանդիպումներ…Էդ բոլորը հասկանում եմ, բայց, խնդրում եմ, ժամանակ գտնեք, ինձ ուղակի անհրաժեշտ է հանդիպել Ձեզ, – նորից մի շնչով վրա տվի ես։
– Սպասի՛ ր, սպասի՛ր. աշխատանք չունե՞ս, ուզում ես՝ օգնեմ աշխատանք գտնե՞ս, հա՞։
– Ո՛չ, աշխատանք ունեմ, – փոքր-ինչ տարակուսած պատասխանեցի ես։
– Օգնության կարիք ունե՞ս, գումա՞ր ես ուզում։
Շատ վիրավորվեցի. էս ի՞նչ հարցեր է տալիս, ինձ ո՞ւմ տեղն է դրել։
– Ես դեռ ոչ մեկից գումար չեմ խնդրել և ինչպես կարող եմ ինձ թույլ տալ…
– Էդ դեպքում ինչո՞ւ ես ուզում հանդիպել ինձ։
– Ի՞նչ է, Ձեզ հետ հանդիպողները միայն գումար և աշխատա՞նք են խնդրել, – մի տեսակ հիասթափված ասացի ես, – Դուք մեծ գրող եք, ես էլ՝ ընթերցող։ Մարդ եմ էլի, չեմ կարո՞ղ իմ սիրելի գրողի հետ մի տասը րոպե զրուցել։
– Որ շատ ուզենաս, կարող ես, – ասաց Մաթևոսյանը։
Կարծես ինձ ձեռ էր առնում։
– Շատ եմ ուզում, ե՞րբ կարող եմ գալ, – հարցրի ես։
– Մի քանի օրից զանգի՛ր, պայմանավորվենք։
«Ցրում եք, պարզ է», – տխուր մտածեցի ես, բայց որ սկսել եմ, մինչև վերջ գնալու եմ:
Մի քանի օրից զանգեցի, օր պայմանավորվեցինք:
– Ընկե՛ր Մաթևոսյան, երկու փոքր երեխա եմ թողնելու հարևան-բարեկամի տանը, նույն օրը պետք է հետ վերադառնամ, խնդրում եմ, հանկարծ չասեք՝ «Էսօր չի ստացվի, զբաղված եմ, վաղը կամ մի ուրիշ օր եկեք»։
– Լավ, լավ, – ասաց՝ թերևս զարմանալով իմ համարձակության վրա։
Ի՞նչ իմանար, թե ինչքան ճակատագրական էր լինելու այդ հանդիպումն ինձ համար։
Պայմանավորված օրը Երևանում էի՝ «Գրական թերթ»-ի խմբագրությունում. վատն այն էր, որ Հրանտ Մաթևոսյանը չէր աշխատում, և ես ստիպված էի իրենց տուն գնալ ու շատ էի ամաչում։ Ժամը 11-ին զանգահարեցի:
– Կներեք, – ասաց, – բայց չեմ կարող Ձեզ ընդունել։
– Ո՞նց թե՝ չեք կարող, – հուսահատությունից գրեթե կոպիտ կտրեցի նրա խոսքը, – չէ՞որ մենք պայմանավորվել էինք, որ․․․
– Սպասի՛ր, սպասի՛ր,- ընդհատեց Հրանտ Մաթևոսյանը, – Դավիթին՝ տղայիս, վիրահատել են, և եթե էսօր դուրս գրեն, վաղը կարող ես գալ։
Ոչինչ չպատասխանեցի. մեկ ուզեցի անմիջապես վերադառնալ և մոռանալ ամեն ինչ, մեկ էլ որոշեցի մնալ և վերջնականապես ճշտել իմ «կարգավիճակը»․կա՛մ մոռանում եմ խմբագրատների և հրատարակչությունների հասցեները, կա՛մ վերադառնում եմ գրողի «տիտղոսով» և իմ տեղն եմ փնտրում գրողական դաշտի արևի տակ, ու հենց դա էր, որ պիտի որոշեր Մաթևոսյանը։
Զանգահարեցի, երեխաների համար խնդրեցի ու մնացի։ Առավոտյան դարձյալ «Գրական թերթ»-ի խմբագրությունում էի։ Ասացին, որ առաջին գործի ընթերցումից է որոշվելու ամեն ինչ. եթե չհավանի, այլևս ոչինչ չի կարդալու, այնպես որ աչքի առաջ ունենամ իմ հաջողված պատմվածքներից մեկնումեկը։ Հասցեն տվին, բացատրեցին՝ ինչպես գտնեմ Մաթևոսյանենց շենքը։ Էս անգամ գնացի առանց նախազգուշացնելու և ուղիղ ժամը 11-ին թակեցի դուռը. դռան վրա զանգ չկար, վերևի հատվածում գեղեցիկ ձեռագրով թեթևակի փորագրված էր՝ Հրանտ Մաթևոսյան։ Թակեցի ու շունչս պահած սպասեցի. դուռը բացվեց, դռների մեջտեղում կանգնեց ինքը՝ Հրանտ Մաթևոսյանը՝ նիհար, բարձրահասակ, լայն, պայծառ ճակատով և շատ խոշոր, անսովոր խոսուն, գեղեցիկ ու զննող աչքերով։
– Բարև՛ Ձեզ, այնուամենայնիվ, ես եկա, – ասացի ու խորը շունչ քաշեցի։
– Լավ էլ համարձակն ես երևում, – ասաց,-դե, որ եկել ես, նե՛րս արի, – և ճանապարհ տվեց։
Հետևեցի իրեն, մտանք ընդարձակ հյուրասենյակ.աջ պատի տակ հարմարավետ բազմոց էր՝ մի կողքը բազկաթոռ, մյուս կողքը՝ կոմոդ՝ վրան գեղեցիկ ծաղկաման և ձիու փայտե քանդակ. Ալխոյի քանդակն էր։ Հակառակ կողմում խիտ դասավորված գրապահարան էր՝ ռուս և արտասահմանյան դասականներով ծանրաբեռնված, կողքին՝ նույն գույնի սպասքի փայտե շատ գեղեցիկ պահարան։ Պահարաններից վերև՝ լուսամուտների մոտ վերջացող ամբողջ պատով, հայ անվանի գեղանկարիչների կտավներ էին։ Հյուրասենյակի վերջում՝ ընդարձակ լուսամուտների տակ, օվալաձև երկար սեղան էր դրված։ Ընտանիքի անդամները հյուրասենյակում էին.կինը՝ տիկին Վերժինեն, աղջիկը՝ Շողերը և տղան՝ Դավիթը։
– Նստի՛ր, – ասաց, – ի՞նչ է պատահել, ի՞նչ ես էդպես խառնվել իրար։
Ես աշակերտի նման մնացի ոտքի վրա.բոլորը ուշադիր հետևում էին մեր խոսակցությանը։
– Գրում եմ, ընկե՛ր Մաթևոսյան, – ասացի, – և շատ խնդրում եմ, որ Դուք կարդաք։ Կարդաք, և միայն ասեք՝ շարունակե՞մ գրել, թե՞ ոչ․ուրիշ ոչինչ չեմ ուզում։
Սևեռուն նայելով աչքերիս՝ հարցրեց․
– Որ ասեմ՝ մի՛ գրի, չե՞ս գրելու։
– Գրելու եմ, – ասացի, – բայց միայն ինձ համար. ո՛չ մի տեղ չեմ տանի, ո՛չ մի դուռ չեմ թակի։
– Լավ, տո՛ւր, տո՛ւր ինձ քո հավանած ամենալավ գործը։
Ես դրան պատրաստ էի. տվեցի «Կենաց պարտապանը» պատմվածքը։ Նա առանձնացավ իր աշխատասենյակում, իսկ ես շարունակում էի կանգնած մնալ։
– Ինչո՞ւ չեք նստում, նստե՛ք, – առաջարկեց տիկին Վերժինեն։
– Որ կանգնած մնաք, դրանից բան չի փոխվելու, նստե՛ք, – Շողերն էր։
Նստեցի։ Ընտանիքի անդամները փորձում էին ինձ զբաղեցնել, սակայն խոսակցությունը չէր կպչում։ Աղջիկն ու տղանը դուրս եկան, կինը շարունակում էր խոսել ինձ հետ։ Ինչ էինք խոսում՝ ոչինչ չեմ հիշում. ուշքս ու միտքս այն դռան կողմն էր, որի հետևում փակվել էր Հրանտ Մաթևոսյանը։ «Ինչո՞ւ է այսքան ուշանում,- տենդորեն մտածում էի ես,- տասը րոպեում կարելի էր կարդալ, պրծնել»։ Ինստիտուտի ընդունելության քննությունների պատասխանին այսչափ անհամբեր չէի սպասել։ Տիկին Վերժինեն սուրճ առաջարկեց։ Հրաժարվեցի։ Եվ ահա լսեցի Մաթևոսյանի ոտնաձայնը, և սրտիս զարկերն ավելի արագացան, ակամայից բարձրացա տեղից և աշակերտի նման լարված ու սպասողական ձգվեցի իր առաջ։
– Ինչո՞ւ կանգնեցիր, – ասաց, – նստի՛ր ու մի գործ էլ տո՛ւր։
Դա 1985 թվականի հոկտեմբերն էր։ Ես արագորեն պայուսակից հանեցի հաջորդ՝ «Ուրթի տղամարդը» պատմվածքը և տվի իրեն։ Դարձյալ առանձնացավ։ «Որ չհավանի, երկրորդը չի ուզի»,-այդպես էին ասել. դրանով փորձում էի հանգստացնել ինքս ինձ։ Համ էլ ձայնի մեջ այս անգամ ինչ-որ նոր, տաք երանգ կար։ Կինը սուրճ բերեց, փորձում էր զբաղեցնել ինձ, դեսից-դենից հարցեր էր տալիս, որոնց ես պատասխանում էի ակամա։ «Բայց ինչո՞ւ է այսքան դանդաղ կարդում, թե՞ ինձ է թվում»,-տենդորեն մտածում էի ես, երբ կրկին բացվեց Մաթևոսյանի աշխատասենյակի դուռը, և ես կրկին վեր ցատկեցի։ Մաթևոսյանն ավելի լրջացած էր, բայց ավելի բարեհամբույր. երրորդ գործն ուզեց. «Կանչող նժույգները» տվեցի, հետո չորրորդը, հինգերորդը, վեցերորդը…Կամաց-կամաց ինչ-որ երանելի հանգստություն էր իջնում վրաս, վերականգնվում էր կորցրածս վստահությունը։ Ժամը 2-ի մոտ էր։ Հրանտ Մաթևոսյանը մոտեցավ, ես դարձյալ ոտքի էի կանգնել՝ այս անգամ զինվորականի նման ձիգ. վերադարձրեց հերթական ընթերցած պատմվածքը, շատ խորը, քննախույզ նայեց աչքերիս մեջ և ասաց․
– Սիրուն աղջիկ ես, հագուկապդ էլ տեղը, էսքան ցավը քեզ որտեղի՞ց։
-Այս հագուստը իմը չի, ընկե՛ր Մաթևոսյան, – ինքնաբուխ շուտասելուկի նման վրա տվեցի ես և հաջորդ պահին հասկանալով, որ գիքորանման պատասխան եղավ («Բալը թանկ էր, աղջի՛կ պարոն»), կարմրատակեցի։ «Էս ի՞նչ դուրս տվի, ապուշ-ապուշ»,-զայրացա ինքս ինձ վրա, բայց փոխարեն ինչ- որ բան փորձեմ շտկել, կմկմացի․
– Դե… դե… ուզում էի ներկայանալի տեսք ունենալ, – և ամեն ինչ տեղը գցեցի։
Մաթևոսյանի դեմքին գորովալից, տաք, շատ տաք ժպիտ երևաց։
– Քո չուչիկի մեջ ավելի բնական ու լավ կնայվեիր, – ասաց և շատ լուրջ ավելացրեց, – դու գրականություն ես ստեղծում, ապրե՛ս, մնացածը կարևոր չէ։ Քանի՞տարեկան ես, – հարցրեց։
– Երեսունչորս, արդեն մեծ եմ, – թեթև ժպտալով՝ ասացի ես։
– Արձակի համար շատ լավ տարիք է, – ասաց։ – Արձակ գրելու համար պետք է հասուն լինես։ Այսուհետ մենք լավ բարեկամներ ենք,-ձեռքը պարզելով՝ ասաց նա,- և ինչ-որ գրես, կբերես միասին կարդանք։
Անհնար է նկարագրել իմ ուրախության չափը. ասես բարձր դռան առաջ գերազանց քննություն հանձնած լինեի։ Սա շատ լուրջ և պարտավորեցնող վերաբերմունք էր։ Ես թղթապանակից հանեցի «խմբագրիս գրախոսությունը» և մեկնեցի իրեն։
– Խնդրում եմ, ընկե՛ր Մաթևոսյան, սա էլ կարդացեք, և վերջ։
– Էս ի՞նչ է, – պարզածս թուղթը վերցնելով՝ հարցրեց Մաթևոսյանը:
– Կարդացե՛ք, խնդրում եմ, սա է ինձ ստիպել Ձեզ մոտ գալ:
Կես էջ բան էր. հենց տեղում կանգնած՝ Մաթևոսյանը սկսեց կարդալ ու խոժոռվել, զայրույթից այտամկանները սկսեցին թրթռալ: Գրախոսականի տակ ազգանուն չկար, միայն ստորագրություն էր: Ահավոր զայրացած ասաց.
– Էս ո՞վ է էս լածիրակը, -հետո դառնալով ինձ՝ ասաց, – չկոտրվե՛ս: Ես առաջին անգամ գիրք խմբագրելու ցանկություն ունեցա, հասկանում ես, չէ՞, դա ի՞նչ է նշանակում: Հեռախոսահամար թող, ձեռքիս տակ գործ կա, վերջացնեմ, կզանգեմ՝ գիրքդ կբերես:
– Ես վարձով եմ ապրում, տանս էլ հեռախոս չկա, ընկե՛ր Մաթևոսյան, – ասացի:
– Ոչինչ, լավ հարևան կունենաս, նրա հեռախոսահամարը տուր:
Չգիտեմ, չեմ հիշում՝ մեկ էլ երբ եմ այդպես երջանիկ եղել:
– Իսկ հիմա ոչ մի տեղ չես գնում: Մի-մի բաժակ կխմենք, մի կտոր հաց կուտենք, հետո քեզ բարի ճանապարհ կասենք:
– Խմիչք պետք չէ, ընկե՛ր Մաթևոսյան:
– Ո՞նց թե, մեր բարեկամության կենացը չես խմո՞ւմ: Վիսկի կխմե՞ս, թե՞ տնական օղի, – հարցրեց:
– Երկրորդը, – ասացի, – առաջինին ծանոթ չեմ:
Եվ մինչ տիկին Վերժինեն խոհանոցում էր, Մաթևոսյանը հետ քաշեց սպասքի պահարանի ապակին, երկու բաժակ հանեց և բարից՝ թթի օղի: Հենց տեղում էլ բաժակները լցրեց, մեկը պարզեց ինձ:
– Կենա՛ցդ, – ասաց, – մեր բարեկամության, ըհը՛, և քո գրականության կենացը: Բարո՛վ ես եկել իմ տուն և գրական աշխարհ, որը էլի իմ տունն է, – ու խմեց:
Ես հետևեցի նրան, բաժակները դրեց պահարանի մեջ, և նստեցինք փոքր սեղանի մոտ՝ դեմ դիմաց:
– Իսկ Մնձուրի կարդացե՞լ ես, – հարցրեց:
– Այո՛, – ասացի, -«Կապույտ լույս» ժողովածուն:
– Հավանել ես, չէ՞: Լա՞վ է գրում, – փորձող հայացքով նայեց ինձ:
– Էն էլ ինչքա՜ն. նկարագրությունները ասես նկարչի կտավներ լինեն կամ կինոժապավեն, ամեն ինչ տեսնում ես:
Հետո արդեն 86 թվի վերջերին ձեռք բերեցի Մնձուրու «Երկերը», որի սքանչելի վերջաբանը գրել էր Հրանտ Մաթևոսյանը՝ վերնագրելով «Անընդհատ, անվերջ վերադարձ»: Տիկին Վերժինեն (Մաթևոսյանը Վերժուկ էր ասում) հաց դրեց, այդ թվում՝ թեյ: Չգիտեի՝ ինչպես հրաժարվեի թեյից, փոքրուց չեմ սիրել, երևի որ հիվանդ ժամանակ մայրս ստիպելով էր թեյ խմեցրել: Հիմա ինչպես ասեմ, որ թեյ չեմ սիրում. կում-կում խմում եմ այդ թեյը, քրտինքը ծորում է դեմքիս վրայով. այնպես էի խեղճացել, կարծես տաժանակիր աշխատանք էի կատարում, անընդհատ նայում էի, թե ինչքան է մնացել:
– Վա՞տ եք զգում, – հարցրեց տիկին Վերժինեն, որ ուշադիր, քիչ էլ զարմացած հետևում էր ինձ:
– Ո՛չ, ո՛չ, – շփոթված պատասխանեցի ես. մի կերպ վերջացրի տաժանակիր թեյախմությունս, ու թեև քաղցած էի, ուրիշ ոչ մի բանի ձեռք չտվեցի: Դեմքս չորացրի անձեռոցիկով և ոտքի կանգնեցի: Ամոթից գետինն էի մտնում, րոպե առաջ ուզում էի դուրս թռչել տնից:
– Ես գնամ, – ասացի՝ թույլտվություն խնդրողի նման, – էրեխեքս ուրիշի տանն են:
Մաթևոսյանը բարձրացավ տեղից, ձեռքր պարզեց՝ հրաժեշտ տալու:
– Հիմա կարող ես գնալ, – ասաց, – բայց իմացի՛ր, իմ տան դուռը բաց է քո առաջ՝ գիշերվա կեսին կլինի, թե առավոտ ծեգին: Էդպե՞ս է, չէ՞ Վերժո՛ւկ:
– Ցտեսություն, նորի՛ց համեցեք, – սառը քաղաքավարությամբ ասաց տիկին Վերժինեն:
Մաթևոսյանն ուղեկցեց ինձ: Վերելակը հենց իրենց բնակարանի կողքն էր: Դռների մեջ կրկին պարզեց ձեռքը, հրաժեշտ տվեց, կանգնեց մինչև վերելակի դուռը փակվեց: Նայեցի հայելուն. ասես հնոցի միջից դուրս եկած լինեի:
Հետո ամբողջ ճանապարհին հիշում էի մեր հանդիպումը, նրա դեմքի արտահայտությունը՝ դուռը բացելու պահից մինչև հրաժեշտի պահը, և ձայնն էր ականջներիս մեջ զրնգում: Ի՜նչ երանելի պահեր էին, ի՜նչ երջանիկ էի, երջանիկ ու հաղթանակած: Եվ ակամա համարյա բարձրաձայն ասացի. «Էստեղ են ասել՝ չկա չարիք առանց բարիքի»: Այլևս ինձ համար մեկ էր՝ ինչ էր գրել «խմբագիրս»: Մտովի տղաներին պատմում էի Մաթևոսյանի հետ հանդիպման մանրամասները. գիտեի, որ նրանք էլ են անհամբեր սպասում և ուրախանալու էին: Հաջորդ օրը ողջ քաղաքը գիտեր, որ Մաթևոսյանը շատ է հավանել իմ արձակը և խմբագրելու է գիրքս, և դա իրադարձություն էր: Ես տղաներին պատմել էի Մաթևոսյանի հետ իմ հանդիպման մանրամասները, իրենք էլ ոգևորված այդ մասին խոսել էին սրճարաններում, ռադիոյի խմբագրությունում, որտեղ Սամվել Զուլոյանն էր աշխատում՝ մեր միջի ամենատաղանդավոր և ամենասիրելի տղան՝ անմոռանալի Զուլոն: Նա ուրախանում էր բոլորիս ուրախությամբ և ապրում բոլորիս ցավով: Զուլոյին չսիրող չկար. ամեն տեղ սպասված հյուր էր՝ անկախ ժամ ու պատարագից: Հենց ինքն էլ քաղաքով մեկ էր արել լուրը և մեկ օրում ինձ դարձրել նշանավոր մարդ Կիրովական քաղաքում: Եվ վերաբերմունք էր փոխվել, ուրիշ աչքով էին նայում ինձ: Հաջորդող օրերին անկումային տրամադրությունիցս հետք անգամ չէր մնացել: Ես կրկին կյանք էի վերադարձել: Ոգևորված աշխատում էի, աշխատում էի գիշերները: Երեխաներին քնեցնում էի, կենցաղային գործերն ավարտում և աշխատում մինչև լուսադեմ: Լուսադեմին վերևի հարևանուհուս՝ Թերեզայի հետ սուրճ էինք խմում: Խոսքը մանկավարժական ինստիտուտի անվանի դասախոս Թերեզա Շահվերդյանի մասին է: Ինքն իմ պատմվածքների առաջին ընթերցողն էր, ես՝ իր ատենախոսության: Ինձ վարձով ապրողի տեղ չէին դնում: Ով վարձով ապրել է, գիտի՝ ինչ եմ ասում: Շատ բնակարաններ էի փոխել և միշտ ճնշվել տանտերերի վերաբերմունքից: Գրեթե բոլորի մեջ արմատացած էր այն կաղապարված մտածելակերպը, որ եթե վարձով ես ապրում, անպայման թափթփված ու փնթի պիտի լինես, երեխաներդ տգեղ, տունդ գնացող եկողներն էլ կասկածելի մարդիկ, հատկապես եթե արական սեռից էին: Այստեղ ուրիշ էր, ես իրենցից մեկն էի. կարգին հարևանություն էինք անում: Դիմացիս հարևանը՝ Իսմայիլ Սիրադեղյանը՝ պոլիտեխնիկ ինստիտուտի դասախոս էր, ամբիոնի վարիչ, կինը Հասմիկը՝ տնտեսագետ: Հարեհաս հարևաններ էին Թերեզան, Իսմայիլն ու Հասմիկը:
Մի քանի ամիս էր անցել Մաթևոսյանի հետ հանդիպումից: Մի օր էլ, երբ աշխատանքից տուն եկա, դռան բացվելու ձայնը լսելուն պես Հասմիկն անմիջապես բացեց իրենց տան դուռն ու իրար խառնված, զարմանքախառն ուրախությամբ, քիչ էլ նախատինքով ասաց.
– Ա՛յ Նելլի ջան, Հրանտ Մաթևոսյանն այսօր երեք անգամ զանգել, քեզ է հարցրել: Առաջին անգամն ասացի՝«Կներե՛ք, ընկե՛ր Մաթևոսյան, բայց սա Նելլիի բնակարանը չի»: Ինքն էլ ասաց՝ «Գիտեմ, բայց Դուք իր լավ հարևանուհին եք, չէ՞»: Ասացի, որ աշխատանքի ես. դրանից հետո երկու անգամ էլ է զանգել, վատ էի զգում, որ տանը չես: Արի՛, արի՛ մեր տնից զանգի:
Զանգեցի:
– Ապրե՛ս, որ զանգեցիր, գիրքդ վերցրո՛ւ, արի՛, – կարճ կապեց Մաթևոսյանը:
Թեև ասել էր, որ կանչելու է, բայց, ճիշտն ասած, չէի հավատում: Մտածում էի՝ չի կարևորի, մի քիչ կանցնի, կմոռանա: Հիմա, երբ հետահայաց նայում եմ իր վերաբերմունքին, զարմանում եմ, թե ի՜նչ մեծություն էր, ի՜նչ մարդ, ինչպիսի՜անաչառ ու հոգատար վերաբերմունք սկսնակ գրողի նկատմամբ:
Գիրքս վերցրի, գնացի: Հարցրեց.
– Շտապու՞մ ես, ուզում ես շուտ տպագրվի՞, – և փորձող հայացքով նայեց ուղիղ աչքերիս:
– Ո՛չ, ո՛չ, – ասացի, – չեմ շտապում: – Կարևորը, որ Դուք եք խմբագրում:
Զրուցեցինք, հետաքրքրվեց Կիրովականի գրող տղաների կյանքով՝ հատկապես Հրաչյա Սարուխանի:
– Սարուխանը սքանչելի բանաստեղծ է, թույլ մի՛ տվեք, որ շատ խմի, – ասաց:
Ես ժամանակ առ ժամանակ Երևան էի գալիս, քննարկում էինք այս կամ այն պատմվածքի մասին իր նկատառումները: Ի՜նչ լսել գիտեր, եթե ինչ-որ բանի հետ չէր համաձայնում, ասում էր. «Մտածիր այս արտահյտության կամ հատվածի շուրջ, ես էլ կմտածեմ»: Իր մեծության մեկ ուրիշ գրող, երևի չէր ընդունի որևէ առարկություն: Իսկ ինքն ասում էր. «Գուցեև դու ես ճիշտ»: Այդպես «Կենաց պարտապանը» պատմվածքի մեջ իր խմբագրած տողի հետ ես չհամաձայնեցի, բացատրեցի, համոզեցի իրեն և վերականգնեցինք իմ ձևով: «Կանչող նժույգները» պատմվածքի սկզբի մի մեծ հատված ընդգծել էր և կողքը գրել. «Ապրե՛ս, Աստվածաշնչյան սկիզբ է», բայց ֆինալի հետ համաձայն չէր: Եվ հորդորեց, փոխել: Ես կտրականապես դեմ էի. ամեն Երևան գալով հարցնեւմ էր.
– «Նժույգներ»-ի ֆինալը փոխեցի՞ր:
Ես տխուր ասում էի՝ ո՛չ, ա՜խր, ընկեր Մաթևոսյան… Ու փորձում էի հիմնավորել, ուշադիր լսում էր և նորից առարկում: Շատ բծախնդիր խմբագիր էր: Երբեմն ընդամենը մեկ բառ փոխելով կամ բառի տեղը փոխելով՝ ասելիքը տեղն էր գցում: Ասում էր՝ «Պետք է գտնես բառի դաշտը, հարկավոր բառը պիտի գտնես: Այնպես պետք է բառը ձուլվի նախադասությանը, որ ոչ թե ինքը կարևորվի, այլ նախադասության ասելիքը»:
Գրքի խմբագրումը բավական երկար տևեց՝ հիմնականում «Կանչող նժույգներ»-ի ֆինալի պատճառով: Ես ստիպված սկսեցի տարբերակներ փորձել: Մի օր էլ դուռը բացվեց, և նույն հարևանուհիս արագ-արագ վրա տվեց.
– Շու՛տ արա, արի՛ հեռախոսի մոտ, Մաթևոսյանն է կանչում, ասաց որ շատ կարևոր ասելիք ունի:
Դուռը բաց թողի, վազեցի հեռախոսի մոտ: Բարևեցի և անհանգիստ հարցրի.
– Հո բա՞ն չի պատահել, ընկե՛ր Մաթևոսյան:
– Պատահե՛լ է,-ասաց, – «Նժույգներ»-ի ֆինալը չփոխես:
– Բայց չէ՞որ Դուք ասում էիք…
– Ահա ուրեմն սխալվել եմ: Ես էլ կարող եմ սխալվել, ըհը՛: Պատմվածքն ամբողջությամբ սքանչելի գործ է, ապրե՛ս:
Ամեն անգամ հանդիպելիս հարցնում էր. «Աստծո գառը» տվի՞ր «Գրական թերթ»-ին:
Ես առանձնապես չէի հավանում այդ պատմվածքը, ինքը՝ հակառակը, և գրեթե ձեռք չէր տվել:
– Ապրե՛ս, – ասաց, – կյանքը դարձրել ես գրականություն: Այդպես են գրող դառնում:
Բերածս օրինակներից չպետք է հետևություն անել, թե ես ինչ ասում էի, համաձայնում էր: Իր աննման ձեռագրով փոխած որևէ բառ, արտահայտություն, անգամ կետադրական նշան բացահայտում էին ասելիքի կարևորությունը, շեշտում գրական կերպարի բնավորությունը, ընդգծում հոգեբանությունը, երևույթի ասելիքը, այս կամ այն գործողությունը: Ինքն իր մասնագիտությունը սիրող մանրանկարչի պես էր աշխատում՝ չափազանց զգույշ և ծայրահեղ բծախնդիր:
Այդ ընթացքում ինձ նվիրեց իր երկհատորյակը՝ շատ պարտավորեցնող մակագրությամբ.
ՖՈՏՈ (ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ)
Երբ գիրքը պատրաստ էր, ասաց.
– Արի՛ տանենք հրատարակչություն:
– Չէ՛,- ասացի,- ընկե՛ր Մաթևոսյան, մենակ կտանեմ, Դուք եք խմբագրել, նշանակում է Դուք ներկա եք այնտեղ:
– Լավ, – ասաց, – բայց որ իջնի տպարան, ինձ անպայման տեղյակ կպահես. առաջնորդող եմ գրելու:
Հրատարակչության խմբագիրն այս անգամ Մարինե Արիստակեսյանն էր, որը իմանալով, որ Հրանտ Մաթևոսյանն էր խմբագրել, ասաց.
– Դե, ես էլ ի՞նչ նայեմ, եթե Մաթևոսյանն է խմբագրել: Պետք է ուղղակի սպասենք տպարան իջնելուն:
Կես տարի տևեց մինչև տպարան իջավ, բայց ես Մաթևոսյանին ոչինչ չասացի: Երբ գիրքը լույս տեսավ, գնացի իրենց տուն, Վերժինեն դուռը բացեց, ողջագուրվեց ու գնաց խոհանոց: Հյուրասենյակ մտա, ինչ տեսա. Մաթևոսյանը խաղում է Շողերի փոքրիկի՝ Մարիամիկի հետ: Լույսի նման պստլիկ էր, երևի դեռ մեկ տարեկան էլ չկար: Հրանտը, երեխայի փափլիկ թաթիկներից բռնած, բարձրացրել էր վեր՝ պահել թիկունքին, ու փոքրիկը տոտիկներով փորձում էր բարձրանալ պապիկի գլխին, սահում էր, նորից փորձում: Իսկ պապիկն այնքա՜ն երջանիկ էր. աննկարագրելի սիրով տակից նայում էր աղջնակին ու մեկ էլ քնքշությամբ ասաց. «Ես քո ծառն եմ, դու իմ կապիկը, չէ՞, նախշո՛ւնս»: Մեկ էլ աչքս ընկավ ոտքերին. սեպտեմբեր ամսին վալենկաներով էր: Նկատելով զարմացած հայացքս՝ ասաց.
– Աշխատում էի, որ երկար նստում եմ, ոտքերս սառչում են:
Ես գիրքս նվիրեցի իրեն. զարմացավ:
– Բայց կարծես թե պայմանավորվել էինք, որ առաջնորդող էի գրելու: Ինչո՞ւ տեղյակ չպահեցիր, ուրիշները խնդրում են, – ասաց կարծես նեղացած:
– Դե, եսիմ, ընկե՛ր Մաթևոսյան, հա՛մ անհարմար զգացի, հա՛մ էլ մտածեցի, որ Ձեր խոսքը կկարդան ու կգնեն: Իսկ ինձ հետաքրքիր էր, թե գիրքն ինքնիրենով ի՞նչ ճանապարհ կանցնի (Մինչև այսօր չեմ ներում ինձ այդ հիմարության համար, ինչպես կարող էի հրաժարվել նման պատվից): Մի տեսակ անտրամադիր թերթեց գիրքը, նայեց ցանկը և նկատեց, որ իր խմբագրած պատմվածքներից մի քանիսը չկան: Երկուսուկես մամուլի չափ պակաս էի հանձնել հրատարակչություն. այն պատմվածքները, որոնց վրա առաջարկել էր աշխատել, չէի դրել գրքի մեջ: Կարծես թե տրամադրությունը բացվեց.
– Շատերը համառորեն ընդվզում են, երբ մի տողի, անգամ մի բառի վրա գիծ ես քաշում. հետո կառչում են ամեն բառից: Ապրե՛ս, որ խիստ ես քո խոսքի նկատմամբ:
Նաև նկատեց, որ խմբագրի անունը Մ. Արիստակեսյան էր գրված. գիծ քաշեց վրան և իր գեղեցիկ ձեռագրով գրեց՝ «Հր. Մաթևոսյան». այդ օրինակը հիմա էլ պահում եմ ինձ մոտ:
Արդեն ասել եմ, որ երբ Երևան էի մտնում, անպայման իրենց տուն էի գնում միշտ ծաղիկներով և թթի կամ հոնի օղիով: Ու մինչ Վերժուկը սուրճ կբերեր, մենք օղին փորձում էինք և բաժակները դնում նույն տեղը:
Մի օր էլ անջատված մի հարկ վերև էի բարձրացել. թակեցի, դուռը բացեցին, ներս հրավիրեցին: Չհարցրին՝ ով ես, ում մոտ ես եկել, դե, ես էլ ներս մտա, ծաղիկները տվեցի դուռը բացող խստադեմ տիկնոջը, որը անմիջապես դրեց ծաղկամանի մեջ և առաջարկեց նստել: Նստեցի, օղին պահեցի, որ անձամբ Մաթևոսյանին տամ: Երկուստեք սպասում ենք. ես սպասում եմ, որ ուր որ է ծանոթ մարդ կերևա՝ Հրանտ Մաթևոսյանը կամ ընտանիքի անդամներից մեկը ներս կմտնի, իրենք էլ հավանաբար սպասում էին, որ ես խոսեմ, ներկայանամ: Նայում եմ երեխային օրորող խստադեմ տիկնոջը և ենթադրում, որ Վերժինեի մայրն է, երեխան՝ Շողերի երեխան, իսկ հաշմանդամի սայլակին նստած տարեց տղամարդն էլ՝ Վերժինեի հայրը: Այդպես ենթադրություններ եմ անում և սպասում: Լռությունը երկարեց, և ես համարձակություն առնելով՝ հարցրի.
– Ներեցե՛ք, ընկեր Մաթևոսյանը կամ տնեցիներից որևէ մեկը տանը չե՞ն:
– Տնեցիները բոլորը տանն են, – չոր-չոր ասաց երեխային օրորող խստադեմ տիկինը, իսկ Մաթևոսյանին տեսնելու համար մի հարկ ներքև իջեք,-տիկինը խոսելու հետ բացեց դուռն ու ասաց՝ խնդրեմ:
Ես կարմրատակած վեր թռա և ներողություն խնդրելով՝ դուրս եկա սենյակից: Ուզում էի իջնել, հիշեցի, որ ծաղիկները մնացին ներսում. նոր ծաղիկներ չէի կարող գնել, մոտս միայն հետդարձի ճանապարհի գումարն էր, ուրեմն պետք է ծաղիկները հետ վերցնեի: Կրկին թակեցի դուռը, խստադեմ տիկինը բացեց և ինձ տեսնելով՝ նյարդային հարցրեց.
– Հիմա ի՞նչ եք ուզում:
– Մաթևոսյանի ծաղիկները, – ասացի, – կներեք, բայց…
– Ինձ Ձեր ծաղիկները պետք չեն, վերցնեիք, ո՞վ էր Ձեր ձեռքը բռնում,-քամահրանքով ասաց տիկինը և ջրից հանելով ծլլացող ծաղիկները՝ կոպտորեն դրեց ձեռքս: – Ուրիշ բան չե՞ք մոռացել…
Ես նայեցի ձեռքիս տոպրակին:
– Ո՛չ, – ասացի, – կներե՛ք, – և արագորեն ներքև իջա՝ ծիծաղս հազիվ զսպելով:
Դուռը բացեց Մաթևոսյանը: Վերժինեն այդ ժամերին աշխատանքի էր լինում, տեսնելով ծիծաղկոտ դեմքս՝ ասաց.
– Էս ի՞նչ ուրախություն ես բերել:
Ես ներս մտա և այլևս չկարողանալով ինձ զսպել՝ ծիծաղի միջից ուրախ-ուրախ պատմեցի եղելությունը: Պատմելուս հետ մի տաք ժպիտ հալվեց Մաթևոսյանի շուրթերին, որ աստիճանաբար ողողեց ամբողջ դեմքը, իսկ երբ հասա ծաղիկները հետ վերցնելու պահին, քիչ էր մնում ծիծաղեր. ասում եմ՝ քիչ էր մնում, որովհետև ես նրան ծիծաղելիս չէի տեսել:
– Ծաղիկները չպետք է հետ վերցնեիր, – ասաց, – հերոսենց տուն ես գնացել. հաշմանդամի սայլակին նստածը Հայրենական մեծ պատերազմի հերոս է:
– Դուք էլ գրական աշխարհի հերոսն եք, ընկե՛ր Մաթևոսյան, և ծաղիկները Ձերն են: Բայց «Շողերի երեխային» օրորող տիկինը շատ խիստ էր ու տիրական, իրեն այնպես էր պահում, ոնց որ մարշալ լիներ:
– Դատախազ է, – ասաց Մաթևոսյանը, – համարյա մարշալ: Բա ի՞նչ էիր ուզում. կա՛մ ինչ որ մեկին սպասելիս է եղել, կա՛մ մտածել է՝ գնացել ես, ինչ-որ բան խնդրելու՝ կաշառք ես տարել, իսկ դու հիասթափեցրել ես: Քիչ է կաշառք չես տարել, ծաղիկներն էլ հետ ես վերցրել: Դեռ լավ է՝ գործ չի հարուցել վրադ: Դե, լավ, լավ, կատակում եմ, վերևի հարևանները շատ կարգին մարդիկ են: Արի մի-մի բաժակ բան խմենք, խմենք հերոսի կենացը ու գնանք խոհանոց՝ քաղցած կլինես: Տեսնենք Վերժուկը ի՞նչ է թողել մեզ համար: Լանգետ հաստատ կլինի (լանգետ շատ էր սիրում):
Շատ լավ օր էր. լավ տրամադրություն ուներ, երկար զրուցեցինք: Հիշողությունների մեջ էր. մեծագույն ափսոսանքով խոսեց Մուշեղ Գալշոյանի մասին, ապա մեծ սիրով իր ընկերների՝ Զորիկի՝ Զորայր Խալափյանի, Մանուկ Մնացականյանի և Ֆելոյի՝ Ֆելիքս Մելոյանի մասին: Ասաց, որ իր գործերի մեծ մասը Զորիկի գրամեքենայով է հավաքել: «Ես գրամեքենա չունեի,- պատմեց,-Զորիկը իր գրածը հավաքում էր, հետո գրամեքենան բերում ինձ, ես էի շարում իմ գործերը, հետո կարդում էինք միմյանց»: Այդ օրը ես հեռակա «ծանոթացա» Անդրեյ Բիտովի, Ռեզո Գաբրիաձեի, Ռուստամ Իբրահիմբեկովի, սցենարական կուրսի ղեկավար Վալենտին Եժովի հետ: Մեր բարեկամությունը մի տեսակ հարազատության էր վերածվել: Դա թերևս բնաշխարհի և բարբառի նույնությամբ էլ էր պայմանավորվում: Կես խոսքից իրար հասկանում էինք. գյուղացու հոգսն ու ցավը նույնչափ հասանելի էր երկուսիս. մենք կարող էինք գորովանքով դիտարկել նրանց մանրիկ խորամանկություններն ու պարծենկոտությունները: Քննարկել, թե որքան դիպուկ կարող են լինել գյուղացիների՝ միմյանց բնորոշող մականունները, կենդանիների վարքը, հիանալ իմ ու իր ճանաչած ծմակով ու թավուտով, հիշել ու երազել հանդի բերքն ու բարիքը. հոն, տխիլ (պնդուկ), վայրի տանձ ու խնձոր, պոպոք, կաղին, հաճար, սինձ ու զկեռ:
-Հաճար կերե՞լ ես, -հարցրեց մի օր:
– Իհարկե կերել եմ, – ասացի:
– Գլուխդ պտտվե՞լ է, սրտխառնոց էլ ես ունեցե՞լ, դե, ասա՝ ինչի՞:
– Որովհետև հաճարը կերել եմ ծառի տակ՝ հում-հում, առանց բովելու:
Ինձ ժամանակ առ ժամանակ նախատում էր.
– Ինչու՞ ես «Դուք» – ով խոսում հետս:
Բայց ես այլ կերպ չէի կարող, քանի որ քաջ գիտակցում էի, որ նա մեզնից մեկը չէ, շա՜տ մեծ է, և ակնածանքը թույլ չէր տալիս «դու»-ի անցնել:
Ձմռան մի օր էլ Վերժուկից խոսեցինք. ինքն աշխատանքի էր, ես գրողների միություն էի մտել, այնտեղից էլ Մաթևոսյանենց տուն: Միությունում շատերը վատ էին տրամադրված Մաթևոսյանի կնոջ նկատմամբ: Շատ էին խոսում, թե Վերժինեն խանգարում է Հրանտին, չի թողնում շփվել մարդկանց հետ, որ անվերջ ստիպում է աշխատել:
Լռեց… Լռությունը երկարեց. մտովի ուրիշ տեղ էր. թախծոտ աչքերը ասես սենյակից դուրս հեռու՜, հեռու՜տեղ էին նայում… Ու մեկ էլ խոսեց.
– Էս Վերժուկը կյանքս ուտում էր. ո՛չ իր հետ էի կարողանում, ո՛չ էլ առանց իրեն: Շատ հաճախ էինք վիճում: Վերջը որոշեցինք միմյանց ժամանակ տալ. կա՛մ պիտի հեռանայինք իրարից, կա՛մ միասին ապրեինք: Վերժուկը գնաց Հանքավանի ճամբարներից մեկում մանկավարժ աշխատելու: Առաջին մի շաբաթը լավ էր առանց Վերժուկի. հետս վիճող չկար, ականջս դինջ էր, անսովոր ազատություն էի զգում, և դա լավ էր: Հետո օդը սկսեց չհերիքել, կարոտում էի անգամ մեր վեճերին, թիկունքիս նրա տաք շնչառությունը չէի զգում: Ահա ուրեմն առանց Վերժինեի դիմացա ընդամենը մեկ շաբաթ և գնացի նրա հետևից: Սկզբում Վրեժին հանդիպեցի: Վրեժը ճամբարի ավագ ջոկատավարն էր կարծեմ, և ամեն ինչ նրա վերահսկողության տակ էր, նաև իմ ու Վերժինեի կապավորն էր: Եվ հետո նա պետք է ճամբարի երեխաներին հսկեր նաև Վերժինեի մասով՝ աղջիկներին, որ Վերժուկը կարողանար ճամբարից դուրս գալ: Պայմանավորվեցինք, որ ես կսպասեմ մոտակա կամրջի վրա: Օդի սառնությունը անձրև էր խոստանում: Վրեժն ինձ հագցրեց ճամբարի պահակի կնգուղավոր անձրևանոցը, ժամ պայմանավորվեցինք ու բաժանվեցինք: Պայմանավորված ժամից մեկ ժամ շուտ ես կամրջի վրա Վերժուկին էի սպասում: Ամպն ու չանգը (մառախուղը) պատել էին կամուրջը: Ամպերն էնպես էին չոքել, որ երկինքն ու երկիրը խառնվել էին իրար: Ահա ուրեմն մոտենում էր հանդիպման ժամը. ես հույս չունեի, թե Վերժուկը էդ եղանակին դուրս կգար ճամբարից, բայց չէի էլ կարող հեռանալ: Սպասում էի համակ ուշադրություն դարձած, մեկ էլ հանկարծ ծովյանը(փայլակը) խաղաց, ամպերը դղրդացին, լսվեց ամպրոպի որոտ ու ճայթուն. մի պահ չորս կողմը լուսավորվեց և միանգամից տեղատարափ անձրև սկսվեց, որ դիմահար խփում էր դեմքիս և անձրևանոցի փեշերից ծլլում ոտքերիս, որ առանց այդ էլ ջրի մեջ էին, բայց ես տեղիցս չէի շարժվում: Աչքս դիմացի կածանին էր, որ մառախուղի պատճառով չէր երևում, ու թեև չէր երևում, հայացքս չէի կտրում այդ ուղղությունից. ես Վերժուկի մոտենալն առանց տեսնելու էլ կզգայի: Մեկ էլ անձրևը միանգամից, ինչպես որ սկսվել էր, այնպես էլ կտրվեց, և երկինքը ծիածան կապեց դիմացի անտառից մինչև կամուրջ, ու ծիածանի տակ երևաց Վերժուկը՝ թաց խոտերի միջով լանջն ի վեր բարձրանալիս. սքանչելի տեսարան էր. չգիտեմ՝ ծիածա՞նը բերեց Վերժուկին, թե՞ Վերժուկն իր հետ ծիածան բերեց: Շատ խորհրդանշական էր ծիածանն էլ, կամուրջն էլ…Բնությունը մեր կողմն էր, ու մենք որոշեցինք կամրջել մեր կյանքը:
Մի տաք ժպիտ էր հալվել Մաթևոսյանի դեմքին, կկոցած աչքերը շարունակում էին նայել հեռու՜, հեռու. երևի մտովի կամրջի վրա էր, և ես տեսնում էի այն ամենը, ինչ պատմում էր…
Հետո նրանց հանդիպումների մասին պատմեց Վրեժ Հակոբյանը, որը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենն էր 1998-2003 թթ., իսկ ես՝ նրա տեղակալը: «Ես իմ ամագն ունեմ նրանց միության մեջ, ես էի կազմակերպում նրանց հանդիպումները»,- քթի տակ ծիծաղելով՝ ասում էր Վրեժը:
Ավելի ուշ այդ մասին պատմել է Վերժինեն: Հիմա էլ տարիների հեռվից զարմանքով ու հպարտությամբ ասելով՝ «Տնաշենի տղան էդ հորդառատ անձրևին չէր էլ փորձել որևէ տեղ պատսպարվել, ոտքից գլուխ թրջված՝ ինձ էր սպասում»:
Շարունակելով կնոջ թեման՝ Մաթևոսյանն ասաց, որ նա ճակատագրական դեր է ունեցել իր կյանքում. «Վերժինեն ձեռքս բռնեց, նստեցրեց իր կողքին և այլևս բաց չթողեց, և դա լավ էր»,- կես կատակ, կես լուրջ ավելացրեց Մաթևոսյանը, – նա չլիներ, կարող էի ինստիտուտը չավարտել, իր համար էի գնում. ես այնտեղ սովորելու բան չունեի, և ինքը գիտեր դա»: Գորովանքով պատմեց, որ իր համար դժվար, շատ անգամ ծանր, անելանելի պահերին Վերժինեն միշտ եղել է իր կողքին՝ ուժեղ, ամուր, հավատավոր: ««Ահնիձոր» -ից հետո սարսափելի ծանր օրեր ենք ապրել, Վերժուկը չլիներ, չգիտեմ՝ ինչով կվերջանար: Բոլոր դռները փակվեցին իմ առաջ, մղձավանջը շարունակվում էր, ինձնից ոչինչ չէին տպագրում, նույնիսկ՝ հոդվածներ: Մոսկվա գնալուս էլ է շատ նպաստել Վերժուկը: Ես դժվարանում էի նրան երեխայի հետ մենակ թողնել ու գնալ: Վերժուկը պնդեց, համոզեց. «Քեզ էս միջավայրից գոնե միառժամանակ կտրվել է պետք, Հրա՛նտ, դու պետք է աշխատես, որն այս իրականության մեջ հնարավոր չէ: Ես գլուխ կհանեմ, մեր մասին մի՛ մտածիր, գնա՛»: Հետո էլ քիչ չէ՝ երեխային մենակ էր պահում, դեռ ինձ համար էլ ամեն ամիս կոնյակ ու բաստուրմա էր ուղարկում: Հետո անընդհատ գրում էր ինձ՝ ոգևորում, պահանջում: Ինձ մղում էր ավելի ու ավելի բարձրաժեք գործեր ստեղծելու, աշխարհին, մարդկությանը ներկայացնելու գործեր»:
Ի հաստատումն Մաթևոսյանի խոսքերի՝ ուզում եմ այստեղ մի հատված մեջբերել Վերժինե Մովսիսյանի մի նամակից, որ ուղղված է Մոսկվայի սցենարական բարձրագույն կուրսերում սովորող Հրանտ Մաթևոսյանին:
«…ես ուզում եմ, որ քո, իմ մտածած, երազած, ապրած գիրքը լինի ամենահիանալի, ամենալավ գիրքը, մեծ լավերի մեջ: Ես չեմ ուզում, որ այս մկնաժողովում քեզ ծափահարեն, և այս ծափերից երջանիկ, այսօր էլ հանգստանանք, վաղն էլ, մյուս օրը նորից ծափ: Ո՛չ, ես ուզում եմ լուրջ, շատ լուրջ ու գեղեցիկ գրականություն, որ էս անտեր Հայաստանից հանես ու դնես մի մեծ, հավասար սեղանի, որ այդտեղ զարմանան: Դրա համար հարկավոր է ամենալուրջ աշխատանքը… Ես ուզում եմ քեզ համար աշխատանքի պայմաններ ստեղծել… գրասեղան… գրամեքենա…»:
Վերժինեն Մաթևոսյանին մշտապես ազատել է ընտանեկան, կենցաղային ամեն տեսակ հոգսերից: Մաթևոսյանն ավելացրեց, որ ինչքան մերժելու բան կար, Վերժինեն վերցնում էր իր վրա: Եվ այդ պատճառով հաճախ անբարյացակամ, վատ մարդու տպավորություն է թողել: Իսկ Վերժինեն ասում է. «Ճիշտ է, որ խմել սիրող տղերքից Հրանտին հեռու եմ պահել և էլի շատ ու շատ անցանկալի բաներից: Ինքն ուզում էր աշխատել, իսկ նրանք անընդհատ ձգվում էին դեպի Հրանտը, եթե այդ բոլորին ներս թողնեի, Հրանտի օրը կկորչեր, ինքը չէր կարողանում մերժել, շատ փափկերես էր ու անօգնական. նրա կողքին ես պարտավոր էի ուժեղ ու խիստ լինել: Թե այդպիսին չլինեի՝ Հրանտին կուլ կտային: Էնպես չէր, որ Հրանտը գրելու մեծ ժամանակ ու հնարավորություն ուներ: Ես գիտեի, որ շատերի աչքի գրողն եմ դառնում, բայց նաև վստահ էի, որ այդպես էր պետք»:
Շատ հաճախ Մաթևոսյանին խոցելու համար թիրախավորում էին Վերժինեին և այդպես երկուսին էլ խոցում: «Վերժուկն իմ պատճառով շատ հարվածներ է կերել, բայց միշտ մնացել է ամուր և ուժեղ: Հիմա ինքդ որոշի՛ր, խանգարել է, թե՞ օգնել: Եվ ինքդ էլ պատասխան տուր տակից-գլխից խոսողներին»,- այդպես ավարտեց Մաթևոսյանն իր խոսքը:
Արդեն ասացի, որ շատ հաճախ Մաթևոսյանին խոցելու համար թիրախավորում էին Վերժինեին, հատկապես այն ժամանակահատվածում, երբ Մաթևոսյանը ՀԳՄ նախագահն էր, իսկ Վերժինեն Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենը: Ամեն օր մի խայտառակ հոդված էր լույս տեսնում Վերժինեի դեմ: Մաթևոսյանը զայրանում էր, ցավ ապրում, բայց թույլ չէր տալիս դրանց պատասխանել. գտնում էր, որ արհամարհանքը լավագույն պատասխանն է, բայց երևում էր, թե ոնց էր նյարդայնանում, մանավանդ որ քննադատությունը հիմնականում անհիմն էր: Այնպես չէր, որ Վերժինե Մովսիսյանն ինքն էր ցանկացել Թումանյանի թանգարանի տնօրեն դառնալ: Իմ համակուրսեցին՝ բանաստեղծ Արմեն Շեկոյանը, որ թանգարանի տնօրենն էր, տևական ժամանակ խնդրում էր, համոզում Վերժինեին, որ համաձայնի ստանձնել թանգարանի տնօրենի պաշտոնը, քանի որ այն ձեռքից գնում էր, իսկ ինքը ոչինչ չէր կարողանում անել: «Դու կին ես, քեզ ավելի շատ կլսեն, նաև Մաթևոսյանի կապերը կարող ես օգտագործել, իսկ նախարարի հետ ինքս կխոսեմ»,- համոզում էր Արմեն Շեկոյանը: Երկար դիմադրելուց հետո Վերժինեն համաձայնել է: Այդ մասին հենց Արմենն է պատմել ինձ: Առաջին գործը եղել է հնարավորություն գտնել՝ կարգի բերելու թանգարանի շրջակա տարածքն ու նկուղային հարկը: Մեկ շաբաթ վեց հոգի հակագազերով աշխատել են թանգարանի շրջակայքում և նկուղում՝ այնտեղից դուրս մղելով տիղմն ու կեղտաջրերը: Դա կարող են վկայել այսօր էլ թանգարանում իրենց աշխատանքը շարունակող աշխատակիցները, թեև հիմա էլ արդեն տևական ժամանակ թանգարանի դռները փակ են իշխանությունների «հոգածության» շնորհիվ. վերանորոգելու պատրվակով փակել են, ու գործը տեղից չի շարժվում շուրջ երկու տարի: Իր բարեկամ Արկադի Խաչատրյանի միջոցով վերականգնել է Թումանյանի գրադարանի ամբողջ գրականությունը: Բազում գնահատելի աշխատանքներ է կատարել Վերժինե Մովսիսյանը մինչև բանաստեղծի 130-ամյակի տոնակատարությունը, ապա մեծ շուքով նշել այն: Ի դեպ, որին ներկա եմ եղել նաև ես: Կարծում եմ, որ նրա կատարած աշխատանքների ցանկը նշելու կարիք չկա, հետաքրքրվողը կգտնի, կիմանա, միայն ավելացնեմ, որ «Լինս»-ի ծրագրով Թումանյանի թանգարանը վերանորոգելը նույնպես Վերժինե Մովսիսյանի ջանքերի շնորհիվ է եղել: Հիշյալ ծրագրում թանգարանների նորոգում նախատեսված չէր:
Քանի որ թատրոնում էի աշխատում, երբեմն Մաթևոսյանին և Վերժինեին ներկայացման էի հրավիրում. Վերժինեին ուղեկցում էր մինչև թատրոն, ինքը ներս չէր մտնում, մի տեսակ խուսափում էր: Նաև չէր սիրում խոսել իր ֆիլմերի և ներկայացումների մասին: «Աշնան արև»-ում Վիոլետ Գևորգյանի խաղը հավանել էր միայն առաջին մի քանի ներկայացումներում: Հետո՝ ոչ: Դժգոհ ասում էր, որ հետո ներկայացումը թամաշայի էին վերածել ու նյարդայնանում էր: Փոխարենը հիացմունքով էր խոսում «Ժայռը» ներկայացման մասին. «Ուրիշ այդքան կուռ, ամբողջական ներկայացում չեմ տեսել,- ասում էր,- «Ժայռը» ժայռեղեն ներկայացում էր»: Ցնցված էր Գուրգեն Ջանիբեկյանի խաղով, ըստ նրա՝ բոլոր դերակատարներն էին շատ լավ խաղում, գտնում էր, որ Վարդան Աճեմյանի հիասքանչ աշխատանքը՝ «Ժայռը», անթերի ներկայացում էր: Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» ներկայացումը նույնպես շատ էր հավանել: Առիթը օգտագործելով՝ խնդրեցի մի քիչ պատմել Սարոյանի մասին:
Պատմեց, որ հայաստանյան երկրորդ այցելությունից առաջ Սարոյանը խնդրել է, որ իրեն դիմավորող գրողների պատվիրակության մեջ անպայման Հրանտ Մաթևոսյանը լինի: Եվ ահա այդ օրը, երբ գնացել են Սարոյանին դիմավորելու, գրողների պատվիրակությանը թույլատրվել է մտնել թռիչքադաշտ, մոտենալ ընդհուպ ինքնաթիռին: Դեռ աստիճանավանդակից Սարոյանը, ձեռքը ամպհովանի արած, նայել է պատվիրակության կողմը, հայացքով փնտրել Մաթևոսյանին: Դիմավորող գրողները առաջ են մղվել, իսկ Մաթևոսյանն ամաչելով մնացել է տեղում կանգնած:
– Բոլորը ներկայանալի տեսք ունեին՝ հագած-կապած, ինքնավստահ, իսկ ես նիհար-բոյով ու գեշ,-շարունակեց Մաթևոսյանը:
Սարոյանն իր բամբ ձայնով հարցրել է.
– Հրանդ Մաթևոսյան ո՞ր մեկն է, ես անոր գուզեմ:
– Գրողները մատնացույց արեցին իմ կողմը, ես ընդառաջ գնացի, ողջագուրվեցինք, հետո ցանկություն հայտնեց իր հետ նույն մեքենան նստել և մեր տուն գնալ. ես մի կերպ խուսափեցի, քանի որ տունը շատ անշուք էր՝ չվերանորոգված, բաղնիք-պետքարանում խնդիրներ կային:
– Ատանկ է, նէ, ծննդավայրդ կերթանք, – ասել է Սարոյանը:
Սարոյանին տեղավորում են հյուրանոցում: Հաջորդ օրը, Մաթևոսյանը զանգահարում է սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեի նախագահ Վարդգես Համազասպյանին և հայտնում Սարոյանի ցանկությունը:
– Խնդրեցի մի մեքենա տրամադրել «առանց պոչ» -ի. նկատի ունեի առանց ԿԿԲ-ի աշխատակցի: Լավ կլինի, – ասացի, – խանգարող չլինի. երկու գրող ենք, հանգիստ զրուցենք միմյանց հետ:
Վարդգես Համազասպյանը սիրով համաձայնում է: Ահնիձորում իրենք երկուսով ու միայն վարորդն է իրենց հետ եղել, որ փոքր-ինչ տարածություն պահելով՝ հետևել է իրենց, երբեմն էլ որևէ խոսքով միջամտել զրույցին:
– Իսկ ավելի հաճախ հետ էր ընկնում, մեզ մենակ թողնում: Շատ լավ ժամանակ ենք անցկացրել:
Սարոյանը ազատ, անկաշկանդ շփվել է գյուղացիների հետ, հաճախ հարցնելով.
– Անցավորնեդ ու՞րկից են, եկվո՞ր եք: Ու՞րկե եկած են Հայաստան:
Հատկապես շատ ջերմ է եղել Մաթևոսյանի հոր և Սարոյանի հանդիպումը: Երկար գրկախառնվել են, միմյանց որպիսությունը հարցրել՝ ասես հին ծանոթներ լինեին: Շատ ախորժակով կերել է մեծ քանակությամբ մեղր և մածուն: Հետդարձի ճանապարհին հաճախ կանգ են առել, հիացել Լոռվա թավ անտառներով, քար ու քարափով, սար ու ձորերով: Մաթևոսյանն առաջարկել է մինչև Երևան մտնելը մի կանաչ տեղ ծառի տակ նստեն, մոր դրած ճանապարհի պաշարով հաց ու ջուր անեն: Մի հարմար տեղ վարորդր մեքենան կանգնեցրել է:
– Ճամփեզրի խոտերի մեջ մորից հեռացած մի էշի քուռակ էր կանգնած, – պատմեց Մաթևոսյանը, – Սարոյանը մոտեցավ, շոյեց իշուկի դունչն ու՝
– Հրա՜նդ, ասանկ աղվոր աչքեր տեսած չկամ, աս ի՞նչ կենդանի է:
– Էշ է, էշի քուռակ, իշուկ, – պատասխանել է Հրանտը:
– Ի՞նչ է, Սարոյանը էշ տեսած չկա՞ր, – թերհավատությամբ հարցրի ես:
– Պարզվում է՝ ո՛չ, անընդհատ կրկնում էր.
– Շա՜տ աղվոր աչքեր ունի աս կենդանին՝ իշուկը, հայու աչքերու նման աղվոր են ու տխուր, աղվոր ալ անուն ունի՝ ի՜շուկ:
– Երբ սկսեցինք հաց ուտել, ասացի՝ ինչ լավ էր, որ հետներս «պոչ» չկար: Երկու գրողով հանգիստ մեզ համար զրուցեցինք: Վարորդը ժպտալով ասաց.
– Պոչը ես էի, ընկե՛ր Մաթևոսյան:
Երբ որևէ առիթով Վանաձոր էին գալիս Վերժինեի հետ, կամ Մաթևոսյանը՝ գործով, անպայման գտնում էին ինձ. որպես կանոն՝ օրը վերջանում էր որևէ տեղ հաց ուտելով: Ու մասնակիցներս վայելում էինք նրա ներկայությունը, նրա իմաստուն խոսքն ու խայթող հումորը, որը պետք էր հասկանալ: Երբեմն ինձ զայրացնում էր որևէ տգետ պաշտոնյայի՝ նրա հետ շփվելու կերպը: Հաճախ բացակայում էր այն բարձր գիտակցությունը, որ իրենք խոսում ու շփվում են բացառիկ անհատականության հետ, և հավասարության նշան դնել չի կարելի: Եղել է՝ փոքր, մտերմիկ խմբով ենք նշել նրա ներկայությունը. հատկապես կարոտով եմ հիշում այդ օրերը: Մաթևոսյանը մտերիմ էր Լոռու այն ժամանակվա մարզպետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Հենրիկ Քոչինյանի հետ: Նա շատ հարգված ու սիրված նախարար էր, միշտ պատրաստ կանգնած մշակութային օջախների կողքը, իսկ մի ձեռքը միշտ Թումանյանի թանգարանի վրա էր պահում, որի տնօրենը, ինչպես արդեն ասել եմ, Հրանտ Մաթևոսյանի կինն էր, և նրանց մտերմությունը դեռ այդ ժամանակվանից էր գալիս: Վանաձորյան իր մտերիմներից էին նաև գեղանկարիչ Կառլոս Աբովյանն ու քաղսովետի գործկոմի, ապա անկախության տարիներին քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչ Լաերտ Մկրտչյանը: Նրանք միշտ պատրաստ էին հյուրընկալել Մաթևոսյանին և պատիվ էին համարում նրա հետ հացի նստելը: Քանիցս եղել ենք բնության գրկում, ջերմ մթնոլորտում վայելել նրանց հյուրասիրությունը: Հիշում եմ՝ մի անգամ Լաերտ Մկրտչյանը իր հետ բերել էր հայտնի դուդուկահար Ատոյին (Արտավազդ Հովհաննիսյան): Վանաձորի «Քոթուկներ» կոչվող հանդամասում մի տեղ՝ ջրին մոտ, հացի էինք նստել: Լաերտն ասաց.
– Հրա՛նտ ջան, Ատոն քեզ համար է եկել, ի՞նչ կուզես՝ նվագի:
– Վերժուկն ավելի լավ գիտի, թող Վերժուկն ասի:
Վերժուկը մի պահ մտածեց և Ատոյին գավառական զուռնաչու տեղ դնելով՝ վստահ, որ չի կարողանա նվագել իր ուզածը, գլուխը հպարտությամբ բարձրացրեց և ուսի վրայով մարտահրավեր նետողի նման գրեթե հայտարարեց՝ «Պաղտասար Դպիր «Ի ննջմանեդ արքայական»», – ասաց և ինքնագոհ դիրքավորվեց՝ ասես նախօրոք վայելելով Ատոյի պարտությունը: Մաթևոսյանն անհանգիստ շարժվեց տեղում, մի տեսակ իրար խառնվեց. այդ պահին նա Ատոյի կողմից էր, և տագնապում էր՝ հանկարծ ու չկարողանա նվագել, անհարմար վիճակի մեջ հայտնվի, վատ զգա: Եվ փորձելով կռահել՝ հարցական նայեց Ատոյին, հետո Վերժինեին՝ իբր էդ ի՞նչ պատվիրեցիր էդ մարդուն և դառնալով դուդուկահարին՝ ասաց.
– Չէ՛, ես ուրիշ բան եմ ուզում նվագես, Վարպե՛տ…
Ու մինչ ուզում էր պատվիրել, Ատոն դուդուկը վստահ տարավ շուրթերին և շրջակա անտառի, կանաչ հովտի, քիչ ներքևում հոսող գետի ջրերի վրա տարածվեց դուդուկից ասես դժվար պոկվող հոգեպարար մեղեդին, և մենք լռությամբ, հիացմունքից քար կտրած, լսեցինք այդ դժվար գործի բարձրարվեստ կատարումը: Ատոն վերջացրեց, դուդուկը սրբեց, դրեց սեղանին և սպասողական Վերժինեին նայեց, ասես հարցներ. «Հը՛, ի՞նչ կասես»: Վերժինեն ոտքի կանգնեց, արժանապատիվ պարտվողի նման գլուխը թեթևակի խոնարհելով, շնորհակալություն հայտնեց. «Ապրե՛ս, Վարպե՛տ ջան, շատ գեղեցիկ կատարում էր»: Միայն տեսնել էր պետք Մաթևոսյանի անկեղծ հրճվանքը, կարծես Ատոյի փոխարեն ինքն էր քննություն բռնել… Մեկ էլ անսպասելի հանդ ու դաշտի վրա ծփաց Լաերտ Մկրտչյանի հրաշալի առինքնող ձայնը ու տարավ իր հետևից՝ հուզելով մեզ մինչև հոգու խորքերը… «Չէի՜ր, չէի՜ր, չէիր սիրու՜մ»… Սևակի «Երեքնուկը»-ն էր կատարում. այս անգամ Ատոն դամ էր պահում: Աննման օր էր:
Տևական ժամանակ Երևան չէի գնացել, մեկ էլ Զեփյուռը՝ ընկերուհիս, որն իմ դժվար օրերի շտապօգնությունն էր, հրավիրեց Սևանա լճի ափամերձ գյուղերից մեկի՝ Ջիլի իրենց ամառանոցը: Հոկտեմբեր ամիսն էր:
Քաղաքում ծնված, մեծացած այդ աղջիկը հող ու ջրի հետ անքակտելի կապված գյուղացու նման կարող էր վար ու ցանք անել, ծառ տնկել ու պատվաստել, թուխս դնել, մեղու պահել, չափար անել (ցանկապատել) և բերք ու բարիք ստանալ: Իր տնամերձ հողամասի համար չափար էին դարձել իրար մեջ աճած գերխիտ մասրենիները: Ահա Զեփյուռը, չխնայելով քաղաքաբնակի խնամված ձեռքերը, կտրել էր մասրենիների չորացած ճյուղերը, քոքը մաքրել, որ սնունդը ամբողջությամբ բերքատու ճյուղերին հասնի և ջրել էր, խնամել անընդմեջ, ու մասրենիները ո՜նց էին բռնել, հո չէի՜ն բռնել, խոշոր, գեղեցիկ մասուրները կախվել էին ճյուղերից: Այնքան հյութեղ, կարմիր ու սիրուն, ասես նկարած: Երկու օր մնացի, որոշեցի այդ մասրենու ճյուղերից տանել Մաթևոսյանին՝ վստահ, որ շատ կուրախանա: Մի քանի փարթամ ճյուղ ընտրեցի, գնացի Երևան: Մինչև Մաթևոսյանենց տուն հասնելը քանի՜-քանի հոգի կանգնեցրին, ոչ ոք անտարբեր չէր կարողանում անցնել, անսովոր խոշոր, հյութեղ մասուրները ուղղակի ձգում էին մարդկանց, ուզում էին շոշափել. շատերին թվում էր՝ իրական չեն. «Էս ի՞նչ հրաշք է», – ասում էին:
– Հրանտ Մաթևոսյանի համար եմ տանում,- պատասխանում էի հրճվանքով:
Դուռը բացեց ու որ չտեսա՞վ մասրենու շքեղ ճյուղերը, երեխայի պես ուրախացավ: Նայելուց չէր հագենում՝ մեկ պատին էր պահում, մեկ սեղանին դնում, մեկ էլ դրեց բարձր գրապահարանի գլխին՝ ճյուղերը կիսով չափ կախելով պահարանից: Նայեց, նայեց հիացմունքով ու…
Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:
Մասրենու ճյուղերը Համո Սահյանին էին հիշեցրել: Պաշտամունքի հասնող սեր ուներ Համո Սահյանի նկատմամբ: Իր համար Համոն հենց բնությունն էր, բնության կենդանի մարմնավորումը: Եվ անգիր գիտեր նրա գրեթե բոլոր բանաստեղծությունները: Ուրիշ էր նրանց փոխըմբռնումն ու կապը:
– Հո չե՞ս նեղանա, որ մասրենու ճյուղերը տանենք Համոյին, գիտե՞ս ոնց կուրախանա,-ասաց, – արի՛ հենց հիմա միասին տանենք:
Ես պետք է Վանաձոր վերադառնայի, կարճ ժամանակով էի մտել, մի քիչ էլ զրուցեցինք, սուրճ խմեցինք ու միասին դուրս եկանք. ես՝ Վանաձոր, ինքը՝ Համոյենց տուն:
1996 թվականին տեղափոխվեցի Երևան, նույն թվականի ապրիլից Մաթևոսյանը ՀԳՄ նախագահն էր: Վեց ամիս շարունակեցի հեռավար ղեկավարել Լոռվա գրողների բաժանմունքը: Չնայած իմ գրած մի քանի դիմումներին՝ ինձ չէր ազատում աշխատանքից: Ես արդեն աշխատանքի էի անցել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Շա՜տ ծանր տարիներ էին թատրոնի համար: Կարելի է ասել՝ թատրոնի միայն անունն էր մնացել, և միայն անմնացորդ նվիրումը կարող էր վերադարձնել նախկին համբավն ու անունը: Վահե Շահվերդյանը գնաց այդ խիզախությանը՝ ինձ էլ քաշելով այդ հորձանուտի մեջ: Շուրջ երեսուն տարիների ընթացքում մի քանի գեղարվեստական ղեկավարներ եկան ու գնացին, բայց ոչ մեկը չունեցավ նրա աշխատասիրությունը, նվիրումն ու սերը թատրոնի նկատմամբ: Նա, կարելի է ասել, թատրոնում էր ապրում և ապրում էր թատրոնով: Ավելորդ համեստություն չեմ անի: Ինքս էլ նրա նման նվիրվեցի թատրոնին, և եթե Շահվերդյանը ստեղծագործական մասով էր տքնում, ապա ես՝ տնօրինական, թատրոնի հոգսն ու ցավն էի իմն արել. օրն ի բուն վազքերի մեջ էի թե՛ թատրոնի ներսում, թե՛ դրսում, ինչպես ասում են, ժամ ու պատարագ չունեի: Առավոտյան տնից դուրս էի գալիս, ներկայացումների ավարտից հետո՝ տուն գնում: Դա թատրոնի համար շատ լավ էր, ինձ համար՝ որպես գրողի՝ կործանիչ: Ես շատ քիչ էի երևում գրողների միությունում, նաև Մաթևոսյանենց տանը: Հետո իմացա նրա չարաբաստիկ հիվանդության մասին: Վիրահատությունը կատարեցին Ամերիկայում:
Լիահույս էի, որ ճապոնացի բժիշկը փրկել է Մաթևոսյանի կյանքը, կյանք, որն այնքան կարևոր էր ոչ միայն իրեն, իրեն շրջապտողների, այլև երկրի, պետության համար: Սկզբում իր տրամադրությունն էլ էր լավ, կարծում էր, որ ամեն ինչ հետևում է մնացել: Երբեմն երեկոները միանում էի իրենց, դանդաղ քայլում էինք մինչև կոնսերվատորիայի այգի, փոքր-ինչ դադար առնում ու վերադառնում տուն: Դժվար է այդ օրերը նույնիսկ հիմա էլ առանց հուզմունքի հիշել: Թեև վիճակը օր օրի վատթարանում էր, նա չէր թուլանում: Ի՜նչ տղամարդկային արժանապատիվ կեցվածք ուներ. ոչ ոքի թույլ չէր տալիս մոտենալ իր ցավին, միայն աչքերն էին մատնում, ցավն ու տառապանքը նրա աչքերի խորքում էին, որ հողմախռիվ ծով էին հիշեցնում. հիմա աչքերը չէին ժպտում անգամ ժպտալիս: Նույն կերպ իրեն պահում էր Վերժինեն՝ ուժեղ, ամուր՝ իր դերի կարևորության բարձր գիտակցումով: Ինքը գիտեր, որ իր թուլությամբ կթուլացներ Մաթևոսյանին. միայն բողոքում էր, որ չի ուտում:
Վստահ էի, որ Մաթևոսյանն անսահման կարոտում է իր ահնիձորյան ծմակին, իր հանդին ու գետափնյա կանաչ դաշտին: Վստահ էի, որ մտովի վերադառնում է իր մանկությանը, իր արմատներին, թերևս շատ կուզենար թափառել Ահնիձորի անտառներում ու ձորերում, նաև գիտեի, որ երազում էր առանձնատուն ունենալ, մի կտոր հող ոտքերի տակ՝ տնից այգի դուրս գալու հնարավորությամբ: Պետական սենյակների փակ տարածքում տեղը չէր գտնում, օդը չէր բավարարում: Մի քանի անգամ խոսել ենք այդ մասին:
Դժվար էր իրեն տեսության գնալ, ամեն անգամ իր տնից դուրս գալիս սիրտս մղկտում էր, տագնապս՝ մեծանում: Այնուամենայնիվ, որոշեցի մի անգամ էլ գնալ. մտածեցի, որ կարոտած կլինի վայրի հատապտուղներին. կողովի մեջ դասավորեցի մոշ, մոռ, վայրի տանձ, թուզ ու զկեռ՝ իրենց ճյուղերով ու տերևներով…
Ինքը հյուրասենյակում էր: Վերժինեն բացեց դուռը, գնացինք խոհանոց, ձեռքիս կողովը դրեցի սեղանին: Լսելով մեր խոսակցության ձայները՝ եկավ խոհանոց և տեսնելով վայրի հատապտուղներով լի կողովը՝ կարոտով ձեռքը երկարեց, վերցրեց կողովը, հիացմունքով նայում էր, հետո այդպես, առանց լվանալու սկսեց ուտել:
-Ապրե՛ս,-ասաց, – կռահել ես՝ ինչ կուզենայի:
Մի քանի անգամ էլ գնացի, տանը չէր: Շողերը կազմակերպում էր, հորը հանում տնից, բնության գիրկ տանում՝ քաջ գիտակցելով նրա կապը բնության հետ: Մաթևոսյանն ինքն էր որոշում ուր գնալ: Նրանց մշտական ուղեկիցներն էին թարգմանիչ Սամվել Մկրտչյանն ու Նաիրա Զոհրաբյանը: Մաթևոսյանը առանձնահատուկ վերաբերմունք ուներ Սամվել Մկրտչյանի նկատմամբ, շատ բարձր էր գնահատում նրա թարգմանչական շնորհքը, սիրում էր զրուցել Սամվելի, նաև Այդին Մորիկյանի հետ:
Չէր լինում հաճախ այցելել, ահավոր ցավալի էր տեսնել, թե ինչպես է Մաթևոսյանը օր օրի մոտենում երկրի և երկնքի սահմանագծին: Վերջին անգամ նրան տեսել եմ կյանքից հեռանալուց («մահ» բառը այնքա՜ն անհեթեթ է հնչում նրա անվան կողքին) ուղիղ մեկ ամիս առաջ` նոյեմբերի 18-ին: Վերժինեն ուղեկցեց հյուրասենյակ. նստեցի բազմոցին և ձեռքս առա լրագրողական ցածրիկ սեղանի վրա դրված «Մի ուրացեք ձեր եղբորը» հարցազրույցների ժողովածուն, սկսեցի թերթել. բոլոր հայտնի լրագրողները հարցազրույցներ էին վարել Մաթևոսյանի հետ: «Չորրորդ իշխանություն»-ն էր կազմակերպել, այսինքն՝ Շողերը` Մաթևոսյանին խոսեցնելու, տրամադրությունը փոխելու համար: Շատ արժեքավոր գիրք էր, և դրանք բնավ էլ սովորական հարցազրույցներ չէին: Այդ զրույցներից յուրաքանչյուրը փաստում է, որ մենք գործ ունենք բացառիկ անհատականության, աշխարհին ներկայացնելու մեծ, շա՜տ մեծ գրողի հետ: Հյուրասենյակ մտավ Մաթևոսյանը, և ես ակամայից ոտքի կանգնեցի, բարևեց և տեսնելով ձեռքիս գիրքը՝ հարցրեց՝ ունե՞ս, և իմանալով, որ չունեմ, վերցրեց գիրքն ու առանձնացավ իր աշխատասենյակում: Բավական երկար մնաց: Ինչ էլ գրեր, դանդաղ էր գրում` մտածելով յուրաքանչյուր բառի ու արտահայտության վրա: Հետո դուրս եկավ աշխատասենյակից և գիրքը տվեց ինձ: Բացեցի, կարդացի առաջին տողն ու զարմացած նայեցի իրեն. մակագրության մեջ շոշափվում էր մի հայտնի գրող տիկնոջ անուն, կարելի է ասել՝ հեգնում էր, որից ես վատ զգացի: Ասացի՝ կարող է մեկնումեկը կարդա այս մակագրությունը, անհարմար է:
– Շատ էլ հարմար է, – ասաց, – թող կարդան, գրել եմ, ինչ որ կա:
Ներկայացնում եմ մակագրությունը՝ չգրելով, իհարկե, տիկնոջ անուն- ազգանունը.
«Նելլի Շահնազարյանին` սիրով` Հրանտ Մաթևոսյան 18 նոյ. 2002
Որ Այսինչ Այնինչյան չես, որ Այնինչյան Այսինչը դու չես, – էս արդեն մեծ բախտ է. Մի քիչ ձգտիր, մի՜ քիչ՝ դեպի` վեր ու վեհ (ո՞ւր կորավ էն գլխամեռիդ մոր թաղումը. էն կորցնելու, էն թաղելու բան չէր-20 օրից սեղանիս լինի- Հր.) մինչև որ Նելլի Շահնազարյան անունը ինքնին նշանակի այնպիսի օժտվածություն, ինչքան Այսինչ Այնինչյանինը` հավություն, – այս արդեն մեծ բախտավորություն կլինի և´ քեզ, և՛ շատ խաբխբված հայ ընթերցողի համար:
Հրանտ Մաթևոսյան»:
Ես միշտ խուսափել եմ հուշեր գրելուց, հատկապես Մաթևոսյանի մասին դժվար է գրել, քանզի չափազանց մեծ է պատասխանատվությանս զգացումը:
Երկար տարիների լռությունից հետո փորձեցի ինչ-որ չափով լրացնել այդ վիթխարի անհատականության, ժամանակակից և բոլոր ժամանակների մեծ գրող Հրանտ Մաթևոսյանի կերպարը:
Ամենադժվարը վերջն է, իմ այս հիշողությունների ավարտը, որ վերջանում է Մաթևոսյանի երկրային կյանքի ավարտով…
2002 թվականի դեկտեմբերը եղավ չափազանց խստաշունչ ու բոթաբեր: Թեև հիվանդ էր, և վախճանն անխուսափելի, միևնույնն է, չէի ուզում հավատալ, որ մի օր կդադարի բաբախելուց այդ հզոր անհատի, հիասքանչ մարդու սիրտը: Մի մեծ վիհ բացվեց բոթը լսելուց հետո, որ ցայսօր չի լցվում. ո՞վ էր ինքը. հայն ու Հայաստանը` իր պատմությամբ, ներկայով ու ապագայով, իր լաց ու ծիծաղով, իր ուրախությամբ ու տխրությամբ, իր իմաստնությամբ, բայց և մանկան պարզությամբ ու մաքրությամբ, իր` տիրոջ զգացողությամբ: Իրեն օգնության կանչեմ. ինքն իրենով չափանիշ էր մարմնավորում, դեմք ու դիմագիծ էր տալիս իր ժամանակին, իշխանությանն ու հասարակությանը իր առջև հաշվետվության մեջ էր պահում…
Մի քանի օր առատ ձյուն էր տեղում, ճանապարհները փակվել էին, բայց մարդիկ գալիս էին վերջին հրաժեշտը տալու Մեծ գրողին: Գալիս էին Վանաձորից, Լոռվա գյուղ ու գավառներից, Գյումրուց, Ծաղկաձորից: Գալիս էին ավտոբուսը հրելով, ոտքով, ինչով պատահեր: Ի՞նչ ձյուն ու ձմեռ. գալիս էին, որովհետև չգալ չէին կարող:
Ամեն ինչ սպիտակ էր և մաքուր. մաքու՜ր, մաքուր՝ ինչպես իր ապրած կյանքն ու իր արած գործը, ինչպես իր սիրտն ու էությունը, և գեղեցիկ էր թափվող ձյունը, շա՜տ գեղեցիկ, ինչպես իր հոգին: Ինքն ամեն ինչի մեջ գեղեցիկն էր սիրում:
Ես կանգնել էի հեռու, չէի ուզում մոտիկից տեսնել նրան անհարիր այդ արարողությունը: Հետո մոլորված քայլում էի ձյան միջով և իրենից հետո առաջին բանը, որ ակամայից անցավ մտքովս, այն էր, թե հիմա ի՞նչ ենք անելու… անՀրանտ Հայաստան կլինի՞…
ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Բաց մի թողեք
Այսօր, վաղը ինքն է մեր գրականության թագավորը
Վահան Տերյան․ մտքի ուժի պոետը և ժամանակի խիղճը՝ ծննդյան օրն է այսօր
Ինչո՞ւ է Վազգեն Շուշանյանը քիչ հայտնի․ Պարզ ասած՝ նա չի խաղացել գրական շուկայի կանոններով՝ ծննդյան օրն է այսօր