11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Ալի Խամեյնին Վաշինգտոնին «առաջարկում է իշխանության տրանզիտի հնարավորություն թողնել»

Իրանում նշվել է իսլամական հեղափոխության տարեդարձը: Այդ առթիվ, ինչպես տեղեկացրել է Iran Internacional-ը, երկրի ռազմաօդային ուժերի կենտրոնակայան է այցել Իրանի իսլամական հանրապետության հիմնադիր այաթոլլա Ռուհուլլա Խոմեյնիի թոռը՝ Հասան Խոմեյնին:

Լրատվամիջոցի ներկայացմամբ, «դա աննախադեպ է»: Ռազմաօդային ուժերի կենտրոնակայան, ըստ ավանդույթի, այդ օրը պետք է այցելեր Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեին: 1979թ. փետրվարին Իրանի ռազմաօդային ուժերի բարձրագույն սպայակազմը հրաժարվել է շահին տված երդումից, անցել իսլամական հեղափոխության կողմը:

Նույն օրը Իրանի պետական հեռուստատեսության հաղորդավարն ուղիղ եթերում ընդհատել է նախագահ Մասուդ Փեզեշքիանի հրավիրած քննարկումների հեռարձակումը, ինչին, ըստ նույն աղբյուրի, վերջինս արձագանքել է. «Դուք կարող եք մարդկանց զրկել մեզ հետեւելու հնարավորությունից, դա չի խանգարի, որ մենք շարունակենք աշխատել»: Ֆեյսբուքում, ամենայն հավանականությամբ՝ Բաքվից գործող Siyaset akademiyasi («Քաղաքական ակադեմիա»)օգտատերը, վկայակոչելով «Հարավային Ադրբեջանում» իր աղբյուրներին, հայտնել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը «խուզարկություն է անցկացրել նախկին նախագահ Խաթամիի գրասենյակում»:

Համարվում է, որ նա է Մասուդ Փեզեշքիանին «քաղաքականություն բերել»: Նույն աղբյուրն ավելի ուշ գրել է, որ նախկին նախագահ Ռուհանին և նախկին արտգործնախարար Զարիֆը ԻՀՊԿ «կողմից ենթարկվել են տնային կալանքի, ոստիկանությունը Թեհրանում և այլ քաղաքներում ձերբակալություններ է իրականցրել»:

Այլ աղբյուրներ դեռևս նման տեղեկություն չեն հայտնել: Irna պաշտոնական գործակալության կայքում, այդուհանդերձ, Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Ալի Խամենիի և երկրի ռազմաօդային ուժերի հրամանատարության ավանդական հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրություն չկա:

Փոխարենը հայտնի է դարձել, որ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին փետրվարի 10-ին մեկնել է Օմանի մայրաքաղաք Մասկատ, որտեղ, ըստ պաշտոնական հաղորդագրության, «սուլթանության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ կքննարկի «տարածաշրջանային և միջազգային վերջին իրադարձությունները, ինչպես նաև երկկող հարաբերությունների ամրապնդման ուղիները»:

Մասկատում անցյալ շաբաթ կայացել է իրանա-ամերիկյան միջնորդավորված բանակցությունների առաջին փուլը: Իրանական կողմը ներկայացրել է արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին:

Այդ առթիվ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն դժգոհել է, որ Թրամփի վարչակազմին չի հաջողվում կապ հաստատել Իրանի հոգևոր առաջնորդի հետ: Լարիջանին, ըստ երևույթին, Մասկատ է մեկնել որպես այաթոլլա Ալի Խամենեիի հատուկ բանագնաց, որպեսզի միջնորդ երկրի միջոցով ԱՄՆ-ին փոխանցի շատ կարևոր ուղերձ:

Եթե իսլամական հեղափոխության տարեդարձի առիթով Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատարությանն իրոք այցելել է Խոմեյնիի թոռը, ապա կարելի է ենթադրել, որ Իսլամական հեղափոխության առաջնորդ Ալի Խամեյնին, թերևս, Վաշինգտոնին «առաջարկում է իշխանության տրանզիտի հնարավորություն թողնել»:

Դիտարժան է, որ Իրանի ներքաղաքական «սրացումը» համընկնում է ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան և Ադրբեջան այցին: