11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Վենսի նման վառ քաղաքական գործչի այցը Հայաստանը դնում է համաշխարհային ուշադրության կենտրոնում․ Փաշինյան․ Տեսանյութ

Վենսի այցը պատմական է, որովհետև բոլոր ժամանակներում Հայաստան այցելած Միացյալ Նահանգների ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, և օրակարգն էլ բավականին հագեցած էր՝ խաղաղ նպատակներով միջուկային անվտանգության էներգետիկ համագործակցությունից մինչև կիսահաղորդիչներ, չիպեր, 11 միլիոն դոլարի անօդաչու թռչող սարքեր, TRIPP հիմնադրամով, երկու փուլով, հինգ և չորս միլիարդ դրամի ներդրում։

Ամենակարևորն այն էր, որ Վենսը նշեց, որ Հայաստանի հարցում այնքան վստահ է, որ ոչ միայն ներդրումներ են անում, այլև այստեղ տեխնոլոգիաներ են արտահանում։ Եթե ամփոփելու լինենք այս այցը, ի՞նչ էինք սպասում և ի՞նչ ստացանք, ու հետագա համագործակցության համար ի՞նչ հեռանկարներ է բացում։

Հանրային ՀԸ եթերում պատասխանելով այս հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ գործնական առումով ստացանք այն, ինչ սպասում էինք։

«Բայց նաև պետք է նշել, որ այցի մթնոլորտը շատ ավելի հաճելիորեն, շատ ավելի դրական ստացվեց, քան նույնիսկ սպասում էինք: Ես շատ ուրախ եմ արձանագրել, որ մեր հանրության շրջանում շատ դրական ընկալում ունեցավ: Եվ սա, թերևս, մի կարևոր և շատ արտահայտիչ պատկերումն է բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության, որի արդյունքները մենք տեսնում ենք:

Եվ, իհարկե, շատ կարևոր է այցի տնտեսական համատեքստը, որովհետև Միացյալ Նահանգների փոխնախագահի այց, այն էլ Ջեյմս Դի Վենսի նման վառ քաղաքական գործչի այցը, բնականաբար, Հայաստանը դնում է համաշխարհային ուշադրության կենտրոնում: Եվ շատ կարևոր է, որ Միացյալ Նահանգների ներդրումային միջավայրի ուշադրությունը լրացուցիչ հրավիրվում է Հայաստանում բացված և բացվող ներդրումային հնարավորությունների վրա։

Նաև ես գիտեմ, որ քննարկումներ կան թվերի հետ կապված: Շատ կարևոր է արձանագրել, որ Միացյալ Նահանգների փոխնախագահն այդ մեծ թվերի հրապարակումով ցույց է տալիս Միացյալ Նահանգների մեծ քաղաքական կամքն աջակցելու Հայաստանում ներդրումներ իրականացնելու: Այդ մեծ թվերը պետք է կոնկրետացվեն և դարձվեն կոնկրետ նախագծեր, կոնկրետ հասցեներ, կոնկրետ, լոկացիաներ, և, իհարկե, ուղղություններն էլ Դուք արդեն նշեցիք:

Մենք առաջին անգամ Միացյալ Նահանգների հետ պաշտպանության ոլորտում իրականացնում ենք և իրականացնելու ենք համագործակցություն, բայց շատ կարևոր է արձանագրել, որ այս ամեն ինչն իրականում խաղաղության օրակարգի արդյունքներն են: Եվ գիտեք, ուղղակի զարմանալի է, ես հետահայաց նաև փոխնախագահի հետ էինք խոսում, ես հիշում եմ մի տարի առաջ մեր ունեցած հանդիպումը, մենք առաջին անգամ փետրվարի 7-ին ենք հանդիպել 2025 թվականի, ես նույնիսկ մեր զրույցի և ճաշի ընթացքում ասացի՝ հիշում եմ` այդ ժամանակ ինչ վիճակում էր Սպիտակ տունը՝ հին նկարները հանած, նոր նկարները դեռ չկախած, կահույքի այսպես շարժերով, մուտք գործող և դուրս եկող անձնական իրերի արկղերով և այլն, և այդ արկղերի արանքում հնարավոր եղավ այդ հանդիպումը կազմակերպել, որը շատ մեծ նշանակություն ունեցավ: Եվ ես հատուկ ընդգծեցի՝ փոխնախագահի նկատմամբ իմ հարգանքը կրկնապատկվեց, եռապատկվեց, որ ես մինչև Վաշինգտոնից հասա Երևան, Միացյալ Նահանգների դեսպանատնից արդեն մեզ ծանուցեցին, որ այցի արդյունքներով Միացյալ Նահանգների փոխնախագահը զեկուցել է Միացյալ Նահանգների նախագահին, և տրվել են անհրաժեշտ հանձնարարականներ, և դա ինձ չափազանց զարմացրեց: Եվ ահա մենք այսօր տեսնում ենք դրա արդյունքները»,- ասաց վարչապետը: