12/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Հայաստանն ու Իրանը նախատեսում են ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ ստորագրել․ դեսպան

Հայաստանն ու Իրանը նախատեսում են ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ ստորագրել 2026 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թեհրան կատարած այցի ժամանակ:

Այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրգոլամին ՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձին նվիրված ընդունելության ժամանակ։

Նրա խոսքով, կողմերը մտադիր են ինստիտուցիոնալացնել գործընկերությունը եւ զգալիորեն ընդլայնել համագործակցությունը գործառնական ճանապարհային քարտեզի հիման վրա: Նա ընդգծել է, որ երկրների միջև հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն և այսօր հասել են հասունության փուլին, իսկ առաջնորդների փոխադարձ վստահությունը նրանց գլխավոր կապիտալն է:

Դեսպանը կարևորել է նաև տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը և տարանցիկ ներուժի զարգացումը՝ ընդգծելով, որ խաղաղությունն ու բարիդրացիությունը Հարավային Կովկասում կայունության առանցքային պայմաններն են:

«Իրանի և Հայաստանի ժողովուրդների միջև բարեկամությունն ու կապը հազարամյակների պատմություն ունի և այն ինչ մենք այսօր տեսնում ենք, այդ պատմական, մշակութային և քաղաքակրթական կապի դրսևորումն է»,- այդ մասին Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային տոնի՝ Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձին նվիրված տոնակատարության ժամանակ իր ելույթում ասել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։

Միջոցառմանը մասնակցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը;

Դեսպանը հիշեցրեց, որ նախորդ տարի ստորագրվել է երկու երկրների միջև համագործակցության 12 հուշագիր։

«Իրանի և Հայաստանի միջև Ռազմավարական համագործակցության վերաբերյալ համապարփակ փաստաթղթի ստորագրումը հուսով ենք կարվի ՀՀ վարչապետ պարոն Փաշինյանի՝ այս տարի Թեհրան կատարելիք այցի ընթացքում»,- ասաց դեսպանը:

Նա նշել է, որ այս տարի նշվում է Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձը և Իրանը առաջին երկրներից էր, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը:

«Իրանի 150,000-անոց հայ համայնքը և Իրանում գտնվող տասնյակ հայկական կարևոր սրբավայրերը վկայում են այս անքակտելի կապի մասին»,- ասաց Խալիլ Շիրղոլամին

Դեսպանի խոսքով՝ 2025թ. առաջին 11 ամիսների ընթացքում Իրանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալը, չհաշված պաշտպանական ոլորտը, հասել է 698 միլիոն դոլարի, և երկու երկրների ղեկավարների կողմից նախանշված՝ 3 միլիարդ դոլարին հասնելու տեսլականը դեռ առջևում է։

Նա հայտնել է, որ Իրանը ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը և համոզված է, որ տարածաշրջանի համապարփակ զարգացման և կապերի խորացման նախապայմանը տարածաշրջանի ժողովուրդների միջև խաղաղությունն ու բարեկամությունն է։