13/02/2026

Երբ կլինեն նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը, ինչ է լինելու հների հետ

ՀՀ քաղաքացիները նոր կենսաչափական անձնագրերն ու նույնականացման քարտերը կկարողանան ստանալ այս տարվա աշնանից։

Այդ մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ընթացքում հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը:

Նախարարը տեղեկացրել է, որ կենսաչափական համակարգի ամբողջական ներդրումը Հայաստանում նախատեսվում է 2026 թվականի աշնանը։ Այդ պահից քաղաքացիները հնարավորություն կունենան ստանալու ինչպես նոր սերնդի կենսաչափական անձնագրեր, այնպես էլ նույնականացման քարտեր։

Սարգսյանի խոսքով՝ նույնականացման քարտերի մասով արդեն իսկ իրականացվել են գործնական քայլեր, այդ թվում՝ աշխատանքային այց Չեխիայի Օստրավա քաղաք՝ վերջնական ձևաչափը հաստատելու և արտադրական խմբաքանակը մեծածավալ տպագրության ուղարկելու նպատակով։

Նրա խոսքով՝ ներկայում ավարտական փուլում է կենսաչափական անձնագրի դիզայնի մշակումը։ Մոտ ժամանակներս այն կներկայացվի հանրությանը, ինչից հետո կսկսվի համապատասխան խմբաքանակի տպագրությունը։

Նախարարը նաև ընդգծել է, որ հին նմուշի անձնագրերը ավտոմատ կերպով շրջանառությունից դուրս չեն գա։ Քաղաքացիները կկարողանան շարունակել դրանց օգտագործումը մինչև վավերականության ժամկետի ավարտը։

Ինչ վերաբերում է կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արժեքին, Սարգսյանը նշել է, որ գները դեռ վերջնականացման փուլում են և շուտով կհրապարակվեն։ Նա պարզաբանել է, որ ի տարբերություն նախկին ստանդարտ անձնագրերի՝ նախատեսվում է գնային փոփոխություն։