13/02/2026

18 տարի անց մեղադրյալի կարգավիճակում են ՊՊԾ գնդի նախկին հրամանատար Ռոբերտ Մելքոնյանն ու նրա տեղակալ Վալերիյ Օսիպյանը

Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել  նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և Երևանի ՊՊԾ գնդի նախկին հրամանատար Ռոբերտ Մելքոնյանին:

Հակակոռուպցիոն կոմիտեից  այդ մասին հայտնել են․ «Մասնավորապես՝ 2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու գործողությունները կազմակերպելու համար մեղադրանքներ են ներկայացվել նշված ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի և նրա տեղակալի պաշտոնները զբաղեցրած անձանց»։ 2008թ-ից 18 տարի է անցել, Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց՝ 8 տարի,Հակակոռուպցիոն կոմիտեն մի քիչ չի՞ շտապում։ Ուշագրավ է , որ  մարտի 1-ին հրաման տվածն այդ գործով արդարացվել է, իսկ հրաման կատարողներին հիմա մեղադրանք է առաջադրվել։ Հին Հռոմում  իշխանությունը ամբոխին զբաղեցնելու համար անվճար հաց  էր բաժանում և զվարճանքներ՝ գլադիատորական մարտեր կազմակերպում։ Հիմա անվճար հաց չեն բաժանում,  զվարճանքների փոխարեն շոուներ՝ այդ թվում՝ դատական, կազմակերպում են։ Առջևում ԱԺ ընտրություններ են , պետք է հանրության ուշադրությունը շեղել Արցախի հանձնումից, տնտեսական ծանր վիճակից, պետական պարտքը կրկնապատկելուց, միլիոնավոր դրամների պարգևավճարներից։

Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Ուրեմն այսօր պարզ դարձավ, որ մարտի 1-ի իրադարձություններից 18 տարի անց մեղադրյալի կարգավիճակում են ՊՊԾ գնդի նախկին հրամանատար Ռոբերտ Մելքոնյանն ու նրա տեղակալ Վալերիյ Օսիպյանը։ Այն նույն Օսիպյանը, որ 2018թ. իշխանափոխությունից հետո մի որոշ ժամանակ երկրի ոստիկանապետն էր։

Նրանց մեղադրանք է առաջադրվել ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ խաղաղ ցույցը ցրելու գործողությունները կազմակերպելու համար։

Փաստորեն, 2018-ին կիսատ-պռատ, ավելի շատ՝ ինքնարդարացնող ցուցմունքներ տալը, ցուցմունքներում ամեն ինչից անտեղյակ ձեւանալը, ընդամենը հրաման կատարելը, մի փոքր էլ հեռավոր կիսատ-պռատ ակնարկներն էլ չփրկեցին Օսիպյանին՝ մեղադրյալի կարգավիճակում հայտնվելու հեռանկարից։ Ոչ էլ փրկեց լրագրողների մոտ արած հայտարարությունները, թե «Մարտի 1-ին հերթապահել եմ, եւ ինքս զենք-զինամթերք չեմ տեսել, բայց փայտեր բոլորս ենք տեսել»։

Բայց ոչինչ, «չմտահոգվեք». նրանք չեն պատժվի։ Օսիպյանին ու Մելքոնյանին (հիշո՞ւմ եք՝ Բազազ մականունը) կփրկի քրեադատավարական հայտնի դրույթը՝ վաղեմության ժամկետն անցած լինելու մասին։ Չէ՞ որ կատարվածից 18 տարի է անցել։

Ու ստացվում է՝ իշխանափոխությունից հետո 8 տարի պահանջվեց պարզելու, թե ինչ են արել այդ օրերի երկու ամենահայտնի ոստիկանները, որոնց արարքներն ամենաշատն են փաստագրվել՝ մինչեւ մարտի 1-ն ու դրանից հետո դեռ շատ երկար ժամանակ՝ ցույցերին, երթերին ու քաղաքական զբոսանքների ժամանակ նրանք հարձակվում էին ցուցարարների վրա, բռնություն գործադրում, հայհոյում եւ այլն։

Երկու ամենահայտնի ու այդ օրերի ամենաատելի ոստիկանները, որոնցից որոնցից մեկը ՊՊԾ ղեկավարն էր, մյուսը՝ տեղակալը։

Եւ ահա նրանց մեղադրանք է առաջարվում կատարվածից 18 տարի անց, իսկ իշխանափոխությունից ու մարտի 1-ի գործի վերաբացումից հետո ոչ ավել, ոչ պակաս՝ 8 երկար ու ձիգ տարի հետո։ Այն դեպքում, երբ մարտի 1-ին ոստիկանների գործողությունների դրվագով արդեն 2018-ի սեպտեմբերին գործ էր հարուցվել, եւ կրկնեմ՝ նրանց երկուսի դեմ ապացույցների պակաս չկար։

Ի դեպ, որևէ կասկած չկա, որ կարճ ժամանակ անց այս գործը կկարճվի վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։ Այնպես որ, առաջադրված մեղադրանքն ընդամենը առաջիկա ԱԺ ընտրություններին ընդառաջ քարոզչական հնարք է, ուրիշ ոչինչ։

Ընդամենը իշխանությունները «նախկինների վերադարձի դեմ պայքարի» հայտնի սցենարի համաձայն ցույց են տալիս, թե այդ ուղղությամբ գործ են անում, բայց՝ իրականում սա մեծ աղմուկ է ոչնչից։

Կրկնում եմ՝ որևէ կասկած չկա, որ գործը փակվելու է ու նրանք անպատիժ են մնալու։ Երևի՝ ամենամեծ ցանկության դեպքում էլ արդեն անհնար է այլկերպ վարվելը։

Հ.Գ. Անկախ ամեն ինչից, իհարկե, և նախկին փոխոստիկանապետ Սաշա Աֆյանին, որին ևս վերջերս մեղադրանք էր առաջադրվել, և Ռոբերտ Մելքոնյանին ու Վալերիյ Օսիպյանին «հասնում է» մեղադրյալի կարգավիճակում լինելը։ Ու լավ կլիներ, որ նրանք պատժված լինեին։ Ափսոս, որ ամեն ինչ ընդամենը այդքանով կավարտվի։

Արման Գալոյանի ֆեյսբուքյան էջից