13/02/2026

Կոշտ «համագործակցությունը» Կովկասը բաժանում է ճամբարների

Եվրոպայի առաջ ռազմականացումն ուղղված է Ռուսաստանի հետ ռազմական դիմակայության նախապատրաստմանը: Այդ մասին փետրվարի 12-ին հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ գեներալ-գնդապետ Սերդյուկովը:

Նա մեկնաբանել է, որ ՀԱՊԿ երկրների սահմաններին մոտ «մեծանում է հավաքական զորքերի ներկայությունը, ինչպես նաև տեղի է ունենում տարածքների օպերատիվ կահավորում, համապատասխան ենթակառուցվածքները կատարելագործվում» են:

Գեներալ Սերդյուկովը խոսել է Հարավային Կովկասի մասին, որտեղ, ըստ նրա, «վաղեմի չլուծված հակասությունները վերափոխվում են աշխարհաքաղաքական նոր մարտահրավերների, ինչին զգալի մասով նպաստում է Հարավային Կովկասում ազդեցությունը ուժեղացնելու արևմտյան երկրների ձգտումը»:

Ինչ վերաբերում է Կենտրոնական Ասիային, ապա, ըստ Սերդյուկովի, այդ տարածաշրջանում անկայունության աղբյուր են «միջազգային բազմաթիվ ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումները, որ գործում են Աֆղանստանում»:

ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի մամուլի ասուլիսից ռուսաստանյան լրատվամիջոցներն առայժմ մանրամասնություններ չեն փոխանցել: Աչքի է զարնում, որ գեներալ Սերդյուկովը լրատվամիջոցների համար էական հայտարարություն է արել ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան և Ադրբեջան այցի հաջորդ օրը:

Ավելի վաղ «Կոմերսանտը» տպավորություն է հայտնել, թե այդ այցը վկայում է, որ Վաշինգտոնը Հարավային Կովկասում ազդեցություն հաստատելու հարցում Մոսկվայի «վերապահումներն անտեսում» է:

Գեներալ Սերդյուկքովի ձևակերպումներից հստակ հասկացվում է, որ Մոսկվան ՀԱՊԿ տարածքը ռազմավարական առումով գնահատում է որպես Ռուսաստանի «անվտանգության գոտի», իսկ անդամ երկրներին վերապահված է «շահերի սպասարկուի» դերակատարություն:

Ընդ որում, ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբի պետը բավական թափանցիկ ակնարկում է, որ Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայությունը մոտենում է բախման նախապատրաստության վիճակի:

Մոսկվան, այսպիսով, ոչ միայն ինքն է Արևմուտքին թշնամի ճանաչում, այլև հարկադրում է, որպեսզի նույն «գծի մեջ մնան» նաև ՀԱՊԿ անդամ երկրները: Ավելի պարզ ասած, Ռուսաստանի համար ՀԱՊԿ անդամ երկրները միայն «օպերատիվ խորության տարածք» են, չպետք է ռազմավարական այլընտրանք ունենան:

Հետխորհրդային ոչ մի երկրի, ինչպես նաև Եվրամիության ու ՆԱՏՕ-ի համար պարզ չէ, թե «միասնական և անբաժանելի անվտանգությունը», որ ՀԱՊԿ-ի վերջին գագաթնաժողովում անդամ պետություններին առաջարկել է Ռուսաստանը, աշխարհաքաղաքական ի՞նչ տարածք է ենթադրում:

Հարավային Կովկասի երեք երկրներից միայն Հայաստանն է ՀԱՊԿ-ի ֆորմալ անդամ, իսկ Կենտրոնական Ասիայի հինգ պետություններից՝ երեքը: Կոշտ «համագործակցությունը», որ Ռուսաստանն է առաջարկում կամ ավելի ճիշտ՝ պարտադրում, երկու տարածաշրջանն էլ բաժանում է ճամբարների, ինչը ոչ թե անվտանգության և կայունության, այլ՝ քաոսի և հակամարտությունների ծրագրավորում է: