16/02/2026

Ալեն Սիմոնյանը՝ Գյումրիի ռուսական ռազմաբազայի դուրս բերման մասին

Alen Simonyan 1

Մենք նպատակահարմար գտանք խնդրել ռուս գործընկերներին՝ հեռանալ օդանավակայանից, հեռանալ մի քանի վայրերից, որտեղ նրանք հսկում էին հայ-ադրբեջանական սահմանը։ Եթե նպատակահարմար համարենք, կսկսենք խոսել Գյումրիի ռուսական ռազմաբազայի մասին, բայց այս պահին մենք դա չենք քննարկում։

Ռուսական ընդդիմադիր Дождь հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրող Եկատերինա Կոտրիկաձեի հարցին, որ Երևանից հավաստիացումներ են հնչում Գյումրիում գտնվող 102-րդ ռազմաբազան չի փակվի, արդյո՞ք այն ծառայում է Հայաստանի շահերին։

«Եկեք նայենք քարտեզին, թե որտեղ է գտնվում Հայաստանը և ինչ մարտահրավերներ ունի։ Ենթադրենք, ես չեմ ասում, որ ռուսական ռազմաբազան հարյուր տոկոսանոց երաշխիք է այն ամենի, ինչ հնարավոր է, բայց, միևնույն ժամանակ, մեր տարածաշրջանում, առավել ևս՝ ներկայիս իրավիճակում, սրել և շատ կտրուկ քայլեր անելը սխալ է։ Գուցե դա լավ հնչի, բայց ռեալ քաղաքականության մեջ, իրականում դա այդպես չէ»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահը։