Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, թերեւս, կարծում է, որ մայրաքաղաքի կառավարումը Նոր տարվա թանկարժեք տոնածառի լույսերն անջատել-միացնելն է, Երեւանի անվերջ պակասող ծառերն արմատախիլ անելն ու քաղաքային բյուջեի հաշվին բիզնես կարգի թանկարժեք ավիատոմսերով ճանապարհորդելը։
Քաղաքն անպատրաստ է դիմավորում տարվա բոլոր եղանակները՝ ձյունն ու սառնամանիքները, հորդառատ անձրեւները, փոխարենը արագորեն շարունակում է բետոնապատվել եւ շնչահեղձ լինել։ Առատ ձյունն ու սառնամանիքները Երեւանի քաղաքապետարանին հանկարածակիի չեն բերում, բայց ոչ այն պատճառով, որ նրանք կազմ ու պատրաստ են դիմավորում դրանք, ընդհակառակը՝ քաղաքային իշխանությունները բացարձակ անհաղորդ են չմաքրված ձյան հետ խորացող խնդիրներին։
Հանրապետության հրապարակից եւ մերձակա 2-3 փողոցներից բացի այլ փողոցներ չեն մաքրվում, եւ քաղաքը սառցադաշտի է վերածվում, ուր վայր չընկնելու համար կա՛մ հմուտ չմշկորդ պետք է լինես, կա՛մ դահուկորդ։ Ժամանակին չմաքրված ձյունը, կուտակվելով մայթեզրերին, դժվարացնում է ոչ միայն քայլելը, այլեւ մեքենաների կայանումը, քանի որ մայթեզրերին 1-2 մետրանոց սառցե ժայռաբեկորներ են, եւ մեքենաները կայանում են արդեն 2-րդ գոտում։ Քաղաքային տրանսպորտի չվացուցակի էկրանների տեղադրման գովազդն էլ, պարզվեց, դարձյալ կենտրոնին էր վերաբերում. դրանից դուրս էկրաններ չկան։
Սակայն Երեւանը միայն կենտրոնը չէ։ Քաղաքի ծայրամասերն ընդհանրապես անուշադրության են մատնված տարվա բոլոր եղանակներին։ Իսկ թե քանի՜ մարդ է աշխատավարձ ստանում կամ ձեւակերպված որպես փողոցները, սառույցները մաքրելու, քանի սարքավորում եւ մեքենաներ են գնվել, անհայտ է։ Քաղաքում անգամ փոքր քանակի աղբի համար նախատեսված աղբամաններն էլ են սակավաթիվ. ձեռքիդ կոնֆետի թուղթը պետք է պահես այնքան, մինչեւ ասուպի պես աղբաման հայտնվի։
Երեւանը կոնկրետ խնդիրներ ունի, Երեւանի բնակչությունը Հայաստանի բնակչության գրեթե կեսն է՝ 1 մլն 141 հազար, իսկ մայրաքաղաքը կառավարելը բարդ գործ է։ Քաղաքային իշխանություն լինելը նախեւառաջ պարտականություններ է ենթադրում, այլ ոչ թե միայն արտոնություններ։ Հենց Երեւանի օրինակով կարելի է տեսնել այս իշխանության կառավարման ողջ ապաշնորհությունը։
Թե չէ՝ տոնածառի լույսեր միացնել՝ էլցանցի ցանկացած աշխատակից կարող է անել, Հանրապետության հրապարակում հրավառության մասնակիցների քանակը կարող է անօդաչու սարքն էլ գրանցել, այդ թվաքանակով ուրախանալ՝ երեխան էլ կարող է, բայց պետությունն ու քաղաքը կառավարելու համար միայն ինքնահավանությունն ու ինքնախաբեությունը բավարար չեն։ Ավելին՝ դրանք լրջորեն խանգարում են թե՛ տեսնել խնդիրները, թե՛ լուծել դրանք։
Նարինե Մկրտչյան

Բաց մի թողեք
Օրբանը «պուտինիզմը» համարում է պարզունակ և անլուրջ
Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին
Ալիևը վերապահում է միայն Դոնալդ Թրամփի իրավասությանը