28/02/2026

EU – Armenia

Առնվազն 40 իրանցի աշակերտ է զոhվել, Իրանի բանակի գլխավոր հրամանատարը ողջ է

40 աշակերտ է զոհվել աղջիկների տարրական դպրոցի վրա Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից հրթիռային հարձակման հետևանքով։ Վիրավորվել է 48 դպրոցական։

Իրանի բանակի գլխավոր հրամանատար Ամիր Խաթամին լիովին առողջ է և շարունակում է ղեկավարել զորքերը, հայտնել է ISNA-ն՝ հերքելով մահվան մասին լուրերը։

ԱՄՆ-ն և Իրանը մոտ են եղել բանակցությունների միջոցով համաձայնության հասնելուն, բայց Իսրայելն է միջամտել՝ կանխելու դիվանագիտական ​​կարգավորումը, հայտնել է «NBC News»-ը։

Օսլոն խորապես մտահոգված է, որ Մերձավոր Արևելքում նոր խոշոր պատերազմ է հասունանում Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից Իրանին հարվածներ հասցնելուց հետո, ասել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարթ Այդեն։ «Իսրայելը այս հարձակումը կանխարգելիչ է անվանում, սակայն դա չի համապատասխանում միջազգային իրավունքին։ Կանխարգելիչ հարձակումները պահանջում են անմիջական սպառնալիքի անհապաղ վերացում», – ասել է նա Reuters-ին էլեկտրոնային փոստով ուղարկված հայտարարության մեջ;

– Կարծում եմ՝ նախագահ Թրամփը այսօր սխալ թույլ տվեց – Կոլումբիայի նախագահ Պետրո

– Սաուդյան Արաբիան դատապարտում է Իրանի գործողությունները և իր աջակցությունն է հայտնում տարածաշրջանի եղբայրական երկրների կողմից ձեռնարկված պատասխան միջոցառումներին։ «Սաուդյան Արաբիայի Թագավորությունը ամենախիստ կերպով դատապարտում է Իրանի դաժան ագրեսիան և Միացյալ Արաբական Էմիրությունների, Բահրեյնի Թագավորության, Կատարի Պետության, Քուվեյթի Պետության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության ինքնիշխանության կոպիտ խախտումը՝ վերահաստատելով իր լիակատար համերաշխությունը և աջակցությունը եղբայրական երկրներին և իր լիակատար աջակցությունը հայտնելով նրանց ձեռնարկած բոլոր միջոցառումներին, ինչպես նաև նախազգուշացնելով պետական ​​ինքնիշխանության և միջազգային իրավունքի սկզբունքների շարունակական խախտման ծանր հետևանքների մասին»։

– Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը կոչ է արել հարգել միջազգային իրավունքը։ «Ես ուշադիր հետևում եմ Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված ռմբակոծություններից հետո ստեղծված լուրջ իրավիճակին։ Մենք պահանջում ենք հարգել միջազգային իրավունքը։ Բռնությունը միայն քաոս է բերում», – գրել է Ալբարեսն X սոցիալական ցանցում։ Նա նշել է, որ լարվածության թուլացումը և երկխոսությունը «խաղաղության և կայունության ուղին են»։

– Ֆրանսիան պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ՝ ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև լարվածության սրման պատճառով – Էմմանուել Մակրոն

ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև պատերազմի բռնկումը լուրջ հետևանքներ ունի միջազգային խաղաղության և անվտանգության համար։

Այս կարևոր պահին ձեռնարկվում են բոլոր միջոցները՝ Մերձավոր Արևելքում մեր ազգային տարածքի, մեր քաղաքացիների և մեր ակտիվների անվտանգությունն ապահովելու համար։

Ֆրանսիան նաև պատրաստ է տեղակայել անհրաժեշտ ռեսուրսները՝ իր մերձավոր գործընկերներին պաշտպանելու համար, եթե նրանք դա խնդրեն։

Ներկայիս սրացումը վտանգավոր է բոլորի համար։ Այն պետք է դադարեցվի։ Իրանի ռեժիմը պետք է հասկանա, որ այժմ այլընտրանք չունի, քան բարի կամքի բանակցություններ վարել՝ իր միջուկային և բալիստիկ հրթիռային ծրագրերը, ինչպես նաև տարածաշրջանը անկայունացնող գործողությունները դադարեցնելու համար։ Սա բացարձակապես անհրաժեշտ է Մերձավոր Արևելքում բոլորի անվտանգության համար։

Իրանի ժողովուրդը նույնպես պետք է կարողանա ազատորեն կառուցել իր ապագան։ Իսլամական ռեժիմի կողմից իրականացված կոտորածները վարկաբեկում են այն և պահանջում են, որ ժողովրդին ձայն տրվի։ Որքան շուտ, այնքան լավ։

Հավատարիմ իր սկզբունքներին և գիտակցելով իր միջազգային պարտականությունները՝ Ֆրանսիան կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անհապաղ նիստ գումարել։ Ես սերտ կապի մեջ եմ մեր եվրոպացի գործընկերների և Մերձավոր Արևելքում մեր ընկերների հետ։

Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի պալատն ամբողջությամբ հողին է հավասարվել, հայտնել է Իսրայելի «12-րդ ալիքը»։ «Ցավոք, նա հարձակման պահին ներսում չի եղել», – հաղորդել է հեռուստաալիքը։

«The New York Times»-ի լրագրող Քրիստիան Տրիբերտը հրապարակել է Խամենեիի տան արբանյակային լուսանկարը հրթիռային հարվածներից հետո։

– Իրանի դեմ ԱՄՆ-ի հարվածները չեն լիազորվել Կոնգրեսի կողմից, հայտարարել է Սենատի զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Ջեք Ռիդը։

– ԻՌՆԱ-ի տվյալներով՝ Իրանի հարավում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է տարրական դպրոցի առնվազն 5 աշակերտուհի։

– Իրանում և Իսրայելում ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք հետևել պաշտոնական ցուցումներին․ ՀՀ ԱԳՆ

«Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և հետևել պաշտոնական ցուցումներին։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակելու է իրավիճակի մշտադիտարկումը և, ըստ անհրաժեշտության, հանդես կգա տեղեկատվության թարմացմամբ։

Թեժ գծեր

Իրանում ՀՀ դեսպանության թեժ գիծ. +98 902 0059927: Վերջինի անհասանելի լինելու դեպքում՝ ԱԳՆ թեժ գիծ. +37455620111 (նաև WhatsApp)
Իսրայելում ՀՀ դեսպանության թեժ գիծ. +972 58 607-0313 (նաև Whatsapp), +972585811144»։

– Պայթյուններ են լսվել Իրանի հարավային Շիրազ քաղաքի ծայրամասում։

– Իրանական բալիստիկ հրթիռները հարվածել են Սաուդյան Արաբիայի «Արքայազն Սուլթան» ավիաբազային։

– Քուրդիստան նահանգի Քամյարան քաղաքում տեղալակված ԻՀՊԿ բազան է ոչնչացվել։

– ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության մեջ ներգրավել է իր տիեզերական ուժերը, ռազմաօդային ուժերը, նավատորմը, ծովային հետևակի կորպուսը և բանակը, հայտնել է «The Washington Post»-ը։

– ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մի քանի բարձրաստիճան հրամանատարներ և քաղաքական գործիչներ – Reuters։

– Մենք նախապես տեղյակ էինք Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումների մասին և ուշադիր հետևում ենք զարգացումներին, ասել է Գերմանիայի կառավարության խոսնակը։

– ԱՄԷ-ն հայտարարել է, որ իրեն իրավունք է վերապահում արձագանքել Իրանի հրթիռային հարձակմանը։

– Պայթյուններ են հնչել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում — AFP

– Թեհրանը հույս ունի, որ «այլ երկրները չեն մնա անտարբեր և չեն դիտի», այլ կդատապարտեն ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումը հանրապետության վրա – Իրանի արտաքին գործերի նախարարություն։

– Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն անցակետեր է տեղադրում Թեհրանում։

– Թրամփը մտադիր է շաբաթ օրը երկրորդ ուղերձով դիմել ազգին, Իրանի դեմ ԱՄՆ գործողությունների մեկնարկի ֆոնին – Axios

– Աբու Դաբիում Իրանի կողմից հրթիռային հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, հայտնել է ԱՄԷ պաշտպանության նախարարությունը։

– Մահափորձ է եղել Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շամխանիի դեմ: