28/02/2026

EU – Armenia

Իրավիճակին ի՞նչ և ինչպիսի՞ միջամտություն կարող է ունենալ Ադրբեջանը

Իլհամ Ալիևը ընդունել է Եթովխիայի վարչապետ Աբի Ահմեդ Ալիին: Այդ մասին մեկ տողանոց տեղեկությունը տարածել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը, ըստ որի՝ «հանդիպումն անցել է դեմ առ դեմ առանձնազրույցի ձևաչափով»:

Ալիև-Ալի բանակցությունների մասին այլ տեղեկություն առայժմ չի հրապարակվել: Եթովպիան, որքան էլ արտառոց չհնչի, Ադրբեջանի անկախությունը ճանաչել է 1992թ. –ին, բայց պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ կողմերը հաստատել են 2012-ին:

Ընդ որում, Ադրբեջանը Ադիս-Աբեբայում դեսպանատուն ունի, իսկ Եթովպիան Ադրբեջանի հետ շփումներ պահպանում է Անկարայում իր դեսպանի միջոցով:

Այս փաստը կարեւոր է, եթե նկատի ունենանք, որ փետրվարի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկօրյա այց է կատարել Ադիս-Աբեբա: Եթովպիայի վարչապետ Ահմեդ Ալին, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի նախագահի հետ քննարկումներ է ունեցել Թուրքիայի հետ հարաբերությունների համատեքստում:

Խնդիրն այն է, որ Եթովպիան, ունենալով հարյուր քսան միլիոն բնակչություն, կտրված է ծովային հաղորդակցությունից: Վարչապետ Ահմեդ Ալին վերջերս հայտարարել է, որ Եթովպիայի ժողովուրդը «չի կարող ապրել բանտային պայմաններում»:

Բաց աղբյուրների տեղեկություններով՝ նա անցյալ տարի բանակցություններ է վարել Սոմոլիլենդի միջազգայնորեն չճանաչված իշխանությունների հետ, որպեսզի Եթովպիան այդ «երկրի» միջոցով առեւտրային ելք ունենա դեպի Բաբ էլ Մանդեպի նեղուց:

Ինչպես հայտնի է, տարեսկզբին Իսրայելը ճանաչել է Սոմոլիլենդի անկախությունը, կողմերն արդեն իսկ դեսպաններ են փոխանակել: Ըստ տեղեկությունների, Իսրայելը պատրաստվում է Սոմալիլենդում ռազմակայան ստեղծել: Թուրքիան Իսրայելի որոշումը դատապարտել է և հանդես է գալիս որպես Սոմալիի անկախության, տարածքային ամբողջականության ու քաղաքական միասնության պաշտպան:

Այդ իրավիճակին ի՞նչ և ինչպիսի՞ միջամտություն կարող է ունենալ Ադրբեջանը: Բաքուն ավելի քան երեք տասնամյակ է, ինչ Իսրայելի հետ սերտ հարաբերություններ ունի: Վերջերս Իսրայելի վարչապետ Նաթանյահուն Ալիևին տարվա ընթացքում Երուսաղեմ այցի հրավեր է արել: Բաքվից առայժմ արձագանք չկա:

Փետրվարի 26-ին Հնդկաստանի վարչապետ Մոդին Երուսաղեմում հայտարարել է, որ իսրայելա-հնդկաստանյան բարեկամությունը մշտական է: Կողմերը հռչակել են, որ հարաբերությունները բարձրացվում են «առանձնահատուկ ռազմավորական գործընկերության մակարդակի»:

Մերձավոր Արևելքի շուրջ Թուրքիան նախաձեռնել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ ռազմա-քաղաքական դաշինք: Ի հակակշիռ, Իսրայելը և Հնդկաստանը մտադիր են «վեցնյակի ալյանս» կազմավորել:

Ադրբեջանը ռազմական համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիր ունի ինչպես Թուրքիայի, այնպես էլ Պակիստանի հետ: Թե թուրք-սաուդյան-պակիստանյան, թե իսրայելա-հնդկաստանյան ռազմական համագործակցությունը շոշափում է նաև Աֆրիկայի հյուսիսը և Արևելքը:

Ի՞նչ առաջարկությամբ է Բաքու այցելել Եթովպիայի վարչապետը: Ադրբեջանը «կմտնի՞» Աֆրիկա, ո՞ւմ դրոշի ներքո: Թուրքիայի՞, թե՞ Իսրայելի: