06/03/2026

EU – Armenia

«Երևանում ԱՄՆ դեսպանատունը Իրանի թիրախ կդառնա՞» սադրիչ հարցադրում

ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեթգեսթը Պենտագոնում մամուլի ասուլիս է անցկացրել: Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ՆԱՏՕ-ն գործի կդնի պայմանագրի հինգերորդ հոդվածը, քանի որ Թուրքիան «Իրանի կողմից հրթիռային հարձակման է ենթարկվել», նա ասել է, թե «միջադեպի հետ կապված բոլոր հանգամանքներին տեղյակ է» և չի կարծում, թե դա այն դեպքն է, որ պահանջում է «դաշինքի կոլեկտիվ միջամտությունը»:

Միջադեպի կապակցությամբ կայացել է Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցը: Ավելի ուշ թուրքական մամուլը հայտնել է, որ Անկարայում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամեդ Հասան Հաբիբոլազադեն հրավիրվել է Թուրքիայի ԱԳՆ, որտեղ նրան «անհանգստություն են հայտնել»:

ԱՄՆ պատերազմի նախարար Հեթգեսթի մեկնաբանությունից դատելով՝ Վաշինգտոնում Իրանի կողմից Թուրքիայի «հարձակման ենթարկվելու փաստին» էական նշանակություն չեն տվել:

Վերջին օրերին միջազգային մամուլում և սոցիալական հարթակներում արծարծվել է մի հարց՝ ինչո՞ւ Իրանը Պարսից ծոցի արաբական երկրներում ԱՄՆ ռազմական հենակայաններին հարվածներ է հասցնում, իսկ Թուրքիայում՝ ոչ: Այս ֆոնին Իրանից Թուրքիայի ուղղությամբ արձակված հրթիռի հետ կապված պատմությունը փոքր-ինչ արտառոց է թվում:

Թուրքիայի օդային տարածքում իրանական հրթիռի ոչնչացման մասին տեղեկությունից կարճ ժամանակ անց Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը ֆեյսբուքի անձնական օգտահաշվում «Երևանում ԱՄՆ դեսպանատունը Իրանի թիրախ կդառնա՞» սադրիչ հարցադրում է արել և օգտատերերին «բանավեճի հրավիրել»:

Այդ մասին ընդաձակ տեղեկատվություն է տարածել vestibaku. com կայքը: Զուլֆուգարովը, ընդսմին, «բանավեճի» մասնակիցներին ուղղորդել է, որ արևմտյան «դիվանագետները հաճախ ասում են, որ դա Իրանում ԱՄՆ դեսպանատունն է, որ ժամանակավորապես տեղակայված է Երևանում»:

Թոֆիգ Զուլֆուգարովը Բաքվում և միջազգային փորձագիտական շրջանակներում հայտնի է որպես Ադրբեջանի նախագահի «ոչ պաշտոնական խոսնակ»: Իրանում պատերազմի հետևանքով ստեղծված տարածաշրջանային և միջազգային չափազանց բարդ իրավիճակում նա «նման կատակ» թույլ չէր տա, եթե չունենար առնվազն Ադրբեջանի ԱԳՆ հավանությունը:

Զուլֆուգարովը ֆեյսբուքյան «բանավեճի մասնակիցների» համար հավելյալ տեղեկություն է փոխանցել, որ Երևանում ԱՄՆ դեսպանատունը «հագեցված է տեխնիկական և ռադիոէլեկտրոնային հետախուզության համակարգերով»:

Ալիևի հաշվարկը, երևի, այն է, որ գրեթե ֆորս-մաժորային պայմաններում գործող Իրանի ողջ մնացած ղեկավարները կարող են «պահի ազդեցության տակ որոշում կայացնել» կամ դա «կանեն ԻՀՊԿ ծայրահեղ իսլամական հրամանատարները»:

Խիստ ուշագրավ է, որ «իրանական պատերազմից սպառնացող վտանգների» թեման շրջանառվում է նաև Հայաստանի ընդդիմադիր ուժերի, նրանց հետ աֆիլացված քաղաքագետների և վերլուծաբանական կենտրոնների, ինչպես նաև լրատվամիջոցների և սոցիալական հարթակների ուղղորդված օգտատերերի կողմից: