Iran Internacional- ը հայտնել է, որ մարտի 3-ին Փորձագետների խորհուրդը Իրանի նոր առաջնորդ է ընտրել Մոջթաբա Խամենեիին՝ սպանված այաթոլլա Ալի Խամենեիի երկրոդ որդուն: Ընդդիմադիր լրատվամիջոցը տեղեկացրել է, որ «այդ ընտրությունը կատարվել է ԻՀՊԿ հրամանատարության ճնշման ներքո»:
Ավելի վաղ աղբյուրները հայտնել են, որ Ալի Խամենեին Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Լարիջանիին է փոխանցել «իրավահաջորդի երեք անուն»: Իրանի իշխանությունները դեռևս պաշտոնապես չեն հաստատել, որ երկրի առաջնորդի պաշտոնում ընտրվել է Մոջթաբա Խամենեիին, բայց հավանականությունը, որ տարածված տեղեկությունը «իրականությանը չի համապատասխանում», չափազանց նվազ է:
Մոջթաբա Խամենեին հոգևոր գործիչ է, բայց բարձր կոչում չունի: Բաց աղբյուրներից հայտնի է, որ մինչև անցյալ տարվա հունիսյան պատերազմը նա աստվածաբանություն է դասավանդել Ղում քաղաքի հոգեւոր ուսումնարանում:
Իրանի դեմ անցյալ տարվա իսրայելա-ամերիկյան հարձակումից հետո նա տեղափոխվել է Թեհրան: Ըստ տեղեկությունների, Ալի Խամենեին «մտավախություն է ունեցել, որ որդուն կարող են սպանել»:
Iran Internacional-ը տեղեկացրել է, որ Մոջթաբան «ոչ պաշտոնապես գլխավորել է հոր գրասենյակը, նրա անունից սոցիոլական ցանցերում գրառումներ կատարել»: Լրատվամիջոցի տեղեկություններով՝ նա «ամենասերտ կապեր ունի ԻՀՊԿ և հատկապես «Ալ-Ղուդս» հատուկ նշանակության զորախմբի հրամանատարության հետ և պատկանում է ամենամոլեռանդ պահպանողականների թևին»:
Ուշագրավ է, որ նույն օրը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չի աջակցել Իրանում իշխանությունը թագաժառանգ Ռեզա Պահլավիին փոխանցելու գաղափարին: Ըստ Թրամփի, ավելի նպատակահարմար է, որ իշխանությունը անցնի «ներսի մարդու», որ չափավոր հայացքներ ունի: ԱՄՆ նախագահը որևէ անուն չի հրապարակայնացրել: Իրանի Փորձագետների խորհուրդը, իսկ ավելի ճիշտ՝ ԻՀՊԿ հրամանատարությունը, փաստացի ի դերև է հանել ԱՄՆ նախագահի ակնկալիքները:
Ըստ երևույթին, Դոնալդ Թրամփի հաշվակն այն էր, որ Թեհրանում չափավոր ազատական իշխանություն ձևավորվելու դեպքում հնարավոր կլինի հասնել համաձայնության և պատերազմը դադարեցնել: Այդ հնարավորությունը կարող էր ստեղծվել, եթե հոգևոր առաջնորդի պաշտոնում ընտրվեր մեկը, ով կհամաձայներ լիազորությունների զգալի մասը պատվիրակել նախագահ Փեզեշքիանին: Իրանի հոգևոր առաջնորդի պաշտոնում Մոձթաբա Խամենեիի ընտրությունը փակում է «այդ պատուհանը»:
Բարդ է կանխատեսել, թե ինչ ապագա է սպասվում նախագահ Փեզեշքիանին: Իսրայել-ամերիկյան հարձակումից ի վեր նա մի քանի կոշտ հայտարարություններ է արել, բայց որքանո՞վ են դրանք քարոզչական, որքանո՞վ՝ իրական, հայտնի չէ:
Հատկանշական է, որ նոր հոգևոր առաջնորդի ընտրությունից առաջ ԱՄՆ նախագահը ակնարկել է Իրանի հետ բանակցությունները վերսկսելու հնարավորության մասին, ինչին Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Լարիջանին պատասխանել է կտրուկ մերժումով:
Տպավորություն է, թե հոգևոր առաջնորդի պաշտոնում Մոջթաբա Խամենեիի ընտրությունը Միացյալ Նահանգների նախագահին հասցեագրված ազդակ է, որ Իրանը «ծնկի չի գալու»: Իսրայելա-ամերիկյան համատեղ ռազմագործողության մեկնարկից ամիսներ առաջ մի շարք փորձագետներ զգուշացրել են, որ Իրանը «ծրագրում է հյուծիչ պատերազմ վարել և պատրաստ է նույնիսկ ամենավերջին ռեսուրսները ներդնել, որպեսզի ԱՄՆ-ին հարկադրի գնալ զիջումների»:
Եթե Իրանի նոր հոգեւոր առաջնորդն ընտրի այդ ճանապարհը, ապա Վաշինգտոնը ստիպված կլինի մեծացնել ռազմական ճնշումը: Իրավիճակի կանխատեսելիությունը այդ դեպքում կնվազի, իսկ դա կբերի համատարածաշրջանային անկայունության և առկա անվտանգային, առեւտրա-տնտեսական և կոմունիկացիոն-լոգիստիկ համակարգերի փլուզման:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը TRT հեռուստաընկերության հարցազրույցում մեկնաբանել է, որ Իրանի նպատակը «տարածաշրջանի երկրների և ԱՄՆ միջև լարվածություն սերմանելն» է: Մոջթաբա Խամենեին կարտոնի՞ այդ ուղեգծի գործնականացումը, Թեհրանը վա-բանկ կգնա՞:

Բաց մի թողեք
Պուտինը ձգտում է Ալիևի հետ հարաբերությունները վերադարձնել «փոխադարձության մակարդակի»
«Երևանում ԱՄՆ դեսպանատունը Իրանի թիրախ կդառնա՞» սադրիչ հարցադրում
Թեհրանը արաքսամերձ տարածքների նկատմամբ հայկական իրավազորությունը չի ճանաչում