Մոսկվա է ժամանել Բրունեյի սուլթանության արտաքին գործերի նախարար Էրիվան Յուսուֆը: Տեղեկանքի համար նշենք, որ Բրունեյի սուլթանությունը գտնվում է Հարավ-արեւմտյան Ասիայում, ցամաքային սահման ունի միայն Մալայզիայի հետ:
Սուլթանության տարածքը կազմում է 5 765 քառակուսի կիլոմետր, բնակչությունը՝ 440 715 մարդ: Ինչպես տեսնում ենք, միջուկային տերություն Ռուսաստանի համար Բրունեյի սուլթանությունը միջազգային ծայրահեղ բարդ իրավիճակում ամենափնտրված գործընկերը չէ, բայց, երևում է, Մոսկվայում առաջնորդվել են ռուսական հայտնի՝ «ձուկ չեղած տեղը խեցգետինն էլ է ձուկ» սկզբունքով:
Լավրով-Յուսուֆ բանակցությունների առարկայի մասին Ռուսաստանի պաշտոնական լրատվամիջոցները տեղեկություն չեն տարածել: ՌԻԱ Նովոստին փոխանցել է համատեղ մամուլի ասուլիսին Լավրովի հնչեցրած որոշ մտքեր: Դրանց շարքում առանձնանում է Լավրովի երկու դիտարկում և մեկ առաջարկ:
Նա համոզմունք է հայտնել, որ Միացյալ Նահանգները «չի բավարարվելու Վենեսուելայով, Իրանով և Կուբայով» և եզրակացրել, որ «Ֆրանսիան և Բրիտանիան ձգտում են դիստանցավորվել այն ամենից, ինչ Նահանգներն անում են միջազգային ասպարեզում», բայց միաժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը Իրանի հետ կարգավորման համար «ԱՄՆ-ի և Իսրայելի համար մնում է բաց»:
Արժե, թերևս, ընդգծել, որ իրանա-ամերիկյան և իսրայելա-իրանական լարվածությունը կարգավորելու համար միջնորդության առաջարկ հնչեցնելու համար Ռուսաստանը, մեղմ ասած, ոչ այնքան հարմար հարթակ է ընտրել:
Բրունեյի սուլթանությունը հաստատ այն երկիրը չէ, որի արտաքին գործերի նախարարը կարող է ԱՄՆ-ին, Իսրայելին և Իրանին ինչ-որ բան «հուշել»: Բայց եթե Լավրովն այդ քայլին դիմել է, ուրեմն կարելի է ենթադրել, որ կողմերի հետ դիվանագիտական շփումների «փակ խողովակները» պարզապես չեն աշխատում:
Շատ նշանակալի և կարևոր է, որ նույն օրը Գերմանիայի կանցլեր Մերցը Վաշինգտոնում բանակցություններ է վարել ԱՄՆ նախագահի հետ, ապա լրագրողներին ասել, որ Դոնալդ Թրամփին է ներկայացրել Եվրոպայի տեսակետը. «Ուկրաինական կարգավորման ցանկացած տարբերակ աընդունելի է, եթե այն ձեռք է բերվել եվրոպացիների թիկունքում»:
Մերցն, ընդսմին, հավելել է, թե տպավորություն ունի, որ «ԱՄՆ նախագահն այժմ ավելի լավ է հասկանում, թե ինչ խաղադրույք է դրված, և որն է եվրոպացիների տեսակետը»:
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան լայնածավալ հարձակման հինգերորդ օրն է, բայց Ռուսաստանը, որ ֆորմալ հանդիսանում է Իրանի ռազմավարական դաշնակիցը, ռազմավարական իր մյուս դաշնակիցների՝ Չինաստանի և Հյուսիսային Կորեայի հետ անգամ խորհրդատվություններ չի անցկացրել:
Փոխարենը Բաքու է գործուղվել փոխվարչապետ Օվերչուկի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկվել է նաև արտաքին գործերի նախարարի տեղակալ Գալուզինը:
Օվերչուկին և նրա գլխավորած պատվիրակությանը ընդունել է Իլհամ Ալիևը: Երրորդ օրն է, ինչ ռուսաստանյան պաշտոնական և առաջատար բոլոր լրատվամիջոցները տարփողում են Իրանից ՌԴ քաղաքացիներին Ադրբեջանի տարածքով «էվակուացնելու» թեման:
Իրականությունն այն է, որ Իրանի տարածքից ավելի քան հազար մարդ, որ տարբեր երկրների քաղաքացիներ են, իրենց միջոցներով հասել են ադրբեջանական Աստարայի սահմանակետ: Այդ երկրներից ոչ մեկը, անգամ Չինաստանը կամ Պակիստանը, Ադրբեջանին պաշտոնապես երախտագիտություն չեն հայտնել:
Միայն Մոսկվան է քարոզչական տպավորություն ստեղծում, որ կարծես Ադրբեջանը «փրկել է աղետի մատնված ռուսաստանցիներին»: Ի՞նչ նպատակ է հետապնդում այդ «շողոքորթությունը», դեռևս բարդ է կանխատեսել:
Պարզ է, որ բարդ իրավիճակում հայտնված Պուտինը ձգտում է Ալիևի հետ հարաբերությունները վերադարձնել «փոխադարձության մակարդակի»: Բրունեյի սուլթանը Պուտինին տալու, երևի թե, ոչինչ չունի, իսկ Ապշերոնի «սուլթա՞նը»:

Բաց մի թողեք
Մոջթաբա Խամենեին կարտոնի՞ այդ ուղեգծի գործնականացումը, Թեհրանը վա-բանկ կգնա՞
«Երևանում ԱՄՆ դեսպանատունը Իրանի թիրախ կդառնա՞» սադրիչ հարցադրում
Թեհրանը արաքսամերձ տարածքների նկատմամբ հայկական իրավազորությունը չի ճանաչում