10/03/2026

EU – Armenia

Եթե հավատանք բոլոր հարցումներին, ապա Հայաստանում միաժամանակ հաղթում են գրեթե բոլորը

Եթե հավատանք բոլոր հարցումներին, ապա Հայաստանում միաժամանակ հաղթում են գրեթե բոլորը։ Էս տեմպերով ամենամեծ վարկանիշային կորուստը կարող է կրել ոչ թե որևէ քաղաքական ուժ, այլ «սոցիոլոգիական հարցում» հասկացությունը։

Սոցիոլոգիական հարցումները արդեն դադարում են լինել հասարակական տրամադրությունների չափման գործիք և վերածվել են քաղաքական PR-ի՝ ոչ թե թիրախային աշխատանքի վեր հանման գործիքի և դարձել են բազմակի օգտագործման աքսեսուարի։

Մի հարցում հրապարակվում է՝ ապացուցելու համար, որ իշխանությունը «կայուն առաջատար» է։
Մյուսը՝ ցույց տալու համար, որ իշխանությունը «պատմական անկում» է ապրում։
Երրորդը՝ ապացուցելու համար, որ նոր ուժը սրընթաց աճում է:

Կրկին, եթե հավատանք բոլոր հարցումներին, ապա Հայաստանում միաժամանակ հաղթում են գրեթե բոլորը։ Սա PR-ի դասական պարադոքսն է, երբ գործիքը չափազանց շատ ես օգտագործում, այն սկսում է աշխատել հակառակ ուղղությամբ և վնասել: Հետո սկսում ես ստիպված պայքարել վնասի չեզոքացման ուղղությամբ։

Այսօր արդեն սոցիոլոգիական հարցումների հրապարակումները հաճախ ավելի շատ դեզօրիենտացնում են ընտրողին, քան օգնում որևէ ուժի։ Ընտրողը ոչ թե համոզվում է, այլ սկսում է կասկածել բոլոր հարցում հրապարակողներին, պատվիրատուներին և մեկնաբանողներին։

Եվ արդյունքում ստացվում է մի քաղաքական իրավիճակ, երբ բոլորը փորձում են մրցակցել ոչ թե քաղաքական առաջարկներով, այլ իրենց սոց. հարցումների տվյալներով , որոնց ճշտության մեջ համոզված են, բայց այդ ընթացքում կորում է հենց հարցումների նկատմամբ վստահությունը, հետևաբար նաև դրա PR էֆեկտը:

P.S. Խնդրում եմ PR արեք հողի վրա ձեր արած գործն ու քաղաքական առաջարկը, ոչ թե ձեր գործի ու առաջարկի ընկալումներն ու վստահելիությունը: Դա նույնն է, որ անդադար խոսես գործից, գործն անելու փոխարեն: Ցավոք առայժմ հողի վրա բոլորից շատ աշխատում է մեկը: Ձեր ճաշակին հարիր, թե ոչ հարիր, ընդունելի, թե ոչ ընդունելի դա չէ էականը:

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի էջից