10/03/2026

EU – Armenia

Ռուսաստանն ու Չինաստանն ԱՄՆ-Իրան հակամարտության գլխավոր շահառուներն են. WP

Ներկայիս ամերիկա-իսրայելական ռազմական գործողության գլխավոր շահառուն ոչ թե ԱՄՆ-ն է, այլ Ռուսաստանն ու Չինաստանը։ Նման գնահատական է հրապարակել հեղինակավոր The Washington Post (WP) թերթը։

«Նավթի մատակարարումների ընդհատումները, ինչպես նաև Ուկրաինային տրամադրվող ամերիկյան ռազմական օգնության կրճատումը ձեռնտու են Ռուսաստանին։ Իրանի դեմ պատերազմը նաև շեղում է ԱՄՆ-ի ուշադրությունը Չինաստանից», — ասված է հոդվածում։

Թերթը նշում է, որ Վաշինգտոնը սկսել է գործողությունը, թեև Իրանի կողմից ԱՄՆ-ի համար «անմիջական սպառնալիք» չկար։ Մոտ 39 տրիլիոն դոլարի հասնող պետական պարտքի պայմաններում այս պատերազմը կարող է խանգարել ԱՄՆ-ին մրցակցել ավելի լուրջ հակառակորդների՝ Իրանի դաշնակիցներ Ռուսաստանի և Չինաստանի հետ:

Ռուսաստանն սկսել է շահույթ ստանալ հենց առաջին օրերից՝ նավթի գների կտրուկ աճի ֆոնին (մարտի 8-ին մեկ բարելի գինը գերազանցել էր 100 դոլարը)։ Արձագանքելով սրան՝ նախագահ Դոնալդ Թրամփն ստիպված եղավ մեղմացնել պատժամիջոցները Հնդկաստանի նկատմամբ՝ ռուսական նավթ գնելու համար։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ից մինչ օրս ընթացող գործողությունների հետևանքով հարվածների են ենթարկվել Իրանի խոշոր քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը։ Իրանի կողմից հակադարձ հարվածներ են հասցվել Իսրայելին և ամերիկյան բազաներին Բահրեյնում, Հորդանանում, Քաթարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում։ Իրանում զոհվել են գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամեն-եին և ղեկավարության այլ առանցքային դեմքեր։