16/06/2026

EU – Armenia

Իրանի և նրա ղեկավարության հասցեին Ալիևի թույլ տված «տմարդի», «վախոտ» և «տխեղծ» որակումները

Ի տարբերություն անցյալ տարվա հունիսյան հարձակումների, Իսրայելն անցած օրերին թիրախային հարվածներ է հասցրել Իրանի հիմնականում ադրբեջանաբնակ քաղաքների ռազմական և ենթակառուցվածքային նշանակության օբյեկտներին:

Ո՞րն է այդ հարվածների զուտ ռազմական կամ քաղաքկան նշանակությունը, առայժմ պարզ չէ: Եվրապայում ադրբեջանական վտարանդիության աղբյուրները Թավրիզից և Արդեբիլից տեսանյութեր են հրապաակել, որ պատկերում են, թե էթնիկ ադրբեջանցիներն ինչպես են սգում այաթոլլա Ալի Խամենեիի մահը:

«Ազադլըգ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Գանիմեդ Զահիդովի կարծիքով ՝«փաստերը վկայում են, որ Ադրբեջանում ալիեւյան բռնապետության տասնամյակներին Իրանում բնակվող ավելի քան քսան միլիոն ադրբեջանցիների իրավունքների հարց երբեք չի քննարկվել»:

Նա «կեղծ և սնամեջ» է գնահատել Անվտանգության խորհրդի նիստում Իլհամ Ալիևի պնդումը, որ «աշխարհիկ և բարգավաճ Ադրբեջանը գրավիչ է Իրանում բնակվող հայրենակիցների համար»:

Արդեն վեց տարի է, ինչ Իրան-Ադրբեջան ցամաքային սահմանը փակ է: Նախագահի պաշտոնում առաջին անգամ այցելելով Բաքու, ՙասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ «բարիդրացիությունը պետք է կառուցված լինի ոչ թե կողմերի միջեւ պարիսպներ բարձրացնելով, այլ մարդկային շփումներով»:

Իլհամ Ալիևը մի քանի անգամ պարզորոշ հայտարարել է, որ հարևան երկրների հետ ցամաքային սահմանի փակումը «Ադրբեջանի համար առաջին հերթին անվտանգության հարց» է:

Մարտի տասին Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է, որ «նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ մարդասիրական օգնություն է առաքում Իրան»: Ըստ տեղեկատվության, խոսքը առաջին անհրաժշտության սննդամթերքի և դեղորայքի մասին է, որ իրանական կողմին է հանձնվում Աստարա սահմանային անցակետում: Որքանով հասկացվում է, մարդասիրական օգնությունը կառաքվի Իրանի ադրբեջանաբնակ քաղաքներ:

Միջազգային ոչ մի աղբյուր անցած ավելի քան տասը օրերին Իրանում սննադամթերքի և դեղորայքի պակասի և մարդասիրական ճգնաժամի մասին որեւէ տեղեկություն չի հայտնել: Այս իմաստով Իլհամ Ալիևի քայլը առաջին հերթին քաղաքական է:

Նա իրավիճակը ներկայացնում է այնպես, որ չնայած Իրանի հետ հարաբերությունների լարվածությանը, մարդասիրական հարցերն առաջին տեղում են: Մեծ է հավանականությունը, որ այդ որոշումը նա կայացրել է նաև ներքաղաքական նկատառումներից ելնելով:

Չնայած գործադրած բռնություններին և հալածանքներին, Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը մնում է շիադավան և իրանցիներին ճանաչում որպես եղբայր:

Իրան-Ադրբեջան հարաբերությունները միշտ բարդ եւ բազմաշերտ են եղել: Առկա չափազանց բարդ իրավիճակում Ալիևի համար Թեհրանի հետ գոնե սառը-գործնական հարաբերությունների պահպանումը մեծ նշանակություն ունի:

Պետք է նկատի ունենալ, որ Իրանի և նրա ղեկավարության հասցեին Ալիևի թույլ տված «տմարդի», «վախոտ» և «տխեղծ» որակումները Թուրքիայում ենթարկվել են ծանրակշիռ քննադատության:

Իհարկե, չի կարելի լիովին բացառել, որ հանգամանքների այլ դասավորության դեպքում Ալիևը Իրանի դեմ թշնամական գործողությունների կդիմի: Բայց ներկա պահի միտումն այն է, որ նույնիսկ Միացյալ Նահանգները Իրանի մասնատման ծրագիր չունի: Իրանի հանդեպ Ալիևի «մարդասիրությունը» դրանով է պայմանավորված:

Ի՞նչ զարգացումներ են սպասվում, երևի հնարավոր կլինի կանխատեսել ԱՄՆ և Չինաստանի առաջնորդների գագաթաժողովի շուրջ տեղեկատվական հոսքերից: