Քաղաքական ուժերն արդեն ֆուլ-թայմ քարոզարշավի մեջ են: Մեկը մարզեր է այցելում թիմով` տատիկ-պապիկներին հիշեցնում, որ 10 հազար դրամով երջանկացրել է նրանց, մյուսները համագումարներ ու շնորհանդեսներ են անում, հայտարարում ընտրություններին մասնակցելու ձևաչափի մասին:
Հրապարակ թերթը գրել է․ Տպավորիչ շնորհանդեսներ արեցին Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի թիմերը: Պարզ է, որ այդ շնորհանդեսների թողած տպավորությունն էլ է կարևոր, քանի որ նաև դա է մարդկանց գրավելու կամ վանելու: Մեծ դահլիճներ, օվացիաներ, ելույթներ, վարչապետի թեկնածուի հայտարարում…ամբողջը ժանրի կանոնների համաձայն:
Բայց ոչինչ անթերի չէ բնության մեջ ու կյանքում, այդ թվում այս նախաքարոզչական ակցիաները: Ինձ, օրինակ, տխրեցնում է ֆանտազիայի, կրեատիվության պակասը` ոչ մի օրիգինալ քայլ կամ խոսք: Ամեն ինչ կանխատեսելի է ու ծանոթ: Անգամ ելույթները կարելի է առանց լսելու նախապես պատմել, թե ով ինչի մասին ու ինչպես է խոսելու:
Մինչդեռ աշխարհի տարբեր երկրներում շատ ուշագրավ քարոզչական հնարքներ ու տեխնոլոգիաներ են օգտագործում: Ամենակարևորը` կարողանում են հանրային նոր շերտեր ընդգրկել, դիտարժան քարոզչություն անել, ընտրությունների հետ հույսեր չկապող խավերին ակտիվացնել: Հուսանք շարունակությունն ավելի ստեղծագործական կլինի, քան մեկնարկը:
Այսօր «Հայաստան» դաշինքի շնորհանդեսն, իհարկե, տպավորիչ էր դահլիճի էներգետիկայի և բազմամարդության առումով: Բայց լավ չի, որ դաշինքի առաջնորդն այդպես էլ հայկական առոգանությամբ ու սահուն չի կարողանում ընթերցել հայերեն տեքստերը: Եվ շատ տհաճ էին ամեն նախադասությունից հետո հնչող ծափերը:
Ախր ՍՄԿԿ համագումարները դեռ հիշողներ կան ու այդ տեսարանը դեժավյու էր առաջացնում: Անձի պաշտամունք հիշեցնող յուրաքանչյուր նյուանս գոնե ինձ մոտ միայն մերժում ու տագնապ է առաջացնում:
Հ․Գ․ Ամեն դեպքում, դատելով ՔՊ-ի ֆեյսբուքյան ու ֆեյքային արձագանքներից իշխանությունը վախի, սարսափի հերթական չափաբաժինը ստացավ: Նաև դա է պատճառը, որ քրեաիրավական մեթոդները թափով խոդ են տվել:
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության…Կգնամ, կգամ` կպատմեմ:

Բաց մի թողեք
Քոչարյանի հետ հարցազրույցում Պետրոսը չհասավ նրան, ինչին նրան պատրաստել էին
Նոր աշխարհակարգի չինական առանցքը և Հայաստանի խնդիրը
Կորչի աշխատանքը` Նիկոլն է եկել