19/04/2026

EU – Armenia

Թրամփին կհաջողվի արդյոք մասնատել Իրանը, ինչ կստեղծվի Հայաստանի սահմաններում

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը լրջորեն քննարկում է Պարսից ծոցում իրանական Խարկ կղզում ցամաքային ռազմագործողություն իրականացնելու հնարավորությունը:

Այդ մասին մարտի 19-ին գրել է Reuters-ը՝ հղում անելով Սպիտակ տան «մի բարձրաստիճան պաշտոնյայի և իրավիճակին լավատեղյակ աղբյուրներին»: Ըստ բրիտանական հեղինակավոր լրատվամիջոցի, ԱՄՆ նախագահը քննարկում է նաև «Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերականգնելու նպատակով Իրանի առափնյա տարածքներում ծովային հետևակի հատուկ նշանակություն զորախումբ տեղաշխելու տարբերակը»:

Սպիտակ տան աղբյուրները նաեւ ասել են, որ «վարչակազմը խիստ մտահոգ է Իրանի հարստացված ուրանի պաշարների հարցով և մտադիր է կազմակերպել դրանք հուսալիորեն պաշտպանելու հատուկ գործողություն»:

Գործնականում ի՞նչ քայլերի կդիմի Միացյալ Նահանգների նախագահը, մնում է խիստ անորոշ: Israel Inside-ը գրել է, որ «իրանցիներն սկսել են մատնել իրենց դահիճներին»: Իսրայելցի դիտորդները տպավորություն ունեն, որ ռազմական գործողությունները «վերջին օրերին նպաստում են իրանական ընդդիմության աշխուժացմանը»:

Նույն աղբյուրը, վկայակոչելով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի մերձավոր շրջապատի անձանց, հայտնել է, որ նա «լրջորեն քննարկում է հրաժարական ներկայացնելու հարցը»:

Պատճառն այն է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարությունը նրան «լիովին հեռացրել է երկրի կառավարումից»: Փեզեշքիանը դժգոհել է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում «զրկված է նույնիսկ գերագույն հոգևոր առաջնորդին տեսակցելու հնարավորությունից»:

Ավելի վաղ շատ փորձագետներ հավանական էին համարում, որ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի «լիազորությունների մի մասը կարող է փոխանցվել նախագահ Փեզեշքիանին, և նա այդ դեպքում Միացյալ Նահանգների հետ բանակցությունների լիարժեք մանդատ կունենա»:

Ըստ երևույթին, նման գաղափար իրանական վերնախավում քննարկվել է, բայց Փեզեշքիանը բավարար աջակցություն չի ստացել: Ստեղծված իրավիճակում, երբ նախագահն իրոք սկզբունքային նշանակության որևէ որոշում չի կայացնում, միայն ներկայացուցչական գործառույթներ է իրականացնում, Փեզեշքիայի հետագա պաշտոնավարումը կորցնում է նշանակությունը:

Բայց սա միայն արտաքին դիտարկման արդյունքի եզրակացություն է: Իրականում Փեզեշքիանը նախագահի պաշտոնում ընտրվել է որպես Իրանում ազգամիջյան համերաշխության խորհրդանիշ: Նա էթնիկ թուրք է, տևական ժամանակ խորհրդարանում ներկայացրել է Թավրիզը:

Իրանի թուրքաբնակ շրջաններում առկա իրավիճակը, երբ անջատողական շարժումներ չեն դրսեւորում, շատերը կապում են Փեզեշքիանի թուրքական ծագման և այդ նահանգների բնակչության շրջանում նրա բարձր հեղինակության հետ:

Նախագահի պաշտոնից նրա հրաժարականը կարող է առիթ հանդիսանալ, որպեսզի Թավրիզում, Արդեբիլում, Խոյում, Սուլդուզում և թուրքաբնակ այլ քաղաքաներում անջատողական կարգախոսերով զանգվածային ցույցեր սկսվեն:

Բացառված չէ, որ Փեզեշքիանի հրաժարականի մասին տեղեկությունը տարածվել է որպես ի գիտություն ԻՀՊԿ հրամանատարության, որ Իրանը «կանգնած է էթնիկ մասնատման սպառնալիքի առջև»:

Չնայած արված անոնսին, Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին այդպես էլ հանրությանը չի ներկայացել, նրա առողջական վիճակի և գտնվելու վայրի մասին տեղեկություն չկա: Առաջիկա մի քանի օրը Իրանի համար բախտորոշ է լինելու:

Կրոնապետության տապալման հարցում Իսրայելը մնում է անհողդողդ: Երեւում է, ԱՄՆ-ը սպառում է Իրանի վերնախավում համարժեք առաջնորդ տեսնելու սպասումը: Մնում է հուսալ, որ Դոնալդ Թրամփը Իրանը մասնատելու ծրագիր չունի: