30/04/2026

EU – Armenia

Իսրայելը «Ադրբեջանի օդային տարածքից» թիրախավորել է Իրանի Կասպյան նավատորմը

Իսրայելը առաջին անգամ թևավոր հրթիռներով հարձակման է ենթարկել Իրանի ռազմածովային ուժերի Կասպից նավատորմիղը: Առնվազն հինգ նավ վնասվել է, տասնյակ նավաստիներ՝ սպանվել:

Ըստ տեղեկությունների, թիրախային հարվածներ են հասցվել Իրանի հյուսիսում գտնվող Բենդեր-Էնզելի նավահանգստին:

Միջազգային մի քանի լրատվամիջոց ենթադրաբար գրել է, որ այդ հարվածները հասցնելու համար «Իսրայելը օգտագործել է Ադրբեջանի օդային տարածքը»: Իսրայելական vesty-ն հիշեցրել է, որ Կասպից ծովի այդ հատվածում Ռուսաստանը և Իրանը անցյալ տարի առնվազն երկու համատեղ զորավարժություններ են անցկացրել:

Իսրայելի կողմից Իրանի Կասպյան նավատորմիղի թիրախավորումը կտրուկ փոխում է պատերազմի բնույթը և աշխարհագրությունը:

Փաստացի մարտական գործողությունները տեղափախվում են Կասպյան ավազան, որտեղ Իրանի ռազմածովային ուժերը որևէ այլ խնդիր չեն լուծում, քան ապահովում են երկրի հյուսիսի ջրային սահմանների անվտանգությունը և ապահովում Ռուսաստանի հետ նավագնացությունը:

Իսրայելի օդային հարվածները նախազգուշացում են, որ Կասպից ծովով Իրան-Ռուսաստան հաղորդակցությունը «այլևս անվտանգ» չէ կամ առնվազն գտնվում է իսրայելա-ամերիկյան մշտադիտարկման տակ:

Կասպից ծովում Իրանի ռազմական նավատորմիղին և ենթակառուցվածքներին իսրայելական հարվածներից կարճ ժամանակ առաջ տեղի է ունեցել Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցը, որի ընթացքում իրանական կողմը «միջազգային իրավունքի խախտում» է գնահատել մի երկրի տարածքի տրամադրումը երկրորդին՝ երրորդ երկրի դեմ հարձակման համար:

Նույն օրը Երևանում Իրանի դեսպան Շիրղոլամին Ադրբեջանին գրեթե բաց տեքստով հորդորել է ձեռնպահ մնալ իր երկրի դեմ թշնամական գործողություններին միանալուց:

Առայժմ հայտնի չէ, թե Կասպից ծովի իրանական հատվածի դեմ հարձակմանն ինչպես է արձագանքել Մոսկվան: Բենդեր-Էնզելի-Աստրախան և հակառակ ուղղությամբ նավագնացությունը Ուկրաինայի դեմ պատերազմի անցած տարիներին մշտապես ծառայել է Իրանից ԱԹՍ-եր և այլ միջոցներ ներկրելու նպատակին:

Բայց իսրայելական հարվածները Ռուսաստանի համար ավելի շատ վարկանիշային կորուստ են: Մոսկվան մշտապես պնդել է, որ Կասպից ծովում արտատարածաշրջանային որևէ երկիր ռազմական ներկայություն չի կարող ունենալ:

Իրանի ռազմական նավատորմիղին իսրայելական նշանառու հարվածները վկայել են, որ Կասպյան ավազանում արտատարածաշրջանային ռազմական ներկայությունը կատարված փաստ է, և այդ նոր իրավիճակի մոդերատորը Ադրբեջանն է:

Իրանը պատասխան հարված կհասցնի՞ Ադրբեջանի Կասպյան նավատորմիղին, այլ հարց է: Մեծ հաշվով ազդարարվել է, որ Կասպից ծովը, Կասպյան ավազանը այլևս ռուս-իրանական բացարձակ ազդեցության գոտի չէ: Իսկ դա արդեն գլոբալ-աշխարհաքաղաքական մարտահրավեր է Ռուսաստանին: