30/04/2026

EU – Armenia

Մոսկվան ազդարարում է, որ չի ընդունում «խաղի ամերիկյան կանոնները»

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել OTR հեռուստաընկերության «Հիշեք ամենը» ծրագրին: Հարցազրույցի հիմնական թեզերը ամփոփ ներկայացրել է «Կոմերսանտը»:

Կարելի է առանձնացնել երեք էական պահ: Լավրովն ասել է, որն Ռուսաստանը «ուկրաինական կարգավորմանը պատրաստ էր դեռևս Անքորիջում, իսկ ԱՄՆ-ը հիմա տատանվում» է: Դա փաստացի խոստովանություն է, որ Միացյալ Նահանգները Ուկրաինայի հարցում վերջնական դիրքորոշում չունի:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի գլխավոր նպատակը էներգակիրների միջազգային շուկայում «Ռուսաստանի մարգինալացումն» է: Նա խնդիրը ներկայացրել է այնպես, որ ամերիկացիները «համագործակցության առաջարկ կանեն, երբ հասած կլինեն արդեն Ռուսաստանի տարածքին»:

Այսպիսով, Մոսկվան ազդարարում է, որ չի ընդունում «խաղի ամերիկյան կանոնները» և մտադիր է էներգակիրների միջազգային շուկայում պաշտպանել իր դիրքերը: Լավրովը վկայակոչել է Հունգարիայի և Սլովակիայի օրինակը, որոնց Եվրամիությունը «պարտադրում է կրկնակի թանկ գնով նավթ և գազ գնել, միայն թե Ռուսաստանի մեկուսացման քաղաքականությունը շարունակվի»:

Թե նման իրավիճակում Ռուսաստնը էներգակիրների միջազգային շուկայում ինչպե՞ս է դիրքեր պաշտպանելու, արտգործնախարար Լավրովն այդ մասին ոչինչ չի ասել: Միայն հիշեցրել է, որ Ռուսասական կայսրության ժամանակներից ընդունված էր, որ երկիրը «երկու դաշնակից ունի՝ բանակը և նավատորմը»:

Ըստ Լավրովի, ներկայումս ավելացել են «ռազմատիեզերական ուժերը և անօդաչու թռչող սարքերի զորքերը, այնպես որ՝ Ռուսաստանի դաշնակիցների թիվն աճել» է:

Լավրովը սուր քննադատության է ենթարկել Մերձավոր Արևելքում ամերիկյան քաղաքականությունը, որ «հաշվի չի առնում երկրների պատմությունը և մշակույթը»: ՌԴ արտգործնախարարի գնահատմամբ՝ Իրանի դեմ հարձակման «հետևանքները դեռ երկար են զգացնել տալու»:

Սերգեյ Լավրովը ծավալուն հարցազրույցում չի անդրադարձել հետխորհրդային տարածքին, ինչպես նաև այն կառույցներին, որ Ռուսաստանը մշտապես ներկայացնում է որպես արևմտյան պարտադրանքին այլընտրանք: Խոսք չկա ԲՐԻԿՍ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության մասին:

Հնարավոր է, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը միտումնավոր է իրավիճակը սրել և իր երկիրը ներկայացրել գրեթե «պաշարման ռեժիմում» և ընդգծել, որ նման իրավիճակում նրա դաշնակիցները բանակն է, նավատորմը և ռազմատիեզերական ուժերն ու ԱԹՍ-երի զորատեսակը:

Եթե առաջնորդվելու լինենք այս կանխավարկածով, ապա կստացվի, որ Մոսկվան «աշխարհաքաղաքական ճեղքում է ծրագրում»: Բայց դրա համար նա բավարար ռեսուրսներ ունի՞: Թե խնդիրը «Անքորիջի ոգուն» վերադա՞րձն է: