25/03/2026

EU – Armenia

Բաքուն նախապատրաստվում է Իրան ներխուժելուն

Ինչպես ավելի վաղ հայտնի է դարձել, կայացել է Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Աբաս Արաղչիի և Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը: Այդ մասին նույն օրը համառոտ տեղեկություն տարածել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

Տպավորություն կար, որ Թեհրան-Բաքու երկխոսությունը ծավալվում է դրական տոնայնությամբ: Ըստ երևույթին, իրականում Իրանի և Ադրբեջանի միջեւ լարվածությունը ոչ միայն պահպանվում է, այլեւ ավելի է սրվում:

Այդ է վկայում Բաքվի իշխանական minval politika-ի խմբագրականը, որտեղ ադրբեջանական կողմն առաջին անգամ հրապարակայնացրել է, որ Իրանը ներկայացրել է Ադրբեջանի տարածքից «սիոնիստական կազմավորման ենթակառուցվածքները դուրս բերելու պահանջ»:

Նույն օրը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Բաքվի և Ապշերոնի շրջանի բնակչությանը հորդորել է «խուճապի չմատնվել» և պարզաբանել, որ «իրականացվում է ԱԹՍ-երի ուսումնա-վարժական փորձարկում»:

Մինչ այդ սոցիալական ցանցերի ադրբեջանական հատվածում բազմաթիվ օգտատեր գրառումներ են կատարել, որ «ամբողջ օրը լսում են ԱԹՍ-երի թռիչքի ձայներ»: Իր դեմ իսրայելա-ամերիկյան հարձակումից երկու առաջ Իրանը փակել է Ադրբեջանի հետ Կասպից ծովի սահմանի օդային տարածքը:

Գրեթե բոլոր փորձագետները համոզված են, որ Իսրայելի կողմից Իրանի Էնզելի նավահանգստի թիրախավորումը «Կասպյան ավազանը դարձրել է ռազմաճակատային գոտի»:

Բաքվի իշխանական լրատվամիջոցն, իհարկե, հերքում է Ադրբեջանի տարածքը Իրանի դեմ հարվածների համար Իսրայելին տրամադրելու մասին իրանական կողմի պնդումները, բայց Արաղչի-Բայրամով հեռախոսազրույցի ընթացքում վերջինս կրկին հիշեցրել է, որ Իրանը «պետք է հետաքննի և տեղեկություններ տրամադրի Նախիջեւանի օդանավակայանի դեմ դրոնային հարձակման մասին»: Դա վկայում է, որ Բաքուն Թեհրանին «հակընդդեմ հայց է ներկայացրել»:

Դիվանագիտական լեզվով ավելին չեն ասում: Ադրբեջանը փաստացի հասկացրել է, որ մինչև «իր դեմ հարձակման հանգամանքները չպարզվեն, Թեհրանի ներկայացրած մեղադրանքները անհիմն» են:

Իշխանական լրատվամիջոցը եզրակացրել է, որ Ադրբեջանը «դեմ է Իրանի հետ լարվածությանը, բայց դրան պատրաստ է, ինչը խնդիր կլինի ոչ միայն Իրանի, այլև տարածաշրջանի մյուս երկրների համար»:

Այդուհանդերձ, հրապարակման ընդհանուր տոնայնությունը վկայում է, որ Թեհրանն այս անգամ, կարծես, «ավելի առարկայան ու խիստ է նախազգուշացրել Բաքվին»: Հայտնի է դարձել, որ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենիին արտոնել է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները:

Այս իրավիճակում, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը սեփական նախաձեռնությամբ Իրանի հետ էսկալացիայի չի գնա:

Բայց ո՞րն է երաշխիքը, որ իրանա-ամերիկյան բանակցությունները կհանգեցնեն պատերազմի ավարտին և կողմերի միջև համապարփակ համաձայնության: Նման երաշխիք չկա: Ավելին, մեծ է հավանականությունը, որ բանակցությունները կձախողվեն և իրանական պատերազմի «աշխարհագրությունը կընդլայնվի»:

Ըստ երևույթին, Բաքուն նախապատրաստվում է Իրան ներխուժելուն: