25/03/2026

EU – Armenia

Եթե Ադրբեջանը ֆորմալ միանալ Թուրքիա – Պարսից ծոցի միապետություններ – Պակիստան ռազմաքաղաքական դաշինքնին

Իրանից Պարսից ծոցի երկրների նյարդայնացածությունը հասել է մի մակարդակի, որ համարժեք է Միացյալ Նահանգների քայլերից նրանց դժգոհությանը: Կարելի է սպասել, որ 1,27 տրիլիոն դոլարի տնտեսություն ունեցող Արաբական միացյալ էմիրությունները Սաուդյան Արաբիայի հետ կսկսեն ստեղծել անվտանգության և պաշտպանության նոր ճարտարապետություն՝ Թուրքիայի, Պակիստանի և այլ երկրների հետ:

Նման տեսակետ է զարգացրել «Անադոլու» պետական գործակալության խմբագրականը, որ, ինչպես ընդունված է, գերազանցապես արտահայտում է Թուրքիայի իշխանությունների տեսակետը:

Հրապարակման հեղինակի գնահատմամբ՝ «անվտանգության համակարգը, որի վրա երկար ժամանակ հույս էին դրել տարածաշրջանի երկրները և որը ապահովում էր Միացյալ Նահանգները, այլևս լիարժեք չէ, այդ թվում՝ ամերիկյան ռազմական ներկայության կրճատման և դաշնակիցների անբավարար պաշտպանվածության պատճառով»:

Թուրքական պետական լրատվամիջոցն այնուհետև քննարկում է Իրանի դեմ ամերիկյան ցամաքային ռազմագործողության սցենարը և եզրակացնում, որ դա «վատագույն սցենարը կլինի»:

Այս հրապարակումը չափազանց ուշագրավ է նրանով, որ Թուրքիան փաստացի ակնարկում է Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների երկարատև ազդեցության մասնակի կամ նույնիսկ ամբողջական կորստի մասին, ինչի փոխարեն տարածաշրջանի երկրները կարող են անվտանգության և պաշտպանության սեփական ճարտարապետությունը կառուցել:

Խիստ կարևոր է, որ տարածաշրջանային ռազմա-քաղաքական ենթադրյալ դաշինքի հավանական անդամ երկրների շարքում նշվում են ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան և Պակիստանը: Թուրքիան վերջին շրջանում ռազմավարական համագործակցության մասին պայմանագիր է ստորագրել նաև Կատարի և Եգիպտոսի հետ:

Իրանի դեմ հարձակման նախօրեին Իսրայել է այցելել Հնդկաստանի վարչապետ Մոդին և հավաստիացրել, որ Հնդկաստանը Իսրայելի մշտական բարեկամն է: Ավելի վաղ Իսրայելը բանակցություններ է վարել Հունաստանի և Կիպրոսի հետ:

Ըստ տեղեկությունների, կողմերը մտադիր են Միջերկրական ծովի արևելյան հատվածում ստեղծել արագ արձագանքման ուժեր: Թուրքիան հայտարարել է, որ իսրայելա-հունա-կիպրոսյան «եռյակ միությունը» ուղղված է իր տնտեսական և աշխարհաքաղաքական շահերի դեմ:

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան հարձակման հաջորդ օրը Թուրքիան F-16 կործանիչների էսկադրիլիա է տեղաբաշխել Կիպրոսի հյուսիսի օկուպացված տարածքներում:

Եթե Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան պատերազմն ավարտվի դիվանագիտական ճանապարհով կամ, ընդհակառակը, իրավիճակը էլ ավելի սրվի, ապա, ամենայն հավանականությամբ, Թուրքիան Ադրբեջանին ներգրավելու է Պակիստանի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Կատարի մասնակցությամբ «անվտանգության և պաշտպանության նոր ճարտարապետությանը»:

Իրանի շուրջ իրավիճակի կտրուկ սրացումից ի վեր Հայաստանի Անվտանգության խորհուրդը առնվազն երեք նիստ է գումարել: Այդ ընթացքում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Մասկատում մասնակցել է ռեզիդենտ դեսպանատան բացման արարողությանը և խորհրդատվական հանդիպում ունեցել տարածաշրջանի երկրներում հավատարմագրված հայ դիվանագետների հետ:

Միրզոյանը նաև տեղեկացրել է, որ Պակիստանի հետ քննարկում են ոչ ռեզիդենտ դեսպանատների բացման հարցը: Դիվանագիտական այս շփումներն, ինչ խոսք, հուսադրող են:

Այդուհանդերձ, բաց է մնում էական մի հարց. եթե Ադրբեջանը ֆորմալ միանալ Թուրքիա-Պարսից ծոցի միապետություններ-Պակիստան ռազմաքաղաքական դաշինքնին, ո՞րն է լինելու Հայաստանի գլոբալ անվտանգության միջավայրը: