25/03/2026

EU – Armenia

Երևանում Հնդկաստանի 6 քաղաքացի ներխուժել են համերկրացու բնակարան, ծեծի ենթարկել նրան, դանակահարել և թալանել

Ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն է զանգահարել Հնդկաստանի քաղաքացի 25-ամյա Շիվամ Ա․-ն և հայտնել, որ անհայտ անձը դանակով հետապնդել է իրեն և ձեռքերը արյունոտ է, ապա զանգահարել է Հնդկաստանի քաղաքացի 34-ամյա Մանան Մ․-ն և հայտնել, որ ինչ-որ մեկը մտել է իրենց բնակարան, ծեծի ենթարկել իրեն և հեռացել։

Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, մեկնել է Երևանի քրեական ոստիկանության օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Տեղում ոստիկաններին Շիվամ Ա․-ն հայտնել է, որ մարտի 9-ին՝ ժամը 01։30-ի սահմաններում, իրեն անծանոթ ազգությամբ հնդիկ 6 անձինք մուտք են գործել իրենց բնակարան, իրեն արթնացրել, պահանջել գումար, ինքը հայտնել է որ գումար չունի, ինչից հետո գոտիով հարվածել են մեջքին, դանակով հարվածել դեմքին և գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, այնուհետև իր տաբատի գրպանից հափշտակել են «Realmi C63» տեսակի բջջային հեռախոս, իսկ ներքնակի տակից 190 հազար դրամ, իրեն զուգահեռ ծեծի ենթարկելով նաև իր հետ նույն հասցեում բնակվող Հնդկաստանի քաղաքացիներ Մանան Մ․-ին, Հնդկաստանի քաղաքացիներ 37-ամյա Հարպինդեր Ս․-ին՝ նրանից հափշտակելով 35 հազար ՀՀ դրամ, 30-ամյա Ռահուլին՝ նրանից հափշտակելով 6 հազար դրամ, 38-ամյա Ամրիկ Ս․-ին՝ նրանից հափշտակելով 2 հազար դրամ գումար, հեռացել են։

Քրեական ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարած անձինք հանդիսանում են Հնդկաստանի քաղաքացիներ 37-ամյա Ջաջմանջոտ Դ․-ն, 32-ամյա Ռամ Լ․-ն, Մինթու Ս․-ն, Անմոլ Ս․-ն և Աջայ Կ․-ն, ինչպես նաև պարզվել է, որ Շիվամ Ա․-ին դանակով հարվածներ է հասցրել Անմոլ Ս․-ն, նրա բջջային հեռախոսը հափշտակել է Մինթու Ս․-ն, իսկ գումարը ներքնակի տակից հափշտակել է Ջաջմանջոտ Դ․-ն և վերջինիս հրահանգով նրա հետ եղած անձինք հարվածներ են հասցրել և հափշտակություններ կատարել մյուսներից։

Դեպքի փաստով Երևանի քրեական ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։