25/03/2026

EU – Armenia

Թուրքիան փորձում է Ադրբեջանը դուրս բերել Իսրայելի թակարդից

Թուրքիայի նախագահ Փեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության արտահերթ նիստ է գումարում: Այդ մասին հայտնել են թուրքական լրատվամիջոցները: Նրանց հայտնի է դարձել, որ կառավարությունը «կքննարկի Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը»:

Ակնկալվում է, որ արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կառավարության անդամներին կտեղեկացնի Սաուդյան Արաբիա, Կատար և Արաբական միացյալ էմիրություններ կատարած այցելությունների, ինչպես նաև Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցների մասին:

Թուրքիայի կառավարությունը արտահերթ նիստ է հրավիրում Իրանի հետ բանակցություններ սկսելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության հաջորդ օրը: Ըստ տեղեկությունների, իրանա-ամերիկյան դիվանագիտական շփումները վերականգնելու հարցում զգալի դեր են խաղացել Եգիպտոսը, Կատարը և Թուրքիան:

Ըստ տեղեկությունների, Թուրքիայի կառավարությունը «կքննարկի նաև Հորմուզի նեղուցի խնդիրը»:

Պաշտոնական Անկարան, այսպիսով, բացահայտում է, որ իրանա-ամերիկյան բանակցությունները կարող են հանգեցնել պատերազմի դադարեցմանը և, կարծես, շտապում է հետկոնֆլիկտային իրավիճակում «ամրագրվել» որպես Մերձավոր Արևելքի առանցքային դերակատար:

Ուշագրավ է, որ իրանա-ամերիկյան բանակցությունների մասին հայտնի դառնալու օրը՝ մարտի 23-ին, տեղի է ունեցել Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցը, որի ընթացքում տևական ընդմիջումից հետո Բաքուն վերստին «իրավիճակի կայունացմանը աջակցելու» պատրաստակամություն է հայտնել:

Ըստ տեղեկությունների, իրանա-ամերիկյան պաշտոնական բանակցությունները «տեղի կունենան այս շաբաթ՝ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում»: Մարտի 17-ին Սաուդյան Արաբիայում մի քանի արաբական եւ մուսուլմանական երկրների արտգործնախարարների խորհրդատվական հանդիպումից հետո կայացել է նախ Թուրքիայի նախագահի և Պակիստանի վարչապետի, ապա Ադրբեջանի նախագահի և Պակիստանի վարչապետի հեռախոսազրույցը:

Ըստ երևույթին, այդ Բաքուն որոշակիորեն ներգրավվում է Իրանի շուրջ իրավիճակի դիվանագիտական հանգուցալուծման ջանքերին:

Ի՞նչ դեր կարող է խաղալ Ադրբեջանը, որոշակիորեն պարզ չէ: Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում Իրանի արտգործնախարար Արաղչին հատուկ ընդգծել է Կասպյան ավազանում անվտանգության կարևորությունը:

Ինչպես հայտնի է, Իսրայելը առաջին անգամ թիրախավորել է Իրանի Էնզելի նավահանգիստը: Կարելի է ենթադրել, որ Թուրքիան փորձում է Ադրբեջանը դուրս բերել Իսրայելի հետ ռազմավարական համագործակցության ռեժիմից: