17/04/2026

EU – Armenia

Քանդելու մեծ վարպետ են․ Լուսանկարներ

Ավան Առինջ 1-ին Միկրոշրջան 2/2 շենքի բնակիչներից ահազանգ ենք ստացել, որ Երևանի քաղաքապետարանն իրենց 30-40 տարվա ավտոտնակների վերաբերյալ քանդման որոշում է կայացրել եւ մի քանի ժամվա ընթացքում հողին հավասարեցրել դրանք, թույլ չտալով, որ բնակիչներն իրենք ապամոնտաժեն գարաժները։ Մեզ հետ զրույցում բնակիչները նշեցին, որ 10 ավտոտնակ են քանդել, որոնց փաստաթղթերն օրինական չեն եղել։

Բայց իրենք տարիներ առաջ դիմել էին ավտոտնակներն օրինականացնելու համար, գործընթացը ձգձգվել էր, ինչից օգտվելով էլ քաղաքապետարանը 38 տարվա ավտոտնակը մի ժամում քանդել էր, հայտարարելով, թե՝ կանաչ գոտի է սարքում, մինչդեռ շուրջ բոլորը բարեկարգման ենթակա տարածք կա, որտեղ ոչինչ չեն անում։

Հրապարակ թերթի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի Կարգավիճակ չունեցող գույքերի բաժնի պետ Տարոն Միրոյանը նշեց, որ իրենք յուրաքանչյուր բակի հատակագիծը կադաստրային քարտեզով նայում են և այն ավտոտնակները, որոնք փաստաթուղթ չունեն կամ վարձակալված չեն՝ քանդվում են․ «Մենք բնակիչներին հորդորել ենք, որ եթե ունեցել եք վարձակալության պայմանագիր և ժամկետը լրացել է, դիմեք վարչական շրջանի ղեկավարին, նոր վարձակալական պայմանագիր կնքեք, այս դեպքում մենք որևէ իրավասություն չենք ունենա այդ ավտոտնակները քանդելու։ Եղել են դեպքեր, որ տեխնիկան գնացել է քանդման, բնակիչները բերել՝ թուղթ են ցույց տվել ու այս դեպքում չեն քանդել»։

Քանդելու մեծ վարպետ են

Դիտարկմանը, որ բնակիչները պնդում են, որ 2022թ-ից դիմել են սեփականաշնորհման համար, սակայն ընթացք չի տրվել դիմումներին, Միրոյանը արձագանքեց․ 2022թ-ից մենք զերծ ենք մնացել բակային տարածքներում ավտոտնակների օրինականացումից, քանի որ բակային տարածքներում ազատ հատվածներ չեն մնացել խաղահրապարակների համար։ Իսկ այժմ ուղղակի հնարավոր չէ այդ տարածքները սեփականաշնորել, քանի որ ներառվել են ընդհանուր օգտագործման տարածքների մեջ։ Իսկ ինչ վերաբերում է հարցին, որ տարբերակված մոտեցում ենք ցուցաբերում՝ այդպես չէ»։