19/04/2026

EU – Armenia

Բաքուն գործ կունենա արդեն Վաշինգտոնի հետ, Հայաստանը՝ լուսանցքում

Բաքվի իշխանական minval politika-ն, վկայակոչելով ամերիկյան National Interest պարբերականի հրապարակումը, տեղեկացրել է, որ «ամերիկյան փորձագիտական շրջանակները հետևողականորեն բարձրացնում են ԱՄՆ Կոնգրեսի կողմից «Ազատության աջակցության» ակտի 907-րդ ուղղումը վերջնականապես չեղյալ ճանաչելու անհրաժեշտության հարցը»:

Այդ ուղղումը, ինչպես հայտնի է, ընդունվել է 1992թ.-ին և Միացյալ Նահանգների կառավարությանը արգելում է ուղղակի աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, քանի դեռ Բաքուն չի վերացնի Հայաստանի շրջափակումը և Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմը:

2001թ.-ին Կոնգրեսը մասնակիորեն բավարարել է Սպիտակ տան միջնորդությունը՝ կապված Աֆղանստան ռազմական նշանակության բեռների փոխադրման լոգիստիկայի փոփոխության հետ, և ԱՄՆ-ը ստացել է Ադրբեջանի օդային և ցամաքային տարածքն օգտագործելու հնարավորություն:

Աֆղանստանում առաքելության ավարտից հետո Բայդենի վարչակազմը վերականգնել է Ադրբեջանի հետ հարաբերությունների սահմանափակումը: Անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոնի եռակողմ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով կասեցրել է 907-րդ ուղղման գործողությունը:

Այդ ակտը չեղարկելու «անհրաժեշտության» մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քառասունչորսօրյա պատերազմից հետո խոսել է մի քանի անգամ: Հայտնի չէ,- այդ մասին, համենայն դեպս, տեղեկություն հայտնի չէ,- թե արդյոք նա թեման շոշափե՞լ է փետրվարի տասին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ բանակցություններում, բայց ամերիկյան պարբերականի հրապարակումը վկայում է, որ Վաշինգտոնում ադրբեջանական լոբբին այդ ուղղությամբ ծավալուն աշխատանքներ է տանում:

Ավելի վաղ Բաքվի իշխանական մամուլը այդ թեմայով մի քանի հրապարակում է արել և հարցը պայմանավորել Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքներով: Ադրբեջանում, այսպիսով, համոզված են, որ «Ազատության ակտի» հիշյալ ուղղումը չեղյալ ճանաչելու համար «ժամանակ և մեծ ջանքեր են պահանջվում»:

National Interest-ի հրապարակման իմաստով՝ ԱՄՆ-ը «պետք է Ադրբեջանը ճանաչի Հարավային Կովկասի առանցքային երկիր, որ կապահովի Ռուսաստանը շրջանցող կոմունիկացիոն և էներգետիկ ծրագրերի իրականացումը»:

Խնդրի վերաբերյալ ԱՄՆ նախագահի կամ վարչակազմի որևէ բարձրաստիճան ներկայացուցչի տեսակետը հայտնի չէ: Իրավական այդ ակտի չեղարկումը ոչ միայն կնպաստի ադրբեջենա-ամերիկյան համագործակցության խորացմանը և բազմազանացմանը, այդ թվում՝ անվտանգային բնագավառում, այլև Ադրբեջանին կազատի Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի պատասխանատվությունից. 907-րդ ուղղումը 1992թ. դրությամբ հստակ սահմանել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիվ պատերազմ է մղում:

Առկա իրողությունների նկատառմամբ, իհարկե, իրավական այդ ձևակերպումը գործնական նշանակություն գրեթե չունի, բայց պատմությունը չի ավարտվում, ինչպես նաև՝ աշխարհի փոխակերպումը:

Բացառված չէ, որ Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության ինստիտուցիոնալացումը պայմանավորի նաև «ուղղումը չեղյալ ճանաչելու անհրաժեշտությամբ», բայց այդ դեպքում Բաքուն գործ կունենա արդեն Վաշինգտոնի հետ: