19/04/2026

EU – Armenia

Գյումրիում Փաշինյանը թմբուկ զարկեց. գլխավոր երկրպագուն ու ունկնդիրն էլ Աննա Հակոբյանն էր․ Լուսանկարներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկին կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր Գյումրիում էր՝ երեկոյան Վարդանանց հրապարակում նախատեսված համերգին մասնակցելու և «թմբուկ զարկելու» նպատակով։ Նրանք քաղաք են ժամանել ավտոերթով։

Ուշագրավ է, որ այցի պահին Վարդանանց հրապարակը գրեթե դատարկ էր։ Փաշինյանի ավտոշարասյունը Գյումրի մտավ ազդանշաններով, սակայն հրապարակում ոստիկաններից բացի այլ քաղաքացիներ չկային։

Միայն որոշ ժամանակ անց հավաքվեցին քաղաքացիներ, որոնց մեջ առանձնացան մի քանի անձինք, ովքեր բացականչում էին « Նիգոլ վարչապետ»՝ տպավորություն ստեղծելով, թե հատուկ են եկել։

Երգիչ Արամ mp3-ի մի քանի կատարումից հետո Փաշինյանը թմբուկ զարկեց, որի ընթացքում առաջին շարքում կանգնած Աննա Հակոբյանն էր նրա հիմնական երկրպագուն ու ունկընդիրը։

Ուշագրավ է նաև, որ եթե նմանատիպ միջոցառումների ժամանակ Վարդանանց հրապարակը սովորաբար մարդաշատ էր լինում` ամբողջությամբ լեցուն, այս անգամ այն կիսով չափ կամ նույնիսկ ավելի քիչ էր լցված։

Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեծ պատրաստվածությամբ էր մասնակցում Գյումրիում նախատեսված ավտոերթին և երեկոյան համերգային ծրագրին, անգամ վերջերս իրենք լքած կնոջը`Աննա Հակոբյանին էր շոու մասնակից դարձրել, որն այսօր ուղեկցում էր իրեն, արձանագրենք, որ, այնուամենայնիվ, սպասելիքները չարդարացան։

Իշխանական շրջանակները նախապես ընդգծում էին, որ Գյումրիում կազմակերպված համերգն ու ավտոերթն ունենալու են լայնամասշտաբ բնույթ և նպատակ ունեին ներկայացնելու աջակցության և մասնակցության բարձր մակարդակ, հատկապես ընդդիմադիր համարվող քաղաքում։ Չնայած նրան, որ Վարդանանց հրապարակում տեղադրվել էր մեծ բեմահարթակ՝ նախատեսված երաժշտական ծրագրի և Փաշինյանի թմբուկ զարկելու համար, համերգի պիկին հրապարակը կիսադատարկ էր։

Այս ֆոնին գյումրեցիները համեմատություններ են անում նախկին զանգվածային միջոցառումների հետ, թե Գյումրիում անցկացված քաղաքի օրվա, թե ամանորի միջոցառումների հետ, երբ անկախ եղանակային պայմաններից, Վարդանանց հրապարակը եղել է լեփ֊լեցուն։

***

«Վարչաբենդ» երաժշտական խումբը, որում հանդես է գալիս և հարվածային գործիքներով նվագում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ կունենա ապրիլի 25-ին՝ Քաղաքացու օրը, Հանրապետության հրապարակում կայանալիք համերգի ժամանակ։

Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարել է Գյումրիի Վարդանանց հրապարակում կայացած համերգի ժամանակ:

Համերգից հետո հաղորդավարը հայտարարել է՝ իմանալով, որ ապրիլի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը լինելու է Գյումրիում, նրան հրավիրել էին միանալ «Խաղաղության ձայն» փառատոնին և «Վարչաբենդ» խմբի հետ ելույթ ունենալ Գյումրիի Վարդանանց հրապարակում։

«Մենք Ձեզ ևս մեկ խնդրանք ունենք։ Դուք կհամաձայնե՞ք միանալ մեզ ապրիլի 25-ին, Երևանում՝ Հանրապետության հրապարակում կայանալիք համերգին»,- հարցրել է հաղորդավարը։

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան նշել է․ «Մեծ հաճույքով, դա մեծ պատիվ կլինի մեզ համար։ Շատ շնորհակալ ենք հրավերի համար և բոլորիդ կսպասենք»։

Քաղաքացու օրը՝ ապրիլի 25-ին, Ժամը 20։00-ին Երևանի Հանրապետության Հրապարակում տեղի կունենա «Խաղաղության ձայնը» երաժշտական փառատոնը։

Այդ օրը բեմում կլինեն Իվետա Մուկուչյանը, Outlandish-ը, In-Grid-ը, Ուիլլի Ուիլյամը և Իմանին (Նադիա Մլաջաո)։ Մուտքն ազատ է։

Գյումրիում Փաշինյանը թմբուկեց. գլխավոր երկրպագուն ու ունկնդիրն էլ Աննա Հակոբյանն էր