24/04/2026

EU – Armenia

Ասֆալտապատման եւ փոսալցման համար հատկացված միլիոնները լցվում են անձրեւաջրերի մեջ

Ասֆալտապատումը, ինչպես գիտենք, հայաստանյան բոլոր ընտրություններից առաջ ամենակայուն վալյուտան է իշխանության ձեռքին, ընտրողի աչքը մտնելու ամենաէժան եղանակը։ Բայց անձրեւոտ ապրիլը տապալեց խաղաղ ասֆալտապատման քարոզչական ծրագիրը։

Հրապարակ թերթը գրել է․ Տեսանյութերը, որտեղ պատկերված է, թե ինչպես են ամենուր հորդառատ անձրեւի տակ, խախտելով տեխնոլոգիան, ասֆալտապատման աշխատանքներ իրականացվում, այս օրերին փոթորկել են համացանցը։ Սրան գումարվում են փողոցների, մայթերի միջին նորոգումները Երեւանում մայիսի 4-5-ը կայանալիք ԵՄ-Հայաստան համաժողովին ընդառաջ։ Վրդովված քաղաքացիները նկարում ու համացանցով հրապարակում են փողոցների անորակ ծածկույթը, ասֆալտ փռող մեքենաները, որոնք տնքալով, մի կերպ, անձրեւի տակ էս կողմ-էն կողմ են շարժում։

Իսկական սենսացիա էր մի քանի օր առաջ Երեւան մտնող Զվարթնոց-Արգավանդ հատվածի «հիմնանորոգումը», երբ ասֆալտը լցնում էին փողոցով հոսող գետերի մեջ։

Աշխատանքներն իրականացնողները երբեմն հայտնում են, որ հրաման ունեն, կամ ասում են, որ ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս ասֆալտ փռել նույնիսկ սելավի ժամանակ։ Երեւանցիները չեն հավատում՝ գնահատելով սա որպես բյուջետային միջոցների անարդյունավետ ծախս։ Ի՞նչ աշխատանքնե ր են սրանք, որքա՞ն են տեւելու, ինչո՞ւ են ուղիղ ցեխի մեջ, անձրեւի ժամանակ փռում ասֆալտը, արդյո՞ք սա թույլատրելի է։ Քաղաքապետարանից պատասխանում են․

«Միջին նորոգումները նոր են սկսվել, փոսային աշխատանքները շարունակվում են։ Արդեն 73 հազար քմ արվել է։ Ընդհանուր առմամբ, պետք է նորոգվի 200 հազար քմ»։ Քաղաքապետի խոսնակը վստահեցնում է, որ անձրեւի ժամանակ գործ չեն անում, աշխատանքները վատ եղանակային պայմաններում հետաձգում են։ Իսակովի պողոտայում նկարահանված խայտառակ կադրերն էլ Երեւանի քաղաքապետարանի հետ կապ չունեն։ «Մայթերը վարչական շրջաններն են նորոգում։ Ներկայում փոսանորոգման աշխատանքներ են իրականացվում Երեւանի 12 վարչական շրջանի մայրաքաղաքային նշանակության փողոցներում:

Աշխատանքների տեխնիկական վերահսկողությունն իրականացնում է մրցույթում հաղթած լիցենզավորված ընկերությունը, նաեւ՝ լրացուցիչ հսկողություն են իրականացնում վարչության պատասխանատու ինժեներները: Ընթացիկ տարում ճանապարհների փոսալցման աշխատանքների համար համայնքային բյուջեով կհատկացվի 1.100.000.000 դրամ»,- ասում է Երեւանի քաղաքապետի խոսնակ Արտյոմ Կարապետյանը եւ ավելի մանրամասն ներկայացնելու համար գրավոր հարցում պահանջում։

Քաղաքապետարանի նախաձեռնած շինաշխատանքների անողոք քննադատ, հանրային գործիչ, բլոգեր Արթուր Չախոյանը, որն ի ցույց աշխարհի՝ եղունգով քանդում է քաղաքապետարանի դրած սալիկները, համաձայն չէ, որ վարչական շրջանների կողմից իրականացվող աշխատանքները քաղաքապետարանի հետ կապ չունեն։ «Ասֆալտը հենց քաղաքապետարանն է անում։ Այն, որ վարչականներն են անում, պատասխանատվությունից խուսափելու ձեւ չէ։ Վարչական շրջանը նույն քաղաքապետարանի ենթակայության կառույց է։ Այսինքն, եթե վարչական շրջանն է, կարելի է անորա՞կ անել, որ քանդվի ասֆալտը։ Մրցույթները քաղաքապետարանն է հայտարարում։ Եթե վարչական շրջաններն իրենք իրենց են ներկայացնում, ապա իրենց հայտը, տենդերը քաղաքապետարանն է հայտարարում։ Իրենք առաջարկում են, իրենք հաստատում են, համաձայնություն են տալիս, մրցույթը կայանում է»,- ասում է Արթուր Չախոյանը։ Այսօր նրան Սպիտակից մի քաղաքացի է զանգել ու ասել, որ համայնքապետարանի կայքում իրենց փողոցն են նկարել ու գրել, թե այն մարտի 16-ից ասֆալտապատում են։ «Բայց մինչեւ հիմա ոչ մի ասֆալտապատման աշխատանքներ չեն արել այս բնակավայրում եւ մի այլ վայրի նկար են բերել, գցել։ Քաղաքացին շատ վրդովված էր»,- ասում է Արթուր Չախոյանը։ Նրա դիտարկմամբ, մարզերում ավելի խղճով են աշխատում, քան՝ Երեւանում։

«Եթե ես էլ որեւիցե բան չասեմ, ժողովուրդն իր աչքով տեսնում է, որ իրենց սարքածը մեկ օրվա կյանք էլ չունի։ Ամբողջը քանդվում, փլվում է։ Նույն՝ հատակին տեղադրված տոմենտներ, որոնք քանդվում են։ Օրինակ, Գարեգին Նժդեհի փողոցի մայթերին նախորդ տարիներին տեղադրված տոմենտները՝ ամբողջը փշրվել են։ Ո՞րն ասեմ։ Նման տեսարաններ են բոլոր վարչական շրջաններում, ասֆալտից սկսած։ Նոր ասֆալտն անում են, միանգամից քանդվում է»,- ասում է Արթուր Չախոյանը։

Ըստ նրա, աբսուրդ են իշխանության պաշտպանների այն պնդումները, թե ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս անձրեւի ժամանակ ասֆալտապատում իրականացնել։ «Վերջին օրերս Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Դավիթ Անհաղթ փողոցում, Եվրոպական համալսարանի դիմաց ասֆալտապատում են արել՝ անձրեւի ժամանակ։ Այդ փողոցի նոր ասֆալտը դեռ ամբողջովին չփռած, արդեն այդ նոր փռած հատվածները քանդվել են։ Ամբողջը փոսեր ու անցքեր են առաջացել վրան»,- նշեց Արթուր Չախոյանը։

Թե ինչ գումարներ են փոշիանում այս «չաշխատանքների» ընթացքում, կարելի է պատկերացնել՝ ծանոթանալով քաղաքապետարանի հրապարակած մի տեղեկանքի, որը վերաբերում է առաջիկայում Երեւանի փողոցներում նախատեսված փոսալցումներին։ Ըստ դրա, Դավթաշեն վարչական շրջանում, օրինակ, 44 մլն 859 հազար 600 դրամի աշխատանքներ են արվելու (կապալառու՝ «Երեւանյան բազալտ» ՍՊԸ), Աջափնյակում՝ 94 մլն դրամի (կապալառու՝ «Տա Շին» ՍՊԸ), Ավան վարչական շրջանում՝ 48 մլն 600 հազար դրամի (կապալառու՝ «Ֆ Տ Դ-ՇԻՆ» ՍՊԸ), Նոր Նորքում՝ 92 մլն 524 հազար 20 դրամի (կապալառու՝ «Բալահովիտ-1» ՍՊԸ), Արաբկիրում՝ 115.068.000 մլն-ի (կապալառու՝ «Ծովագյուղի ՃՃՇ» ՍՊԸ), Նորք-Մարաշ վարչականում՝ 25 մլն 690 հազար 668 դրամի (կապալառու՝ «Բեսթ պլյուս» ՍՊԸ)։ Միլիոններ են, որ դուրս են գրվում մեր գրպանից։