24/04/2026

EU – Armenia

Էքսպերիմենտալ քննություն գրականությունից ու պատմությունից. ինչո՞ւ են որոշել սխալները հաշվի չառնել

«Հրապարակի» զրուցակիցը գրականության ուսուցչուհի Հերմինե Դավթյանն է:

– Տիկին Դավթյան, ԿԳՄՍ նախարարության որոշմամբ` 9-րդ դասարանի աշակերտներն այս տարի «Գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների գծով միասնական քննություն են հանձնելու` էսսեի տեսքով: Շատերը կարծում են, որ սա սխալ որոշում է, որ երկու տարբեր առարկաները չի կարելի խառնել իրար, ժամանակին շատ քննադատեցին դա: Բայց մենք նաև տեղեկացանք, որ աշխատանքը գնահատելիս լեզվական սխալները հաշվի չեն առնվելու: Այսինքն` աշակերտը կարող է այս քննության շրջանակներում բազմաթիվ ուղղագրական, կետադրական և շարադասական սխալներ անել և այն որևէ ազդեցություն չի թողնելու գնահատականի վրա: Որպես մասնագետ` ի՞նչ կարծիք ունեք այս ամենի վերաբերյալ:

– Շատ ցավոտ հարց է, այս միասնությունը կոչվում է` ինտեգրում: Այս երկու առարկաների մեջ իրականում մի փոքր նմանություն կա. երկուսն էլ ունեն նույն եզրույթը այն առումով, որ երկուսն էլ բան են պատմում: Մենք ծանոթանում ենք թեմաներին նախարարության կայքէջում, երբեմն ինքներս ենք թեմաներ մշակում, և այն քիչ-քիչ մեզ համար դառնում է հոգեհարազատ, սակայն իմ վրդովմունքը, իմ դեմ լինելը այս հարցում կայանում է նրանում, որ ես կարծում եմ, որ դեռ ժամանակ է հարկավոր` նման փոփոխություն կատարելու համար: Այն ոչ թե այժմյան 9-րդ դասարանի աշակերտների համար պետք է կիրառվեր, այլ` հաջորդ սերունդների: Ես ինքս բանասեր եմ: Հպարտորեն պետք է ասեմ, որ Մանկավարժական ինստիտուտն եմ ավարտել և պետք է ասեմ, որ էսսեն ինձ համար սովորական գրավորի մի տեսակ է, որի հետ առնչվել եմ երրորդ-չորրորդ կուրսերում: Երբ դիտարկում եմ իմ անցած էսսեները և այս ժամանակաշրջանի էսսեները, ապա տարբերությունը բացառապես սերունդների և մտածողության մեջ է: Ես ու իմ ժամանակակիցները պարտադրված կարդում էինք մեր պատմավեպերը, անգամ մեկ էջանոց պատմվածքը ինձ գիտելիք էր տալիս, բայց այս սերունդը չի կարդում, գոնե մի երկու տարի հետո նոր պետք է աշակերտին հանձնարարվեր էսսե, որպեսզի աշակերտները պատրաստ լինեին:

– Այսինքն` աշակերտներին ժամանակ է պետք, որպեսզի կարողանան պատրաստվել այդ քննությանը:

– Երեխաները պետք է հասկանան, թե ինչ անեն: Ծավալի, կառուցվածքի իմաստով բացատրում ենք, թե ինչպես պետք է գրել, բայց հիմնամաս, միջնամաս, պնդումը փաստից տարբերելու երևույթը աշակերտը պետք է հրաշալի հասկանա, իսկ այս սերունդը չի կարդում գրականություն, չի կարդում պատմություն: Ես համաձայն եմ, որ էսսեն որպես գրավորի մի տեսակ մնա, չքարանա, սակայն աշակերտները դեռ պատրաստ չեն էսսե գրելուն: Մենք այսօր երեխաներին գնահատում ենք երբեմն այն սկզբունքով, որ գիրք-տետր են վերցնում, գալիս են դպրոց և ճանաչում են ուսուցչին, բայց դա հիմք չէ աշակերտից էսսե պահանջելու համար: Էսսեն կարող էին ներդնել հոսքային դպրոցներում, օրինակ` հումանիտար հոսքում կարող են աշակերտից ամեն ամիս էսսե գրել պահանջել, որպեսզի նա կարողանա վարպետորեն կատարել աշխատանքը:

– Իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ լեզվական սխալները էսսեում հաշվի չեն առնվելու: Այսինքն` ցանկացած անգրագետ խոսք նորմալ է համարվում….

– Ես դրան ևս դեմ եմ: Երբ էսսեի միջոցով ստուգում ես աշակերտի մտածողությունը, դրանով նախ ստուգում ենք երեխայի քննադատական մտածողությունը, վերլուծական մտածողությունը, շարադրանքը, բայց չկարդացած, անգրագետ, ուղղագրություն, կետադրություն չիմացող, բառապաշար չունեցող երեխան ինչպե՞ս կարող է լավ էսսե գրել:

– Օրինակ ասում են` մաթեմատիկայի կամ ֆիզիկայի քննության ժամանակ էլ լեզվական սխալները հաշվի չեն առնում, բայց արդյո՞ք գրականությունն ու պատմությունը համեմատելի՞ են բնագիտամաթեմատիկական առարկաների հետ:

– Չի կարելի նույն կշռեքի վրա դնել այդ առարկաները, դրանք իսկապես շատ տարբեր են: Այսօր ես ինչու եմ անգլերենը համարում ամենահեշտ լեզուն, որովհետև ոչ կետադրություն կա անգլերենում, ոչ տողադարձ կա, հայոց լեզուն աշխարհի ամենաբարդ լեզուներից մեկն է: Այս բոլոր պրոցեսները վերապատրաստումների ժամաակ թվում է, թե հեշտ բան է, բայց երբ գալիս է գործնականի պահը, հասկանում ես, որ անգամ երեխայի լարվածությունը, մտքի ցրվածությունը մի շարք խնդիրներ են առաջացնում: Եթե այս ամենը ներդրվեր երկու տարի անց, գուցե ավելի դյուրին կերպով կարողանայինք հաղթահարել, սակայն այս տարվանից կիրառել էսսեն, ես չէի ցանկանա:

– Նշեցիք, որ այսօրվա սերունդը գիրք ընդհանրապես չի կարդում: Ի՞նչն է փոխվել այսօր, որ աշակերտը չի ենթարկվում դպրոցի պահանջներին, ինչպե՞ս է ստացվում, որ առաջ կարդում էին, հիմա` չեն կարդում: Որտեղի՞ց աշակերտին այդ ըմբոստությունը, որ գիրք չի կարդալու և վերջ….

– Բջջային հեռախոսները, տեխնոլոգիաները ամեն ինչ ասում են: Հանձնարարում ենք կարդալ գոնե վեպերի սեղմավեպերը, անգամ դա չեն կարդում: Իրենց թվում է, որ եթե արդեն կա արհեստական բանականություն, ամեն հարց կարող են տալ արհեստական բանականությանը և ստանալ պատասխան: Էսսեի կարմիր թելը քննադատական մտածողությունն է, իսկ այսօրվա սերնունդը դա չունի: Որքան էլ որ ծնողը խստապահանջ լինի, երեխան գտել է պատասխաններ ստանալու հեշտ ձևը և իր հարցերը լուծում է արհեստական ճանապարհներով, առանց որևէ ջանք թափելու: Այնպես որ այսօրվա սերունդն ի վիճակի չէ էսսե գրել, այն պետք է կիրառել հոսքային դասարաններում: