28/04/2026

EU – Armenia

ՀԷՑ-ի շուրջ 3700 աշխատակից պարգևավճար է ստացել մարտ ամսվա համար․ ՀԷՑ-ը ծառայում է մեր ժողովրդին․ Պետրոսյան

ՀԷՑ-ի շուրջ 3700 աշխատակիցներ այսօր վարձատրվեցին լրացուցիչ համահարթեցված պարգևավճարով՝ մարտ ամսվա համար. յուրաքանչյուրը 30.000-ական ՀՀ դրամի չափով (հարկերը՝ ներառյալ):

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

«ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման նախորդ ութ ամիսներին լրացուցիչ պարգեւատրումներն առնչվել են ամսական 1500-ից 1800 աշխատակիցների, որոնք ունեին մինչև 200 հազար ՀՀ դրամ (հարկերը՝ ներառյալ) համախառն վարձատրության շեմ, և պարգևատրման չափը սահմանված էր 20 հազար ՀՀ դրամ (հարկերը՝ ներառյալ)։

Սկսած մարտ ամսից՝ մեր աշխատակիցների վարձատրության շեմի փաստացի բարձրացումը վերաբերելի կլինի ՀԷՑ-ի՝ մինչև 250 հազար ՀՀ դրամ (հարկերը՝ ներառյալ) համախառն վարձատրության շեմ ունեցող բացառապես բոլոր աշխատակիցներին՝ անկախ մասնագիտական և ծառայողական կարգավիճակից ու ցուցաբերած արդյունքային ցուցանիշներից, իսկ լրացուցիչ պարգևատրման սահմանաչափը սահմանվել է 30 հազար ՀՀ դրամ (հարկերը՝ նեդառյալ):

ՀԷՑ-ի աշխատակիցների գրեթե 50%-ին առնչվող այս բարեփոխման արդյունքում վերջիններիս աշխատավարձերը փաստացի աճել են 12-ից 25%-ի չափով, իսկ նման որոշման իրագործման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներն աշխատավարձային ֆոնդում գեներացվել են թե՛ ի հաշիվ ՀԷՑ-ի գլխավոր տնօրենության ու մասնաճյուղերի տնօրենների՝ ի սկզբանե իրենց պարգևավճարներից հրաժարման արդյունքում, և թե՛ այլ ուղղություններով ուռճացված ծախսերի կանխարգելման ու բացառման շնորհիվ։

Շնորհակալություն եմ հայտնում ՀԷՑ-ի բոլոր բարեխիղճ, ազնիվ և պետականակենտրոն աշխատակիցներին։

ՀԷՑ-ը ծառայում է մեր ժողովրդին»: