09/11/2026

EU – Armenia

Բացահայտվել է ԵՄ բյուջեի վերաբերյալ համաձայնության իրական վերջնաժամկետը

Գիտանաս Նաուսեդան «Rapporteur»-ին հայտնել է, որ ԵՄ բազմամյա ֆինանսական շրջանակի (ԲՖՇ) շուրջ գործարքի կնքման իրական վերջնաժամկետը հաջորդ տարի է։

Լիտվայի նախագահը «Rapporteur»-ին տված հարցազրույցում նշել է, որ այնքան էլ «չափազանց սկզբունքային հարց» չէ, թե երբ ձեռք կբերվի համաձայնություն ԵՄ ապագա երկարաժամկետ բյուջեի շուրջ՝ դեկտեմբերի կեսերին կայանալիք գագաթնաժողովի՞ն, թե՞ փետրվարի 4-ին։

«Մենք շատ սուղ ժամանակահատված ունենք, և ես չէի ասի, թե չափազանց սկզբունքային հարց է՝ արդյոք մենք կավարտենք գործընթացը դեկտեմբերի կեսերին, թե՞ փետրվարի 4-ին», — ասել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան՝ անդրադառնալով ԵՄ-ի 2028-2034 թթ․ ծախսային ծրագրի շուրջ ընթացող լարված բանակցություններին։

«Անկեղծ ասած, իրավիճակը բարդացել է Իսպանիայում նշանակված արտահերթ ընտրությունների պատճառով», — ասել է նա՝ հավելելով, որ Ֆրանսիայի նախագահական ընտրությունները ևս կբարդացնեն իրավիճակը՝ փաստացի թույլ չտալով Ֆրանսիային ակտիվ դերակատարում ունենալ բյուջետային բանակցություններում հաջորդ տարվա փետրվար-մարտ ամիսներից սկսած։

Նաուսեդան անմիջականորեն ներգրավված է ԵՄ-ի՝ Բազմամյա ֆինանսական շրջանակին (ԲՖՇ) առնչվող պլանավորման գործընթացում, քանի որ 2027 թ․ հունվարի 1-ից Լիտվան ստանձնելու է ԵՄ խորհրդի նախագահությունը։

Նոյեմբերի 26-ին և 27-ին կայանալիք արտահերթ գագաթնաժողովով կմեկնարկի Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի գլխավորած վերջին ջանքերը՝ մինչև տարեվերջ համաձայնության հասնելու համար։ Դեկտեմբերյան գագաթնաժողովը, որի մասին Կոշտան և այլք խոսել են որպես համաձայնության հասնելու վերջնաժամկետի, հենց այդ ջանքերի մի մասն է։

Այնուամենայնիվ, Նաուսեդան բացահայտել է, որ գոյություն ունի «Պլան Բ»՝ նախատեսված փետրվարի 4-ի համար։ Հենց այդ օրը ԵՄ առաջնորդները պետք է հավաքվեն Բելգիայում՝ Ալդեն Բիզեն ամրոցում, տնտեսական հարցերին նվիրված հատուկ գագաթնաժողովի շրջանակում։

Նրա այս հայտ Գերմանիայի գլխավորած «տնտեսողների» ճամբարը պահանջում է կրճատել Եվրոպական հանձնաժողովի՝ գրեթե 2 տրիլիոն եվրո կազմող սկզբնական առաջարկը՝ «մի քանի հարյուր միլիարդ եվրոյի» չափով։

Մյուս ճամբարում գտնվում է այսպես կոչված «Համախմբման բարեկամների» (Friends of Cohesion) խումբը, որը միավորում է 17 երկիր՝ հիմնականում Արևելյան և Հարավային Եվրոպայից. նրանք, ընդհակառակը, պահանջում են ծախսերի ավելացում։

Միևնույն ժամանակ, Կոշտայի գրասենյակը երկուշաբթի օրը նախատեսում է ավարտել անհատական ​​խորհրդակցությունների շարքը ազգային ներկայացուցիչների (այսպես կոչված՝ «շերպաների») կամ դեսպանների հետ։

Նա հույս ունի, որ մայրաքաղաքների հետ անցկացվող այս գաղտնի խորհրդակցությունները նոր թափ կհաղորդեն փակուղում հայտնված բանակցություններին և կօգնեն ձևավորել փոխզիջման նոր նախագիծ՝ այսպես կոչված «բանակցային շրջանակը» (negotiating box), որն ակնկալվում է ներկայացնել առաջիկա շաբաթների ընթացքում։ «Կա քաղաքական կամք՝ շատ ուժեղ քաղաքական կամք, ինչպես նաև դեկտեմբերին համաձայնության գալու ցանկություն»։

Նաուսեդան նշեց, որ փորձը ցույց է տալիս, թե ինչպես են դիրքորոշումները աստիճանաբար մոտենում միմյանց՝ կոալիցիաների քայքայման և նոր դաշինքների ձևավորման արդյունքում, ինչը բանակցող կողմերին ավելի է մոտեցնում համաձայնությանը։ Սակայն, հաշվի առնելով, որ մինչև դեկտեմբերի կեսեր մնացել է ընդամենը վեց շաբաթ, նա զգուշացրեց, որ սահմանված ժամկետը «շատ ու շատ հավակնոտ է»։

«Սա շատ դժվար է, — ասաց նա։ — Դրան հասնելու համար իսկապես մեծ ջանքեր կպահանջվեն»։