08/11/2026

EU – Armenia

Ալեքսանդր Սպենդիարյան․ Կոմպոզիտորի կյանքի ճանապարհը, երաժշտություն, որ դարձավ ազգային ինքնության ձայնը

Հայ սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի (1871–1928) կյանքն ու ստեղծագործական ուղին հայ երաժշտական մշակույթի պատմության այն էջերից են, որոնց յուրաքանչյուր անդրադարձ նորովի է բացահայտում նրա անհատականության բացառիկ հմայքն ու արվեստի անանց արժեքը։

Սպենդիարյանը ծնվել է 1871 թվականի նոյեմբերի 1-ին (հին տոմարով՝ հոկտեմբերի 20)՝ Կախովկա քաղաքում։ Նրա նախնիները սերում էին Հայաստանի միջնադարյան փառահեղ մայրաքաղաք Անիից, իսկ մայրը՝ Նատալյա Սելինովան (Դշխուհի), Կարասուբազարի քաղաքագլխի դուստրն էր։

Ապագա կոմպոզիտորի երաժշտական աշխարհընկալման ձևավորման գործում առանձնահատուկ դեր է ունեցել մայրը։ Հենց նրանից էլ, ըստ ամենայնի, փոխանցվել էր երաժշտական ձիրքը։ Մոր՝ դաշնամուրով հնչեցրած հայկական ու թաթարական ժողովրդական մեղեդիները մանկության տարիներից ուղեկցել են ապագա կոմպոզիտորին՝ արթնացնելով երաժշտության հանդեպ այն սերը, որը հետագայում պիտի դառնար նրա կյանքի գլխավոր ուղեկիցը։

«Իմ մանկության և պատանեկության տարիների երաժշտական ազդեցություններից ամենաուժեղը մորս դաշնամուր նվագելն էր, ինչը ես շատ էի սիրում ունկնդրել և ինչն, անկասկած, իմ մեջ սեր արթնացրեց դեպի երաժշտությունը»,– իր հուշերում պատմել է Սպենդիարյանը։

Արվեստի տարբեր ճյուղերով հետաքրքրվող բազմաշնորհ պատանին երաժշտությամբ սկսել է զբաղվել ինը տարեկանից։ Դաշնամուրի դասերը, սակայն, երկար չեն տևել․ ինչպես ինքն էր խոստովանում, այնքան էլ չէր սիրում գամմաները։ Հետագայում նրա երաժշտական կրթության ճանապարհը շարունակվել է ջութակի ուսումնասիրությամբ։

Ժամանակի ընթացքում այդ վաղ մանկական տպավորություններն ու երաժշտական որոնումները վերածվեցին մի ամբողջ ստեղծագործական աշխարհի։ Սպենդիարյանը դարձավ հայ սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրը, ստեղծեց ազգային օպերային արվեստի գլուխգործոցներից մեկը՝ «Ալմաստը», նշանակալի ներդրում ունեցավ կամերային երաժշտության զարգացման գործում և իր ստեղծագործությամբ նախանշեց հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի գեղագիտական մի շարք սկզբունքներ։

Նրա ստեղծագործական ժառանգությունը բազմաշերտ ու հարուստ է․ ավելի քան քառասուն երգ ու ռոմանս, սիմֆոնիկ և կամերային երկեր, մելոդեկլամացիաներ, ինչպես նաև հայկական, ռուսական, ուկրաինական և թաթարական ժողովրդական երգերի բազմաթիվ մշակումներ։ Այդ ամենի մեջ միահյուսված են ազգային երաժշտական մտածողությունը, եվրոպական դասական ավանդույթների շունչն ու կոմպոզիտորի ինքնատիպ գեղարվեստական ձեռագիրը։

Եվ ահա այս բացառիկ անհատականության կյանքն ու ստեղծագործական աշխարհը նորովի ճանաչելու հնարավորություն է ընձեռում «Կոմպոզիտորի կյանքի ճանապարհը․ Ալեքսանդր Սպենդիարյան» գիրքը, որի շնորհանդեսը երեկ տեղի ունեցավ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի նորաբաց, գեղեցիկ ու ճաշակով ձևավորված դահլիճում։

Գիրքը պարզապես կենսագրական տեղեկությունների ամբողջություն չէ։ Այն հրավեր է՝ անցնելու մեծ արվեստագետի կյանքի ճանապարհով, մոտիկից ճանաչելու նրա մարդկային կերպարը, ստեղծագործական որոնումները, ապրումներն ու երաժշտական ժառանգությունը։ Հատկապես կարևոր է, որ հրատարակությունն իր հասցեատերերի շարքում ունի պատանիներին ու երիտասարդներին՝ նրանց համար Սպենդիարյանին բացահայտելով մատչելի, հետաքրքիր և բովանդակալից պատումներով։

Գիրքը լույս է ընծայել «Զանգակ» հրատարակչությունը՝ տնօրեն Էմին Մկրտչյանի ղեկավարությամբ։ Հրատարակության պատմությունն, ի դեպ, ունեցել է նաև իր ոչ այնքան դյուրին էջը․ նախորդ հրատարակչական փորձը, ցավոք, չի արդարացրել սպասելիքները, և առաջին տպաքանակը պարզապես խոտանվել է։ Այս հանգամանքն առավել ընդգծեց նոր հրատարակության պատասխանատու ու մանրակրկիտ աշխատանքի կարևորությունը։ Երեկվա շնորհանդեսին հնչած գնահատանքի ու երախտագիտության խոսքերն ուղղված էին «Զանգակին», գրքի ձևավորման և կազմման աշխատանքներն իրականացրած Նելլի Ադամյանին ու նկարազարդող Մանե Շոլինյանին։ Նրանց աշխատանքը գրքին հաղորդել է ոչ միայն գեղագիտական ամբողջականություն, այլև այնպիսի տեսք ու տրամադրություն, որոնք համահունչ են ներկայացվող մեծ արվեստագետի աշխարհին։

Միջոցառման հաղորդավար, պրոդյուսեր Ալեքսանդր Պլատո Հակոբյանի խոսքում առանձնահատուկ տեղ ուներ աշնանային Երևանը՝ իր գույներով, տրամադրությամբ ու մեղմ թախիծով։ Այդ բնապատկերի և Սպենդիարյանի երաժշտության միջև կարծես անտեսանելի կամուրջ էր ձգվում նաև Ալեքսի խոսքում։ Նրա դիտարկումներում կոմպոզիտորի արվեստը ներկայանում էր որպես հայության՝ ինքն իրեն ճանաչելու, սեփական մշակութային արմատներին վերադառնալու և ազգային ինքնությունը վերագտնելու անաղարտ ճանապարհներից մեկը։

Սպենդիարյանի երաժշտությունը միայն ազգային անցյալի հիշողություն չէ։ Այն նաև մեր քաղաքակրթական պատկանելության, եվրոպական մշակութային տարածքի անբաժանելի մասը լինելու և համամարդկային արվեստի լեզվով խոսելու վկայությունն է։ Եվ թերևս հենց այս գիտակցումն է, որ նրա ստեղծագործությունը դարձնում է ոչ միայն մեր երաժշտական ժառանգության, այլև ազգային ինքնագիտակցության կարևորագույն բաղադրիչներից մեկը։

Երեկվա հանդիպման ուշադրության կենտրոնում էր, բնականաբար, գրքի հեղինակ, սպենդիարյանագետ, կոմպոզիտորի տուն-թանգարանի տնօրեն, ՀՀ վաստակավոր գործիչ Մարինե Օթարյանը։ Իր խոսքում նա բացեց գրքի ստեղծման պատմության մի քանի կարևոր շերտեր՝ անդրադառնալով այն աղբյուրներին, որոնք հիմք են դարձել այս հրատարակության համար։

«Գրքում ներկայացված է հռչակավոր կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի կյանքի պատմությունը։ Այն ծնվել է հուշերի ու փաստերի հանդիպումից։ Օգտվելով այդ աղբյուրներից՝ ես և թանգարանի ողջ կոլեկտիվը, ստեղծել ենք պատումներ՝ պատանիների ու երիտասարդների համար»,– նշեց Մարինե Օթարյանը։

Եվ իսկապես, հուշերն ու փաստերը գրքում պարզապես ժամանակագրական հաջորդականությամբ շարադրված տեղեկություններ չեն։ Դրանք կենդանանում են պատումների միջոցով՝ ընթերցողին մոտեցնելով այն մարդուն, որի անունը վաղուց դարձել է հայ երաժշտական մշակույթի խորհրդանիշներից մեկը։

Հատկանշական է նաև հրատարակության ինտերակտիվ բնույթը։ Գրքում զետեղված QR կոդերի միջոցով ընթերցողները կարող են ունկնդրել Սպենդիարյանի երաժշտությունը, ինչպես նաև ծանոթանալ նրա նամակագրության առանձին հատվածներին՝ բնագրի լեզվով։ Այս հետաքրքիր լուծման հեղինակը կոմպոզիտորի տուն-թանգարանի Ցուցադրությունների և կրթական ծրագրերի կազմակերպման բաժնի վարիչ Ինեսսա Խաչատրյանն է։

Այսպիսով, գիրքը միավորում է ընթերցանությունն ու ունկնդրումը, փաստաթուղթն ու երաժշտությունը՝ ընթերցողին հնարավորություն տալով ոչ միայն տեղեկանալ կոմպոզիտորի կյանքի մասին, այլև անմիջականորեն հաղորդակցվել նրա ստեղծագործական աշխարհին։

Շնորհանդեսի ամենահուզիչ դրվագներից մեկը, թերևս, դպրոցականների մասնակցությունն էր։ Երեխաների ներկայությունը մի յուրահատուկ ջերմություն հաղորդեց երեկոյին՝ հիշեցնելով, որ մեծ արվեստագետների ժառանգության պահպանման լավագույն ճանապարհը այն նոր սերնդին փոխանցելն է։ Նրանց համար գիրքը դարձավ ոչ միայն նվեր, այլև ճանաչողական մի փոքրիկ ճանապարհորդության սկիզբ։ Նրանց աչքերում տեսանելի էր այն անկեղծ հետաքրքրությունը, որը երբեմն ավելի խոսուն է, քան ամենագեղեցիկ շնորհակալական խոսքերը։

Իսկ երեկոն ուներ նաև մեկ այլ՝ առանձնահատուկ անձնական ու ջերմ ավարտ։ Այսօր՝ նոյեմբերի 8-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի ծննդյան օրն է։ Եվ նախորդ օրը նրա հեղինակած գրքի շնորհանդեսը կարծես դարձավ գեղեցիկ նախերգանք այդ օրվա համար։ Շնորհավորանքներ, կենացներ, ծաղիկներ, ջերմ գրկախառնություններ ու համբույրներ․ արվեստի ու երախտագիտության երեկոն աստիճանաբար վերածվեց նաև մարդկային սիրո ու գնահատանքի տոնի։ Նաև՝ ՄԻՏՔ․am ԵՄ – Հայաստան լրատվական վերլուծական կայքի աշխատակազմի ջերմ շնորհավորանքները տիկին Մարինե Օթարյանին՝ ծննդյան ու գրքի հրատարակության առիթներով, ամենալավն ու բարին՝ ջերմ մաղթանքներով։

Մարինե Օթարյանը, հավատարիմ մնալով իր հերոսի մասին պատմության նույնիսկ ամենափոքր մանրամասները պահպանելու սիրուն, փոքրիկների համար ևս անակնկալ էր պատրաստել։ Նա նրանց հյուրասիրեց չրերի փոքրիկ բաժիններ՝ հիշեցնելով Սպենդիարյանի՝ չրերի հանդեպ ունեցած սիրո մասին։ Մի դրվագ, որը մեծ կոմպոզիտորին կարծես մի պահ իջեցրեց պատվանդանից և դարձրեց ավելի մոտ, ավելի մարդկային ու հարազատ։

Եվ որքան խորհրդանշական էր, որ Սպենդիարյանի կյանքի ու արվեստի մասին պատմող գիրքը ներկայացվեց հենց այնպիսի երեկոյի ընթացքում, որտեղ միահյուսվել էին երաժշտությունը, հիշողությունը, գիտելիքը, սերունդների կապն ու մարդկային ջերմությունը։

Մեծ արվեստագետների կյանքը երբեք չի ավարտվում նրանց ապրած ժամանակով։ Նրանք շարունակում են ապրել իրենց ստեղծագործություններում, իրենց մասին պատմվող հուշերում, թանգարաններում, գրքերում և, ամենակարևորը, այն մարդկանց հիշողության մեջ, ովքեր դեռ պիտի բացահայտեն նրանց։

Սպենդիարյանի երաժշտությունը վաղուց անցել է իր ժամանակի սահմանները։ Իսկ երեկ ներկայացված գիրքը ևս մեկ ճանապարհ է դեպի այդ երաժշտությունը՝ դեպի մի աշխարհ, որտեղ ազգայինը համամարդկային է, անցյալը՝ ներկա, իսկ մեծ արվեստը՝ սերունդներին կապող անտեսանելի, բայց անխզելի թել։ Որովհետև Սպենդիարյանի կյանքի ճանապարհը միայն մեկ մեծ կոմպոզիտորի կենսագրությունը չէ։ Դա նաև մեր սեփական երաժշտական հիշողության, ինքնության և մշակութային արժանապատվության ճանապարհն է։

Սիմոն Սարգսյան