07/05/2026

EU – Armenia

Էրդողանը թույլ չի տվել Մակրոնին հատել Հայաստանի ցամաքային սահմանը

Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, որ Երևան այցից հետո Ֆրանսիայի նախագահ Մակրոնը պետք է մեկներ Թուրքիա՝ անցնելով ցամաքային սահմանի անցակետով։ Եվ, կարծես թե, Էրդողանը դեմ չէր, բայց, իբր Ալիևի հետ զրույցից հետո, մերժել է Մակրոնին։

Մասնավորապես, այս մասին գրել է AZfront տելեգրամյան ալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին.
«Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, ով մայիսի 3-5-ը գտնվում էր Երևանում՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, ծրագրում էր կատարել քաղաքական սիմվոլիկ քայլ՝ Հայաստանից Թուրքիա մեկնելով փակ ցամաքային սահմանի միջոցով՝ Էրդողանի հետ հանդիպելու համար։

Ինչպես հաղորդել են AZfront-ին մի քանի իրազեկ աղբյուրներ, այցը նախապես համաձայնեցված էր թուրքական կողմի որոշ ներկայացուցիչների հետ։ Սակայն երբ հարցը բարձրացվել է Թուրքիայի նախագահի մակարդակով, ռազմավարական դաշնակից Ադրբեջանի հետ քննարկումներից հետո, նա մերժել է Մակրոնին»։

Հավանաբար, Մակրոնը, միջազգային քննադատության ֆոնին իր անհաջող արտաքին քաղաքականության պատճառով, փորձում էր Երևանից Թուրքիա ուղևորությունը դարձնել իր դիվանագիտական կշռի ցուցադրում։ Ֆրանսիայի նախագահի կողմից թուրք-հայկական, արդեն ավելի քան 30 տարի փակ սահմանը հատելը կարող էր դառնալ երկկողմ հաղորդակցությունների բացման աննախադեպ օրինակ՝ երրորդ կողմի միջոցով։

Ինչքանով է հավաստի AZfront տելեգրամյան ալիքի տեղեկությունը դժվար է ասել, բայց Մակրոնը Հայաստանը լքեց Զվարթնոց օդանավակայանից ինքնաթիռ նստելով, իսկ հրաժեշտի արարողությունը Փաշինյանը վերածեց հերթական գովազդային հոլովակի, երկար գրկախառնության ու մինչև օդանավակայան մի մեքենայով գնալու տեսանյութերը, արդեն, իսկ համացանցում բազմաթիվ հումորային գրառումների առիթ են դարձել: