08/05/2026

EU – Armenia

Սաակաշվիլին վարչապետ նշանակվի, ապա իր կոշտ մեթոդներով արագ «եղունգի տակ կճզմի» կրիմինալը և լկտիացած «գործարարներին»

Վրաստանի Saqinform գործակալության գլխավոր խմբագիր Առնո Խիդիրբեգիշվիլին անդրադարձել է Եվրոպայի քաղաքական հանրության երևանյան գագաթաժողովի «կողասրահներում» կայացած՝ Կոբախիձե-Զելենսկի հանդիպմանը և եզրակացրել, որ այն «կարող է նոր իրողությունների վկայություն լինել»։

Վրացի մեկնաբանը ենթադրել է, որ «եթե Հարավային Կովկասում ձևավորվում է Վրաստան-Հայաստան-Ադրբեջան գումարած Թուրքիա- Եվրամիություն-Մեծ Բրիտանիա պլատֆորմ, ապա Զելենսկու հետ Կոբախիձեի կրկնակի ձեռքսեղմումը Սաակաշվիլիի հետ ձեռքսեղման ուղիղ ճանապարհ» է։

Նրա կարծիքով, առաջին հարցը որ անպայման բարձրացրած կլինի Զելենսկին, «իր խորհրդական, Ուկրաինայի քաղաքացի Միախեիլ Սաակաշվիլիի ազատման պահանջն» է, իսկ եթե Սաակաշվիլին ներում ստանա, ապա «առաջին հերթին կցրի ընդդիմադիր ալյանսը և «Վրացական երազանքը» կունենա մեկ մեծ ընդդիմություն՝ Սաակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը»։

Այդ դեպքում, ըստ Խիդրբեգաշվիլիի, «եկող գարնանը կնշանակեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և եթե Սաակաշվիլին քվեների հիսուն/ հիսուն հարաբերակցությամբ կոալիցիոն կառավարության վարչապետ նշանակվի, ապա իր կոշտ մեթոդներով արագ «եղունգի տակ կճզմի» կրիմինալը և լկտիացած «գործարարներին»․․․ իսկ կոռումպացված դիլետանտները, որ տասնչորս տարի խժռել են բյուջեի փողերը և Բիձինա Իվանիշվիլիի միլիարդները, կանցնեն թոշակի կամ կհամալրեն բանտերում ազատված տեղերը»։

Վրացի փորձագետը, որ արձանագրում է Հարավային Կովկասի նոր ստատուս-քվոն Վրաստան-Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան-Թուրքիա-Իրան ձևաչափով սահմանելու ռուս-թուրքական նախաձեռնության ձախողումը։

Վրաստանը այդ ձեւաչափով քննարկումներին չի մասնակցել։ Այսինքն, չնայած Բիձինա Իվանիշվիլիի լոյալությանը, Ռուսաստանին չի հաջողվել նրան «բերել կառուցողականության դաշտ»։

Խիդիրբեգիշվիլին բավական թափանցիկ անկնարկում է, որ Իվանիշվիլին «հակված է արտաքին քաղաքական վերակողմնորոշման»։ Սաակաշվիլին կարող է ներման արժանանալ և քաղաքականություն վերադառնալ միայն «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի որոշմամբ։

Ըստ երևույթին, Վրաստանում սպասվող վերադասավորումների պատճառով է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թբիլիսի այցն ամփոփել Բիձինա Իվանիշվիլիի հետ հանդիպումով, որի ընթացքում վարչապետ Կոբախիձեի «ճնշվածությունը» նույնիսկ սոցիալական մեդիան է արձանագրել։

Խիդիրբեգիշվիլին համոզված է, որ Իվանիշվիլին Կոբախիձեին կվերապահի ընդդիմության հետ մոդերատորի և խորհրդարանական արտահերթ ընտրությունները նախապատրաստողի դերը։