13/05/2026

EU – Armenia

Հնարավո՞ր է, որ «նոր աշխարհակարգը սահմանվի Թրամփ – Սի Ծինփին համաձայնությամբ

Մայիսի 13 -ին մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պետական այցը Չինաստան։ Այն կտևի մինչև մայիսի 15-ը։

Հիմնական բանակցությունները կկայանան մայիսի 14-ին։ Պեկին ուղեւորվելուց առաջ Միացյալ Նահանգների նախագահը անոնսավորել է, որ Չինաստանի առաջնորդի հետ կքննարկի առևտրային հարաբերությունների և Թայվանի, ինչպես նաև «հոյակապ երկիր Իրանի հետ կապված հարցեր»։

Սպիտակ տան ակնկալիքները, որ Թեհրանը կընդունի «գործարքի» ամերիկյան պայմանները, և Թրամփը Սի Ծինփինին կներկայանա որպես «հաղթած առաջնորդ», չեն արդարացել։ Ու թեև վերջին հարցումները վկայում են, որ ամերիկացիների ավելի քան վաթսուն տոկոսը դեմ է պատերազմին, CNN հեռուստաընկերությունը, հղելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Թրամփը «գնալով ավելի է հակվում մարտական գործողությունները վերսկսելու անհրաժեշտությանը»։

Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետան» փորձել է ի մի բերել Սի Ծինփին-Թրամփ բանակցությունների շուրջ ամերիկյան փորձագետների կանխատեսումները։ Ամենատարբեր գնահատականներից աչքի զարնում երկուսը։

Առաջինը ենթադրում է, որ Չինաստանի առաջնորդը «կարող է Իրանի նկատմամբ ազդեցություն գործել, եթե ԱՄՆ նախագահը խոստանա չճանաչել Թայվանի անկախությունը և սահմանափակի Թայբեյի իշխանություններին սպառազինությունների վաճառքը»։

Երկրորդ կանխատեսումը վերաբերում է Հորմուզի նեղուցի արգելափակման հետեւանքով Չինաստանի տնտեսության կրած վնասներին, ինչը, փորձագետների կարծիքով, Սի Ծինփինին «առարկայորեն պետք է մղի Միացյալ Նահանգների հետ համագործակցության, բայց միայն՝ քաղաքական մակարդակում»։

Ի՞նչ կտան Սի Ծինփին-Դոնալդ Թրամփ բանակցությունները, պարզ կլինի առաջիկա մի քանի օրերին։ Ուշագրավ է, որ Թրամփի Պեկին ուղևորվելուն զուգահեռ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՏԱՍՍ-ին ասել է, որ ՌԴ նախագահ Պուտինի Պեկին այցի «նախապատրաստությունը մոտենում է ավարտին»։

Չինաստան մեկնելուց առաջ ԱՄՆ նախագահը Սպիտակ տանը հավատարմագրված լրագրողների հետ ճեպազրույց է անցկացրել, որի ընթացքում նրան ուղղվել է նաև Ռուսաստան այցի մասին հարց։ Դա «հնարավոր» է,- հակիրճ պատասխանել է Թրամփը։

Անցյալ տարվա օգոստոսին Ալյասկայում կայացել է Թրամփ-Պուտին գագաթաժողով, որի ընթացքում հաջորդ հանդիպումը Ռուսաստանում անցկացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Ըստ այդմ, ԱՄՆ նախագահը դա «հնարավոր» է ասելով նկատի ունեցել այս տարի Ռուսաստան իր այցը։

Արդյոք հնարավո՞ր է, որ «նոր աշխարհակարգը սահմանվի Թրամփ-Սի Ծինփին-Պուտին համաձայնությամբ»։