Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը ավագանու մարտի 20-ի նիստով հաստատել եւ նյութական օգնություն է տրամադրել համայնքի 18 բնակչի:
Հրապարակ թերթը գրել է․ Օգնությունը նվազագույնը 50 հազար դրամ է, առավելագույնը՝ 200 հազար: Որոշման մեջ նշել են նաեւ օգնություն տալու պատճառները՝ առողջական խնդիրներ ունեցողներին, փոխհատուցումներ՝ շինանյութի տեսքով, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց եւ փոխանցում՝ սննդի տեսքով: Ավագանու ապրիլի 27-ի նիստով նմանատիպ օգնություն է ստացել 21 քաղաքացի:
Ու այս ամենն արվել է ընտրություններից 1 ամիս առաջ: Օգնություն բաժանելուց զատ, Վարդենիսի համայնքապետը, որն ինտենսիվորեն ներգրավված է «Քաղպայմանագրի» քարոզարշավում, տասնյակից ավելի բնակիչների մասամբ կամ ամբողջությամբ ազատել է անշարժ գույքի կամ ավտոմեքենայի գույքահարկից:
Այսպես. համայնքապետն ավագանու մարտի 20-ի նիստում Վարդենիս համայնքի Ակունք բնակավայրի բնակիչ Էմիլ Խաչատրյանին պատկանող LEXUS GX 470 մակնիշի 70AR470 պետհամարանիշի ավտոմեքենայի 79 հազար 700 դրամ գույքահարկը զիջել է ամբողջությամբ: Բայց, չգիտես ինչու, մեկ ամիս անց` ապրիլի 27-ին, ավագանու նիստով այդ որոշումն անվավեր է ճանաչվել:
Էմիլ Խաչատրյանն Ակունք բնակավայրի վարչական ղեկավար Նիկոլա Խաչատրյանի եղբայրն է: Նիկոլա Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ եղբոր մեքենան չի շահագործվում, խնդրել է համայնքի ղեկավարին, որ գույքահարկը զիջի, սակայն հետո իմանալով, որ իմ եղբայրն է, չի զիջել: Գուցե Դուք որեւէ այլ քաղաքական ուժի՞ եք սատարում, այդ պատճառով չի զիջել։ «Նման բան չկա»:
Մի քանի հարց ուղղեցինք Ահարոն Խաչատրյանին. ինչո՞ւ ընտրություններից առաջ որոշեցիք օգնություն տրամադրել բնակիչներին կամ գույքահարկ զիջել։ «Ճիշտն ասած, ես ընտրությունների նախաշեմին չեմ զիջել, պարբերաբար զիջել ենք գույքահարկը, դա եղել է հունվարին, փետրվարին, մարտին։ Ժողովրդի վիճակն այնքան վատ է, որ փորձում ենք օգնել: Եթե Դուք հետեւել եք մեր ավագանու նիստերին, ես այդ ամենն արել եմ ոչ թե այս պահին, անցած տարի էլ եմ օգնություն տվել, հունվարին էլ եմ օգնություն տվել:
Ամեն անգամ ինձ մոտ հավաքվում են հարյուրից ավելի դիմումներ: Ուսումնասիրություն ենք կատարում, նոր օգնություն տալիս: Դիմողները շատ-շատ են, ես հո չե՞մ կարող էդքանը տալ: Ժողովուրդն էլ ամեն անգամ գալիս, ասում են` ինչ-որ մեկին օգնություն տվեցիր, մերը մնաց: Դրանից էլ՝ հերթով, քիչ-քիչ դնելով գալիս եմ: Դա ընտրակաշառքի հետ բացարձակապես կապ չունի: Պատկերացրու՝ բնակիչը եկել, ասում ա` 4 անչափահաս երեխա ունեմ, քամին տանիքը տարել ա, չօգնե՞մ: Մայիս ամսին ասել եմ, որ ոչ մեկին օգնություն չտան, քանի որ ընտրական ամիս է: Նույնն էլ՝ գույքահարկի մասին: Կան մարդիկ, որ մեքենաները չեն շահագործում, հարկը տարիներով չի մուծվում, որոշ չափով օգնում ենք, որ կարողանա մնացածն էլ ինքը մուծի»:


Բաց մի թողեք
Քննարկման են ներկայացվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման փաստաթղթերի ուղեցույցները
Պատմական Հայաստան և «իրական Հայաստան». ազգի հիշողության և ներկայի մետաֆիզիկական երկխոսությունը
Զրո ապրումակցում, զրո պատասխանատվություն, զրո խիղճ. հայ մարդն անկարևոր է այս իշխանության համար