19/05/2026

EU – Armenia

Նիկոլ Փաշինյանն առաջինը խախտեց ՔՊ-ի քարոզչական ուղեցույցը

ՔՊ-ի քարոզչական բուկլետները բաժանելու գործըհիմնականում դրված է ոչ կուսակցականների, այլ վարձու աշխատողների վրա։ Երիտասարդական մեծ կառույց ունեցող, համենայնդեպս այդպես ներկայացող ուժը ոչ թե իր անդամների միջոցով է քարոզչական նյութերը տարածում, այլ մարդիկ է վարձել, որոնք 7-10 օր բուկլետ բաժանելու համար 200-250 հազար դրամ աշխատավարձ են ստանալու:

Հրապարակ թերթը գրել է․ Բայց այս գումարը վաստակելը, պարզվում է, հեշտ չէ, քանի որ հատկապես Երեւանում համատարած մերժում, վիրավորում են ՔՊ-ի բուկլետ բաժանողներին, դուռն են շրխկացնում նրանց վրա, անպատվում են, անգամ դեպք է եղել` ջուր են շփել նրանց վրա եւ այլն։

Ընդ որում, վարձու աշխատողների վրա էլ վերակացուներ են նշանակել․ յուրաքանչյուր երկու հոգու՝ մեկ վերահսկող, որը պտտվում է բուկլետ բաժանողների հետեւից, հետեւում, որ բուկլետները չնետեն աղբարկղները, այլ մտնեն բնակարաններ, բաժանեն մարդկանց։ Չնայած ՔՊ-ականների եւ Նիկոլ Փաշինյանի հանդուգն, ինքնավստահ հայտարարություններին, թե ժողովուրդն իրենց սիրում է, մերժում է ընդդիմադիրներին, փաստն այն է, որ մարդկանց` ՔՊ-ին ուղղված վերաբերմունքը տարածվում է անգամ բուկլետ բաժանող անծանոթ, ոչ մի մեղք չգործած երիտասարդների վրա։

Մեր ձեռքի տակ է հայտնվել նաեւ ՔՊ-ի քարոզչական ուղեցույցը, որով քարոզարշավի շեմին զինել են իրենց քարոզիչներին ու համակիրներին` մանրամասն նկարագրելով, թե որ հարցին ինչպես պատասխանեն, ինչպես իրենց պահեն, երբ մարդիկ բացասաբար են իրենց վերաբերվում, ինչ «կռուտիտներ» օգտագործեն, եթե տհաճ հարցեր տան մարդիկ եւ այլն: Այդ ուղեցույցից պարզ է դառնում, որ իշխող թիմում հնարավորինս զգուշավոր, քաղաքավարի շփում են նախատեսել ի սկզբանե, որ մարդիկ չդիվոտեն, լսեն քարոզիչներին, վերջիններս ադեկվատ բացատրություններ հնչեցնեն՝ ի պատասխան դառը հիշեցումների, օրինակ, Արցախի, զոհերի, քանդված ասֆալտի կամ այլ թեմաներով: Բայց անգամ այս նախապատրաստությունները չեն կարողացել իրականացնել, եւ քանի օր է՝ տեսնում ենք, որ այս ուղեցույցի գլխավոր խախտողը հենց Նիկոլ Փաշինյանն է, որի նյարդերը տեղի են տալիս, եւ նա արդեն հոգեպես ծանր վիճակում է հայտնվել:

Ուղեցույցը վերնագրել են՝ «2026թ. խորհրդարանական ընտրություններ․ ՔՊ դռնեդուռ արշավ»։ «Ինչո՞ւ է աշխատանքը դռնեդուռ» կարեւոր հարցին պատասխանում են հենց ՔՊ ուղեցույցում․ «Դռնեդուռ աշխատանքի հիմնական գաղափարը՝ մասնակցություն, վստահություն եւ թիրախավորված զրույցներ»։ Ըստ ուղեցույցի՝ «անձնական զրույցը վստահություն է ստեղծում, անձնական շփումն ավելի արդյունավետ է, քան գովազդը , սոցիալական մեդիան»։ Հատուկ շեշտվում է, որ նպատակ չկա բոլորին համոզելու․ «Մեր նպատակն է՝ մոբիլիզացնել աջակիցներին, համոզել չեզոքներին։ Կարեւորը՝ աջակիցներին բերել ընտրատեղամաս, չեզոքներին համոզել, որ ՔՊ ընտրելը կարեւոր է երկրի եւ երեխաների ապագայի համար»։ Այսինքն, ՔՊ-ում հասկացել են, որ միայն երդվյալ նիկոլականները կարող են այսքանից հետո իրենց ընտրել, ուստի նպատակը նրանց ընտրատեղամաս տանելն է։ Շեշտվում է՝ կարեւոր է, որ իրենց աջակիցներն անպայման մասնակցեն քվեարկությանը, ուստի ամեն գնով պետք է համոզել, որ հունիսի 7-ին գնան ընտրության: Օրինակ՝ այսպես․ «Ամեն դեպքում, Ձեր ձայնը շատ կարեւոր է, մենք ժողովրդավարական երկրում ենք ապրում 2018թ․-ից սկսած, երբ մեր երկրի ու երեխաների ապագան ձեր ձայներով է որոշվում։ Եվ ամենակարեւորը՝ սա ընտրություն է խաղաղության եւ պատերազմի միջեւ։ Խնդրում եմ՝ ընտրեք խաղաղությունը»։

Խորհուրդ են տալիս զրույցը վարել 1-3 րոպե տեւողությամբ, խոսել թոշակների 10 հազար դրամի եւ պարտադիր առողջապահական ապահովագրության մասին։ Անգամ նկարագրված է, թե դա ինչպես անել` դուռը թակել, ներկայանալ, ներկայացնել թիմը, ճշտել՝ ժամանակ կարո՞ղ են տրամադրել, շարունակե՞նք խոսակցությունը: Եթե ոչ, հանգիստ, առանց համոզելու հեռանալ։ «Դուռը մեղմ թակել․ կարող է փոքր երեխա քնած լինել, կարող է տանը առողջական խնդիր ունեցող մարդ քնած լինել։ Կանգնել մեկ քայլ հետ, ժպտալ, խոսել հանգիստ տոնով։ ․․․ Սկսել խաղաղության թեմայից: Օրինակ. «Մենք խնդրում ենք, որ դուք հունիսի 7-ին տեր կանգնեք խաղաղությանը՝ քվեարկելով ՔՊ-ի օգտին։ Դա Հայաստանի խաղաղ ապագան երաշխավորելու միակ տարբերակն է»։ Հարգել մարդկանց ժամանակը, եթե զբաղված են, շնորհակալություն հայտնել, անցնել առաջ։ Հարգալից վերաբերմունքը ձեւավորում է քաղաքական թիմի նկատմամբ վերաբերմունքը»,- ասված է ուղեցույցում։

Մի ուշագրավ արձանագրում եւս․ չնայած Փաշինյանն ամեն օր Երեւանի փողոցներում երեխաներին քաղցրավենիք ու քարտեզներ է բաժանում՝ առանց նրանց ծնողների թույլտվությունը հարցնելու, սակայն ուղեցույցում «կարեւոր սահմանափակում» կա. «Առանց ծնողների թույլտվության` երեխաներին ոչինչ առաջարկել չի կարելի»։ Ուղեցույցը կազմողները, պարզվում է, շատ խորամանկ ու նրբանկատ մարդիկ են: Նրանք քարոզիչներին հորդորում են. «Եթե դուռը ծնող է բացում, պետք է խոսել դպրոցների, մանկապարտեզների մասին՝ «ավելի լավ եւ առաջադեմ երկիր ժառանգել երեխաներին»։ Եթե տարեց մարդ է, շեշտադրել թոշակները, առողջապահական ապահովագրությունը, թոռների ապագան։ Եթե երիտասարդ է, խոսել կրթությունից, դեպի Արեւմուտք եւ զարգացող աշխարհ բացվող հնարավորություններից»։

Եվ՝ ինչպես արձագանքել մերժմանն ու վիրավորանքին․ «Եթե դուռը փակում են, չվիճել, չերկարացնել զրույցը։ Եթե մարդը հետաքրքրված չէ կամ փակում է դուռը, ընդունել որոշումը, քաղաքավարի հեռանալ։ Ասել՝ «շատ լավ, մաղթում ենք ձեզ լավ օր», կամ՝ «մեր բազմաթիվ աջակիցներն այդպես չեն կարծում», «ձեր բակի/գյուղի բնակիչների մեծ մասը հակառակ կարծիքի են»։

Եթե նկատեցիք` այս «պրիյոմների» մի մասը Նիկոլ Փաշինյանը սկզբում փորձում էր կիրառել, օրինակ` իրեն անհաջողություն մաղթող մարդուն ասում էր` ես Ձեզ հաջողություն եմ մաղթում, եւ այլն: Բայց, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ` երեւի ընտրողների կողմից չէին սպասում նման սուր արձագանք, դա է պատճառը, որ ՔՊ-ի վարչապետի թեկնածուն արդեն փողոցային լեքսիկոնով, ծամածռված դեմքով բղավում է տեսախցիկների առաջ եւ ափսոսում, որ բոլոր իրեն առարկողները պատերազմում չեն զոհվել: