«Հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ և հենց ընտրությունների օրը Երևանի կենտրոնում նախատեսվում է անցկացնել տարվա ամենամարդաշատ բացօթյա միջոցառումներից մեկը՝ «Երևանի Գինու Օրեր» փառատոնը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մինչ քաղաքացիները գնալու են ընտրատեղամասեր՝ որոշելու երկրի հաջորդ քաղաքական իշխանության կազմը, մայրաքաղաքի Սարյան, Թումանյան և Մոսկովյան փողոցներում նախատեսված են գինի, երգ ու պար, զբոսաշրջային հոսք, համտեսներ և զանգվածային ժամանցային միջոցառումներ։
Փառատոնի կազմակերպիչների ներկայացմամբ՝ այս տարի միջոցառումը կհամախմբի մինչև 100 գինեգործական ընկերություն և ավելի քան 250 գործընկեր։ Ծրագրում ներառված են գինու համտեսներ, վարպետաց դասեր, համադրման սեանսներ, կենդանի երաժշտական կատարումներ, արվեստային ու մշակութային ակտիվություններ, գործարար հանդիպումներ, խաղեր և ժամանցային միջոցառումներ։
Հատկանշական է, որ փառատոնի եզրափակիչ օրը համընկնում է 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված Ազգային ժողովի հերթական ընտրությունների օրվա հետ։
Այսպիսով, ընտրական կարևորագույն օրը Երևանի կենտրոնում նախատեսվում է լայնամասշտաբ հարբածություն՝ երգի, պարի և զբոսաշրջային ակտիվ հոսքի հնարավոր բոլոր հետևանքներով։ Հարց է առաջանում՝ արդյո՞ք նման մասշտաբի ժամանցային միջոցառման անցկացումը հենց ընտրությունների օրը չի կարող ազդել ընտրական գործընթացի կազմակերպման, հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների մասնակցության բնականոն ընթացքի վրա։
Փառատոնի մուտքն ազատ է, սակայն գինիներ համտեսելու և խաղարկություններին մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ «Գինին Վայելելու Փաթեթ», որը ներառում է բրենդավորված ապակե բաժակ, պատյան, գինու համտեսի 12 տոմսակ, խաղարկության կտրոն, թեմատիկ բացիկներ, ինչպես նաև տեղեկատվական բուկլետ՝ քարտեզով և ծրագրով։
Ահա այսպես, ընտրության օրը տոն է լինելու՝ «կզացնելու», «ասֆալտ ուտեցնելու», «լակոտներին բռնելու» խոսույթով»։

Բաց մի թողեք
Հազար սնարյադ է պայթել աչքիս առաջ, ի՞նչ անեմ, որ չեմ զոհվել․ Լուսանկար
Մեր ժամանակ էլ կային ընդդիմադիրներ, բայց դրա համար հո չէի՞նք ազատում մարդուն․ Լուսանկար
Հայաստանում դուրս չեն գալիս, որովհետեւ տուն ճանապարհելու օրը հունիսի 7-ն է