20/05/2026

EU – Armenia

ՌԴ ընտրությունները «թեժ են լինելու»․ կոմունիստները պատերազմը դադարեցնելու կոչ են արել

Ռուսաստանի պետական դումայի կոմունիստ պատգամավոր Ռենատ Սուլեյմանվը հայտարարել է, որ «հատուկ ռազմական գործողությունը» սպառնում է երկրի տնտեսությանը, ուստի այն պետք է դադարեցնել։

Այդ մասին առանց սկզբնաղբյուրի հղման տեղեկացրել է Բաքվի minval politika իշխանական կայքը։

Սուլեյմանովը մանրամասնել է, որ ՌԴ պետական բյուջեի շուրջ քառասուն տոկոսը հատկացվում է պաշտպանության և անվտանգության ոլորտներին, ինչը տանում է սղաճի և սոցիալական ու ներդրումային ծախսերի կրճատման։ Պատգամավորը շեշտել է, որ ռազմականացված տնտեսությունը սպառողական արժեք չի ստեղծում, և տևական պատերազմը «վերածվում է անկրելի ծանրության»։

Կոմունիստ Սուլեյմանովը նաև զգուշացրել է պատերազմի ավարտից հետո ծախսերի հնարավոր կրճատման հետ կապված խնդիրների մասին։ «Միլիոնավոր մարդիկ, որ զբաղված են պաշտպանության ոլորտում և բանակում, կպահանջեն աշխատանք և սոցիալական պաշտպանություն»,- հետկոնֆլիկտային շրջանի դժվարությունների մասին կանխատեսում է արել նա և հավելել, որ ահռելի միջոցներ էլ կպահանջվեն «նոր հողերում վերականգնողական ծրագրերի համար»։

Ավելի վաղ անդրադարձել ենք պետական դումայի ընտրություններում կոմունիստ և իշխող կուսակցության կողմից առաջադրվող «պատերազմի հերոս» թեկնածուների մրցակցության խնդրին։ Երևում է, Ռուսաստանի կոմկուսակցությունը մտադիր չէ մեծամասնական մոտ երկու տասնյակ ընտրատարածքների «քվոտան» զիջել զինվորականությանը, ուստի ակտուալացնում է պատերազմը դադարեցնելու անհրաժեշտությունը։

Բացառված չէ, իհարկե, նաև տարբերակը, որ Վլադիմիր Պուտինը նույնպես մտահոգված է երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակով և նույնիսկ քննարկում է Ուկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու հնարավորությունը, բայց այդ քայլին գնալու համար հանրային պահանջվածության մթնոլորտ է ստեղծում կոմունիստների միջոցով։

Ի տարբերություն հետխորհրդային մյուս երկրների, Ռուսաստանում կոմունիստական կուսակցությունը զգալի ազդեցություն ունի և համախմբում է միլիանովոր համակիրների։ Երկրի սոցիալ-տնտեսական խնդիրները չափազանց ակնառու են, ոչ մի քարոզչություն իրականությունը գունազարդել չի կարող։ Կոմկուսի առաջնորդ Զյուգանովը զգուշացրել է, որ 1917 թվականը կարող է կրկնվել։

Բոլշևիկներն, ինչպես հայտնի է, առաջնորդվում էին «իմպերիալիստական պատերազմը վերափոխել քաղաքացիականի» կարգախոսով։ Ռենատ Սուլեյմանովը խոսել է Ուկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու մասին։ Ռուսաստանի կոմունիստները, ամենայն հավանականությամբ, նախապատրաստվում են պետական դումայի թեժ ընտրությունների։