29/05/2026

EU – Armenia

ԵՏՄ երկրները Հայաստանի հետ կապված հայտարարություն են ընդունել

Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահները հայտարարություն են տարածել Հայաստանի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի կասեցման հնարավոր հետևանքների մասին՝ Եվրամիությանն անդամակցելու երկրի մտադրության պատճառով:

Կողմերը պնդում են, որ անհրաժեշտ է Հայաստանում հանրաքվե անցկացնել ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը շարունակելու ընտրության շուրջ:

«Մենք՝ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահներս, հաշվի առնելով Եվրոպական միությանն անդամակցությանն ուղղված Հայաստանի Հանրապետության գործողությունները, այդ թվում՝ 2025 թվականին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հավանություն տալը և Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացն սկսելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ստորագրումը, ինչպես նաև Եվրոպական միության կողմից 2026 թվականի մայիսի 5-ին ընդունված Հայաստան-Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունված Համատեղ հռչակագրում արտահայտված Հայաստանի Հանրապետության կառավարության եվրոպական ձգտումների վերահաստատումը: Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ միություն) անդամ պետությունների տնտեսական անվտանգության համար էական ռիսկերը, որոնք առաջանում են Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության նախապատրաստման հետ կապված, ինչպես նաև Միության անդամ պետություններին դրա հետ կապված վնասները կանխելու անհրաժեշտությունը:

Որոշում են ընդունել այն մասին, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամները Բելառուսի Հանրապետությունից, Ղազախստանի Հանրապետությունից, Ղրղզստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից 2026 թվականի դեկտեմբերին կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին կզեկուցեն Հայաստանի Հանրապետության նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողությունը կասեցնելու հնարավոր հետևանքների մասին։

Կիսում ենք դիրքորոշումը Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միությանն անդամակցելու կամ հետագայում Եվրասիական տնտեսական միության կազմում գտնվելու վերաբերյալ հնարավոր սեղմ ժամկետում համազգային հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ»,- ասվում է կողմերի համատեղ տարածած հայտարարության մեջ։