Վերջին օրերին կրկին ակտիվացել են քննարկումները՝ Տիգրանաշենն Ադրբեջանին հանձնելու իշխանությունների մտադրության մասին։ Քննարկումների նոր ալիքը հատկապես սրվեց, քանի որ Google Maps հարթակում փոխվել է բնակավայրի անվանումը` այժմ գրվում է Kyarki, որն այս գյուղի ադրբեջանական անվանումն է, իսկ «Տիգրանաշեն» տարբերակն այլեւս չի երեւում։
«Հրապարակ»-ը զրուցել է Պարույր Սեւակ եւ Տիգրանաշեն համայնքների վարչական ղեկավար Լյուդվիգ Ստեփանյանի հետ։
– Վերջին շրջանում շատ է խոսվում, որ իշխանությունները ցանկանում են Տիգրանաշենն Ադրբեջանին հանձնել։ Իշխանական մակարդակում ոչ միայն չի հերքվում, այլ նաեւ Նիկոլ Փաշինյանն անկլավների վերաբերյալ հարցին ի պատասխան նշել էր, որ, այո, ՀՀ տարածքում կան ադրբեջանական անկլավներ, որոնք պետք է վերադարձվեն։
– Նման խոսակցություններ ես չեմ լսել, ինչն էլ որ խոսվում է, խոսվում է հանրային մակարդակում։ Այսինքն՝ այն, ինչ լսել եք այդ բովանդակությամբ ու մոտեցումներով, այդ ամեն ինչը մենք լսել ենք։ Մեզ հետ գաղտնի խոսակցություններ չեն տարվում։ Մենք էլ գիտենք այնքան, որքան դուք։ Ինչ-որ բան հստակ ասելու համար պետք է իրավիճակին տիրապետես ու կարողանաս ճիշտ գնահատել իրավիճակը։ Ինքը համահայկական հարց է, ճիշտ չէ, որ իմ կարծիքն ասեմ։
– Այս լուրերին ինչպե՞ս են վերաբերվում գյուղի բնակիչները։
– Միշտ, բոլոր ժամանակներում այս խնդիրն առկա է եղել, տարբեր իրավիճակներ են ստեղծվել։ Ստեղծվել են պրովոկացիոն իրավիճակներ, ստեղծվել են նորմալ մոտեցումներ։ Մարդիկ այնպես, ինչպես ապրում էին, հիմա էլ շարունակում են ապրել, բոլորն էլ հասկանում են իրավիճակը, տեղյակ են իրավիճակից, բայց ոչ մեկը դրանից խուճապահար չի եղել, ադապտացվել են էդ խոսակցություններին ու ապրում են։
– Քանի՞ մարդ է այսօր ապրում գյուղում։ Գյուղի դպրոցը սեպտեմբերից փակվող դպրոցների թվո՞ւմ է։
– Գյուղում 40 տնտեսություն կա, մոտ 120 մարդ է ապրում։ Դպրոց ունենք, բայց շատ վատ կարգավիճակի է, արդյունավետ չէ։ Այնտեղ 4 երեխա է հաճախում։ Բայց գյուղում այլ երեխաներ էլ կան, ուղղակի իրենք հաճախում են Պարույր Սեւակի դպրոց, 3 կմ է հեռու ընդամենը։ Իրենք իրենց միջոցներով են երեխաներին բերում, մենակ առաջարկել ենք, որ տրանսպորտ տրամադրենք, ու լինելու է այդ տրանսպորտը։
– Սեպտեմբերից այդ 4 երեխաներն է՞լ են տեղափոխվելու Պարույր Սեւակ գյուղի դպրոց։
– Տեղափոխվում են, թե՝ չէ, դրա մասին բան չասեմ, բայց իմ կարծիքն ասեմ՝ արդյունավետության տեսանկյունից միանշանակ արդյունավետ է, որ երեխաները տեղափոխվեն։ 4 երեխա է մնացել, պատկերացրեք՝ ամեն դասարանում մի երեխա նստած, իրենք էլ են մեղք, կգնան, կշփվեն իրենց տարեկից երեխաների հետ, ավելի լավ պայմաններում կսովորեն։ Պարույր Սեւակի դպրոցը վերակառուցել են 300 դպրոցների ծրագրի շրջանակում։ Լավ կլինի, որ դպրոցը չփակվի, որ Տիգրանաշենում տնտեսությունը 40-ի փոխարեն 500 դառնա։ Միտքս այն չէ, թե մենք ինչ ենք երազում, այլ՝ այն, որ տվյալ իրավիճակում արդյունավետ կլինի այն, որ գան այստեղ։
– Դպրոցում դասավանդող ուսուցիչները ե՞ւս կապահովվեն աշխատանքով։
– Շատ հավանական է, որ տեղավորեն աշխատանքի, բայց դա այն հարցն է, որ ես չեմ կարող միանշանակ պատասխանել։ Նայած ստեղծված իրավիճակի, միգուցե բոլորն էլ այստեղ աշխատեն կամ մյուս գյուղերի դպրոցներում։
– Նախկինում Դուք հարցազրույցների ժամանակ բացառում էիք, որ մի օր Տիգրանաշենը կհանձնվի Ադրբեջանին, հիմա է՞լ եք բացառում։
– Բայց այնպես է, որ ես իմ տպավորությունն եմ ասել, որ չեմ կարծում, որ էդպես կլինի։ Ես չեմ ասում՝ բացառում եմ, թե չեմ բացառում, ես ասում եմ, որ հանրային տիրույթում տարածված տեղեկատվությունից բացի այլ ինֆորմացիայի չեմ տիրապետում։ Ես էսպես որ նայում եմ, իշխանություններն իրավիճակն են ներկայացնում, որ, գիտեք ինչ` մենք ունենք այս իրավիճակը, բայց էդ իրավիճակի մեջ կարող է փոխհամաձայնություններ լինեն, որ, օրինակ, Արծվաշենը Հայաստանին վերադարձվի։
– Տիգրանաշենի բնակիչները կամ անձամբ Դուք կգնա՞ք Արծվաշենում ապրելու։
– Ինձ համար, եթե Արծվաշենը լինի Հայաստանի Հանրապետության պաշտպանության տակ, այդ թվում համաձայնեցված լինեն բոլոր մուտքուելքերը, միգուցե։ Տիգրանաշենի բնակիչների փոխարեն ոչինչ չեմ կարող ասել, եթե նման իրավիճակ լինի, իրավիճակից բխող ելքեր էլ կգտնվեն։ Անլուծելի իրավիճակներ չկան։

Բաց մի թողեք
Կալասին շատ-շատ վարդերի մի փունջ առաքես
Փորձում են մեկուսացնել ու շարքից հանել մեր ամենաուժեղ, ամենավառ ներկայացուցիչներին. Արեգա Հովսեփյան
Ինքն իր տված խոստումների հիմնական մասը չի կատարել, բնականաբար, սա էլ չի անելու. Տեր Վրթանես